Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԲՈՂՋ ՃԱԿԱՏՈՎ ՀԱՐՎԱԾԵՆՔ ԻՄՊԵՐԻԱԼԻԶՄԻ ԳԻՇԱՏԻՉՆԵՐԻՆ

Ապրիլ 13,2000 00:00
Toto

Որեւէ մեկին, որեւէ կառույցի, որեւէ պետության, միության կպնելու, կցմցվելու, հայկական հին, բարի ավանդույթը շարունակվում է։

Մենակ, ինքնուրույն, սեփական յուղի մեջ տապակվել, կամ՝ սեփական տունը սեփական ձեռքերով սարքել հայերը չեն ուզում։ Անպայման հարկավոր է որեւէ բանի մեջ խցկվել։ Կասեք՝ աշխարհաքաղաքական դիրք, կասեք՝ համագործակցություն, կասեք՝ մի ծաղկով գարուն չի գա, կասեք՝ ինտեգրացիա։ Միացման գործընթացը շարունակվում է։ «Ռուսաստան-Բելառուս» միությանն անդամակցելու գործընթացը՝ հատուկ կարգով։ Միանալ եւ շենանալ, միանալ եւ բարգավաճել, միանալ եւ «համաձուլվել»։ Սա ես չասացի, սա երեկ, Ժուռնալիստի տանը հավաքված քննարկումների մասնակիցներից մեկն ասաց, մի ջահել եւ համակրելի երիտասարդ։ Հաստատ լեզվական սայթաքում էր։ Քննարկումը՝ «Հայաստանը Ռուսաստան-Բելառուս միությանն անդամագրվելու հեռանկարները» թեմայով էր։ Ըստ ծրագրի՝ հինգ ժամ տեւող քննարկմանը հայ կոմերիտականների, երիտասարդ կոմունիստների կողմից հրավիրվել էր նաեւ Աղասի Արշակյանը։ Ափսոս, չեկավ։ Իսկ ջահելները՝ հանրապետության բազմաթիվ բուհերի ուսանողներ, «լրջորեն» էին նախապատրաստվել քննարկմանը։ Յուրաքանչյուրը մի-մի ելույթ էր գրել, կարդացին այնպիսի պաթոսով եւ ոգեւորությամբ, որ կոմունիստների ժամանակ դեռ չծնված (կամ՝ նորածին) մի լրագրող նստած տեղում անհանգիստ շարժվեց. «Ամեն ինչ հասկանում եմ, բայց երիտասարդների այս կոմունիստական խանդավառությունը չեմ հասկանում»։ Դե, եթե ջահելներն իրար չեն հասկանում…

Մի շատ սիրունիկ արտաքինով աղջնակ, գրեթե Նադեժդա Կոնստանտինովնայի համոզվածությամբ (ելույթը խորհրդանշական էր նաեւ նրանով, որ հնչեց ռուսերեն) պնդում էր, որ իմպերիալիզմի գիշատիչների դեմ սերբերի պայքարը չթուլացավ նույնիսկ այն ժամանակ, երբ այդ նույն «գիշատիչները» ռմբակոծում էին նրանց։ Երիտասարդները համոզված էին, որ «միայն ժամանակով փորձված ռուսական օրիենտացիան» է մեր ազգի համար փրկության ճանապարհը։ Նրանք վստահորեն պնդում էին նաեւ, որ «Ռուսաստան-Բելառուս» միությանը Հայաստանի անդամակցությունը՝ ազատ ապրելու գլխավոր երաշխիքն է։ Եվ սուտ է, թե Հայաստանը կկորցնի իր անկախությունը՝ կախյալ վիճակում, որեւէ միության մեջ խցկված, նա ավելի քան անկախ կլինի։ (Աղասի Արշակյանը երեւի կհարցներ՝ իսկ դուք կարդացե՞լ եք միության մեջ մտնելու պայմանագիրն ու կանոնադրությունը)։

Մեծահասակներից խոսեց ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի անդամ Գագիկ Մանուկյանը, որը ջահելներին բացատրեց, թե որքան լավ բան է «Ռուսաստան-Բելառուսը», այնքան լավ, որ նույնիսկ «Ուկրաինան ձգտում է անդամակցել»։ Եթե Ուկրաինայի վիզն է ծուռ դեպի «Ռուսաստան-Բելառուս», մերն ինչո՞ւ ծուռ չլինի։ Մանավանդ, Ուկրաինայի նման ծռվածությունը խիստ մտահոգում է ԱՄՆ-ին։ Սա եւս Գագիկ Մանուկյանն ասաց։ ՀԼԿԵՄ Երքաղկոմի առաջին քարտուղար Մ. Թովմասյանը շատ լավ էր նախապատրաստել քննարկումները, ընտրված էր երիտասարդության առավել ակտիվ եւ կողմնորոշված մասը, բոլորը շատ լուրջ էին, խելացի եւ ելույթներին պատրաստվել էին ջանք ու եռանդ չխնայելով։

Չմոռանանք, որ ապրիլը նոր է սկսվել, իսկ սա պատահական ամիս չէ։ Ապրիլը յուրահատուկ է ոչ միայն նրանով, որ առաջին օրը սրախոսների եւ կատակասերների օրն է, այլեւ նրանով, որ Վլադիմիր Իլյիչը իր հայտնի թեզիսները եւս ապրիլին երկնեց։ Ապրիլը հատուկ է նաեւ դարի ծնունդով։ Այս տարվա ապրիլը եւս յուրահատուկ է՝ ավելի են ակտիվացել «Ռուսաստան-Բելառուս» միությանը Հայաստանին անդամակցելու վերաբերյալ միջոցառումները։ Հիշենք, որ խորհրդարանում ստեղծված համապատասխան խմբի մի շարք անդամներ ԱԺ ՀԿԿ խմբակցության ղեկավար Հրանտ Ոսկանյանի ղեկավարությամբ վերջերս են վերադարձել Մոսկվայից, որտեղ կրկին զբաղված էին նույն միությանն անդամակցելու հոգսերը հոգալով։

Ռուսաստա՞ն, թե՞ Արեւմուտք. այս երկվության մեջ տապակվում է Հայաստանում մնացած հայերի մի մասը, իսկ մյուս մասը շտապ-շտապ ճամպրուկներն է կապկպում եւ… առանց ետ նայելու՝ հեռանում դեպի նույն «իմպերիալիզմի» գիրկը։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930