2000 թ. փետրվարի 23-ից, ինչպես հայտնի է, ձերբակալվել էր «Ստեփանակերտ էլցանց» ՊՓԲԸ տնօրեն Վալերի Բալայանը, իսկ փետրվարի 26-ին փոխվել էր նրա նկատմամբ խափանման միջոցը եւ մեղադրանք հարուցվել ԼՂՀ քր. օր.-ի 183 հոդվածի առաջին մասով։ Մինչ օրս Վալերի Բալայանը կալանքի տակ է։
Մինչ ղարաբաղյան վերջին դեպքերը, Ստեփանակերտում հանդիպել եմ Վ. Բալայանի տիկնոջը՝ մասնագիտությամբ ճարտարապետ Մանուշակ Տիտանյանին։ Ըստ Մ. Տիտանյանի, իր ամուսնու դեմ հետապնդումները սկսվել են դեռ 1999 թ. օգոստոսից, երբ իշխանության մեջ փոփոխություններ տեղի ունեցան՝ Սամվել Բաբայանի հեռացումը եւ ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի նշանակումը։ «Մեր հեռուստատեսությամբ ուղիղ եթերով հաղորդում եղավ եւ ելույթ ունեցողների թվում էր Վալերի Բալայանը։ Ճիշտն ասած, երեւի սկիզբը այդտեղից եղավ, որովհետեւ դրա հենց հաջորդ օրն աշխատանքից հանեցին հեռուստատեսության տնօրենին։ Հետո ուրիշները նմանատիպ ելույթներ ունեցան թերթում՝ նույն թեմայով, որից հետո իշխանությունները հանեցին «Ազատ Արցախ» թերթի խմբագրին։ Ես համարում եմ, որ էդ օրվանից հենց իրական որսը սկսվեց։ Դրանից հետո սկսեցին անընդհատ, հաջորդաբար ստուգումներ լինել էլեկտրացանցում՝ սկսած սեպտեմբերից մինչեւ այսօր՝ անընդհատ»,- պատմում էր Մ. Տիտանյանը։ Վերջինիս կարծիքով, իշխանություններն իր ամուսնու կալանավորումը հնարավորինս մոտեցրին ԼՂՀ ԱԺ ընտրությունների օրերին, որպեսզի Վ. Բալայանը չմասնակցեր։
Վ. Բալայանի դեմ շուտով որոշ թերթերում տպագրվեցին եւ հնչեցին վարկաբեկիչ նյութեր։ Վ. Բալայանին լավ ճանաչողներից մեկը փոքր-ինչ ներկայացրեց նրա մասին որոշ բնորոշող մանրամասներ եւ, իհարկե, կատարվածին մեկնաբանություն տվեց։ Վ. Բալայանը դեռ 88 թվից՝ շարժման սկզբից, եղել է ե՛ւ ռազմական, ե՛ւ քաղաքական գործիչ, ԼՂՀ առաջին Գերագույն խորհրդի նախագահության անդամ, խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ապա նաեւ՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պետական կոմիտեի անդամ։ ԼՂՀ դաշնակցության ղեկավար դեմքերից մեկն է եղել՝ Ղարաբաղի դաշնակցական ջոկատների պատասխանատուն, եւ կոորդինացնում էր ջոկատների հետախուզական խմբերի գործունեությունը (դեռ 1991 թ.)։
«Ի տարբերություն շատ-շատ, այսպես կոչված, հրամանատարների, որոնք մեծ մասամբ կռվին մասնակցել են հեռվից հեռադիտակով նայելով կամ ռացիայով ղեկավարելով գործողությունները, լինելով առաջին գծում՝ մտել է կրակի մեջ։ … Մինչ Վալերիի գալը էլցանցի կորուստները կազմել են 60 տոկոս, իսկ Վալերին դա հասցրեց 20 տոկոսի»,- պատմեց Վ. Բալայանին լավ ճանաչող մեկը եւ նաեւ ավելացրեց. «… Էլցանցում աշխատավարձերի վճարումը կարգավորեց, գանձումների խիստ դրվածք դրեց։ Պետական մի շարք առանձնաշնորհյալ մարդիկ, որոնք մինչ այդ չէին վճարում էլեկտրականության համար, թեկուզ հենց նույն՝ բաբայանական, թիմից շատերի տան հոսանքը Վալերին անջատում էր։ Նույնիսկ եկել են Վալերիի վրա կռիվ, իսկ սա չէր նայում, թե ով որ թեւից է»։
Կարդացեք նաև
Վ. Բալայանը, փաստորեն, պոտենցիալ պատգամավորության թեկնածու էր՝ ոչ նախագահամետ թեւից։ Վ. Բալայանի կինը՝ Մ. Տիտանյանը հարուցված մեղադրանքը (պաշտոնական դիրքի չարաշահում) այսպես մեկնաբանեց։ Այսինքն թե՝ փակ արկղերի մեջ պահվող հաշվիչների հետ կապված բոլոր խախտումների պատասխանատվությունը, ըստ նոր կանոնների, կրում է էլցանցը։ Իսկ էլցանցը խախտումները հայտնաբերելով տուգանել էր խախտումներ կատարած բնակիչներին եւ բոլոր հարկերը մուծվել են պետությանը։ Պարզվել է, որ ԼՂՀ կառավարությունը նոր որոշում է կայացրել եւ նոր կանոնակարգ է ստեղծվել։ «Որոշումները, որոնք հանվում են կառավարության կողմից, ուղարկվում են համապատասխան նախարարություններին, վարչություններին եւ վարչակազմերին։ Քանի որ էլցանցը քաղաքի վարչակազմի տնօրինության տակ է, իհարկե, որոշումը քաղվարչակազմից ուղարկում են քաղաքային էլցանց։ Որոշումը ուղարկվել է քաղվարչակազմին, հետո Արցախէներգո է ուղարկվել, որը ոչ մի ադմինիստրատիվ կապ չունի էլցանցի հետ։ Էլեկտրացանց պիտի ուղարկեր քաղաքի վարչակազմը։ Փաստորեն, կանոնները տեղ չեն հասել, իրենք (Վ. Բալայանը- Ս. Ս.) առաջնորդվել են հին կանոններով, ըստ որի ոչ մի խախտում չի կատարվել»,- իրավիճակը ներկայացրեց Մ. Տիտանյանը։ Այսինքն՝ ըստ Վ. Բալայանին ուղղված մեղադրանքի, 32 բնակիչ տուժել են՝ սխալ են տուգանվել։
Փաստորեն, վերոշարադրյալից այն տպավորությունն է ձեւավորվում, որ «Ստեփանակերտ էլցանց» ՊՓԲԸ-ի այսօրինակ փոփոխություններն արվում են ոչ հանուն այդ հիմնարկի բարեփոխման։ Մանավանդ, որ ըստ Մ. Տիտանյանի՝ իշխանությունները մտադիր էին քաղաքի էլցանցը լուծարել եւ միացնել հանրապետականին, որպեսզի դրանով իսկ հանեին իր ամուսնուն՝ Վ. Բալայանին։
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ