Հավաստիացրեց արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը երեկվա ասուլիսում
«Առավոտի» հարցերը
– Չնայած պաշտոնական բազմաթիվ հերքումներին, այնուամենայնիվ, տարածքների փոխանակման՝ մասնավորապես Մեղրիի վերաբերյալ լուրերը շարունակում են մնալ օրակարգում։ Ընդ որում՝ անգամ ոչ հայաստանյան պարբերականների եւ գործիչների, այլ արտերկրի, ինչպես «Շպիգելի» հրապարակումն էր կամ բարոնուհի Քոքսի բաց նամակը։ Հասկանալու համար՝ որքանով է լուրջ այս ամենը, պիտի խնդրենք Ձեզ պարզաբանել՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, որ 1999-ի հոկտեմբերի 20-ին Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել էր հակամարտության կարգավորման հատկապես այս տարբերակը։
– Ես այս հարցին բազմաթիվ անգամներ պատասխանել եմ։ Նման առաջարկություն հնչել է, բայց Հայաստանի կողմից դա որեւէ կերպ չի ընդունվել կամ արձանագրվել որպես սեղանի վրա եղող առաջարկ։ Այսքանը կարող եմ ասել։ Այսօրվա դրությամբ Հայաստանի համար շարունակում է մնալ Մինսկի խմբի կողմից պաշտոնապես ներկայացված «Ընդհանուր պետության» փաստաթուղթը որպես Հայաստանի կողմից ընդունված բանակցությունների հիմք։ Իսկ թե բանակցությունների, նախագահների երկխոսության ընթացքում կամ կողքից ինչպիսի նոր առաջարկություններ են հուշվել կամ տեղադրվել, պետք է ասեմ, որ ոչ միայն դա է, այլ բազմաթիվ այլ, եւ դրանց սպեկտրումը բավական լայն է։ Բայց այնքան ժամանակ, որ Հայաստանի նախագահի կամ լիազորված մարդկանց կողմից չի հայտարարվել, որ այս կամ այն տարբերակն այսօր համարում ենք լուրջ եւ սեղանի վրա գտնվող՝ պետք չէ նման մեկնաբանություններ անել։
Կարդացեք նաև
– Այնուամենայնիվ, Անվտանգության խորհրդի նիստում այդ հարցը քննարկվե՞լ է։
– Նախագահն իր գործընկերոջ հետ յուրաքանչյուր հանդիպումից հետո հրավիրում էր Անվտանգության խորհրդի նիստ եւ մանրամասն տեղեկացնում բոլորին, թե ինչպիսի քննարկումներ է ունեցել Ալիեւի հետ։ Այս պահին իրոք դժվարանում եմ, պետք է իմ մատյանները նայեմ, թե այդ օրը նախագահն ինչպիսի հարց էր ներկայացրել, ինչ է ասել։ Բայց միանշանակ կարող եմ ասել, որ յուրաքանչյուր հանդիպումից հետո, այո, եղել է նման հավաք, որտեղ նախագահը մանրամասն վերլուծել է եւ չի բացառվում, որ եթե նման առաջարկություն հնչել էր նախագահների՝ դրան նախորդող հանդիպման ընթացքում, դրա մասին նախագահը զեկուցած լինի Անվտանգության խորհրդի նիստում։
– Ադրբեջանի բազմաթիվ գործիչներ անընդհատ շրջանառում են այն թեզը, որ բանակցային գործընթացն իրեն սպառել է եւ պետք է վերսկսել ռազմական գործողությունները։ Վերջինն էլ Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն էր, որ պատերազմի վերսկսումն անխուսափելի է համարում։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այս հայտարարությունները։
– Լավ է, որ նշեցիք «նախկին» բառը եւ պետք է ասեմ, որ բոլոր այդ հայտարարությունները եղել են նախկինների կողմից՝ ե՛ւ ռազմական թեւի, ե՛ւ քաղաքական թեւի՝ դա լինի խորհրդական, արտգործնախարար, թե նախկին սպաներ։ Այնքան ժամանակ, որ պաշտոնապես Բաքվի կողմից որեւէ նման հայտարարություն չի արվում՝ մենք դեռեւս դա լուրջ չենք ընդունում։ Առավել եւս, մենք ունենք մեր միջոցներն այդ բոլորը գնահատելու՝ ե՛ւ սահմանի դրությունը, տեղի ունեցող տեղաշարժերը ե՛ւ առհասարակ, Ադրբեջանի բանակի իրավիճակի մասին։ Ես կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ այդ խոսակցություններն անհեթեթություններ են, անիմաստ են եւ մենք այսօր որեւէ ձեւով, որեւէ քայլ չենք մոտեցել պատերազմի վերսկսմանը։
– Իրակա՞ն են արդյոք լուրերը, թե նախապատրաստվում է ռոտացիայի նոր կարգի վերաբերյալ հրամանագիր, որով դեսպանի գործունեությունը հյուրընկալ երկրում պիտի սահմանափակվի 4 տարով։ Եթե այո, ո՞ր դեսպաններն են, որոնք անցել են այդ ժամկետը։
– Նախագահը այդ հարցն ինձ տվել է։ Ուղղակի այդ գործընթացը դեռ չենք սկսել։ Ես կարող եմ հաստատել, որ նախագահը մտածում է դրա մասին։ Դա իր լիազորությունների շրջանակում է՝ դեսպան նշանակել – ետ կանչել։ Նույնիսկ նման սահմանափակում նախագահի վրա պետք չէ դնել՝ 4 տարի կամ 5 տարի, որովհետեւ դա իսկապես նախագահի լիազորությունն է։ Համենայն դեպս գտնում եմ, որ որոշ չափով նաեւ դեսպանների գործունեության տեւողությունը պետք է կարգավորվի ինչ-որ մի ժամկետով։
Այլ հարցեր
Վարդան Օսկանյանը նշեց, թե Ղարաբաղի հիմնահարցի լուծման առումով առանձնակի առաջընթաց չկա, բայց կանխատեսեց՝ «մոտ ապագայում որոշ աշխուժացում կլինի»։ Այն հարցին, թե Հայաստանի ներքաղաքական իրավիճակն այլեւս խոչընդո՞տ չէ բանակցային գործընթացի վերսկսման համար, արտգործնախարարը պատասխանեց. «Այսօր ներքաղաքական իրավիճակը չի կարելի համեմատել նախորդ ամսվա կամ հունվարի հետ։ Օրեցօր, կարծում եմ, գնում է դեպի կայունացում։ Այնպես որ, Հայաստանը բանակցությունների մասնակցության առումով պատրաստ է»։
Արտաքին քաղաքականության խոստացված հայեցակարգի վերաբերյալ հարցին ի պատասխան տեղեկացվեց, որ «Արտաքին քաղաքականության օրակարգ» անվանյալ այդ փաստաթուղթն արդեն երկու ընթերցում էր անցել Անվտանգության խորհրդում եւ բազմաթիվ դիտողություններ, առաջարկություններ են եղել, որոնք հաշվի են առնվել. «Բայց դրանից հետո այդ գործընթացն ընդհատվել է»։ Այժմ, նախագահի՝ ԱԳՆ-ին առնչվող հրամանագրից հետո պրն Օսկանյանը հույս ուներ, որ կամբողջացնեն այդ փաստաթուղթը, չնայած մեր հայեցակարգը գրավոր ներկայացնելը, նրա համոզմամբ, ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր ունի. «Եվ դա հնարավոր է անել միայն այն դեպքում, երբ արդեն շատ ավելի լայն փոխհամաձայնություն կա ոչ միայն իշխանության, այլ նաեւ քաղաքական ուժերի շրջանակներում»։
Անդրադարձ եղավ նաեւ Վաֆա Գուլուզադեի այն հայտարարությանը, որ եթե չլիներ հոկտեմբերի 27-ը՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագիր էր ստորագրվելու (նման պնդում ԱՄՆ-ում արել էր նաեւ Հեյդար Ալիեւը)։ «Էն ժամանակ թող ասեր,- արձագանքեց պրն Օսկանյանը։- Նույնիսկ նախագիծ չկար այդպիսի, որը, կարելի էր ասել, թե այնքան մոտ էինք, որ հնարավոր էր Ստամբուլում ստորագրել։ Ո՛չ։ Բայց եթե 27-ի դեպքերը տեղի չունենային՝ հնարավոր էր, որ Ստամբուլում, փոխանակ շատ ընդհանուր ձեւակերպման՝ Ղարաբաղի հետ կապված լիներ շատ ավելի բովանդակալից փաստաթուղթ, որտեղ կարող էին արձանագրվել մի քանի ավելի կարեւոր սկզբունքներ, որոնց շուրջ նախագահները եկել էին կամ կարող էին մնացած երկու շաբաթների ընթացքում գալ համաձայնության»։
Արտգործնախարարին խնդրեցին գնահատել նաեւ այն փաստը, որ ԱԺ-ում մի «բավական ավտոնոմ» գործընթաց է ընթանում Հայաստանը Ռուսաստան-Բելառուսին մաս դարձնելու ուղղությամբ, իսկ գործադիր իշխանությունը կարծես անտեսում է այդ փաստը։ «Մենք չենք կարող սահմանափակել դա,- ասաց պրն Օսկանյանը։- Նրանք անկախ են աշխատում»։ Եվ կրկնեց բազմիցս արտահայտված պաշտոնական տեսակետը, որ այդ դաշինքին միանալը մեր օրակարգում չէ։
Վերջում նշենք, թե արտգործնախարարը համարում էր, որ մենք բազմաթիվ ձեռքբերումներ ունեցանք երկու տարի առաջ Հայ դատը արտաքին քաղաքականության օրակարգի հարց հռչակելուց հետո։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ