Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐՈՎ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ ԵՆ ԲԱԶՄԱԹԻՎ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՈՒ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ

Ապրիլ 12,2000 00:00
Toto

Այս փաստաթղթերն «Առավոտի» տրամադրության տակ էին ավելի վաղ, սակայն չէինք հրապարակում՝ հաշվի առնելով, որ Հայաստանի ազգային հեռուստատեսության գործադիր տնօրենը հրաժարական է ներկայացրել։

Ակնհայտ է, որ այն ընդունելու մտադրությունն իսպառ բացակայում է, ՀԱՀ-ի տնօրենի գլխին կուտակված մութ ամպերը ցրվել են, ուստի այժմ բարոյական որեւէ արգելք կարծես չկա։

Ի դեպ, անձնավորված մոտեցման վերաբերյալ կասկածները փարատելու համար նշենք, որ «Առավոտը» հրապարակել էր նաեւ ՀԱՀ-ի նախկին ղեկավարի՝ Համլետ Գասպարյանի գործունեության վերաբերյալ ԱԺ վերահսկիչ պալատի ուսումնասիրության արդյունքները։ Ի դեպ, Համլետ Գասպարյանի օրոք ստուգողների առջեւ երբեք նման խոչընդոտներ չէին հարուցվել ինչպես այժմ։

ՀԱՀ-ի 1998 թ. եւ 1999-ի 9 ամիսների ֆինանսատնտեսական գործունեությունը ստուգելու փորձերն ամեն կերպ խոչընդոտվել էին՝ այս մասին ՀՀ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Գեւորգ Դանիելյանին ուղղված իր նամակում նշել էր ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչության պետ Ռ. Միրզոյանը։ Այս վարչության գլխավոր վերահսկիչ-վերստուգիչ 3 մասնագետներն էլ իրենց եզրակացության մեջ նշել էին, որ ստուգումներ սկսելու օրվանից՝ 1999-ի դեկտեմբերի 20-ից, ՀԱՀ-ի ղեկավարությունը եւ հեռուստաընկերության հաշվապահական հաշվառումը վարող «Աուդիտ-կենտրոնի» մասնագետները դիտավորյալ խոչընդոտում էին ստուգման բնականոն ընթացքը։ Ֆինանսների նախարարությունն էլ վարչապետ Արամ Սարգսյանին եւ գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին հունվարի 14-ին ստիպված տեղեկացրել էր այս ամենի մասին։

Հունվարի 19-ին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության աշխատակիցը ֆինանսների նախարարության աշխատակիցների հետ միասին այցելել էին հեռուստաընկերության գործադիր տնօրենին։ Ըստ վերոհիշյալ երկու փաստաթղթերում արված պնդումների (հետագա բոլոր փաստերը եւս մեջբերված են ֆինանսների նախարարության աշխատակիցների գրություններից), հանդիպման ընթացքում պայմանավորվել էին, որ այլեւս չի խոչընդոտվի ստուգման ընթացքը եւ անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի ստուգող մասնագետներին։

Սակայն ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվել էին ընդամենը 2 օր։ Հունվարի 21-ին նախ հեռուստաընկերության հաշվապահն էր հայտարարել, որ չի թույլատրում շարունակել ստուգումը, հետո նույնը պնդել էր Տիգրան Նաղդալյանը եւ արգելել ստուգող խմբի մուտքը ՀԱՀ-ի տարածք։

Հունվարի 25-ին ՀԱՀ-ի գործադիր տնօրենը զգուշացվել է, որ իր գործողությունները կարող են դիտարկվել որպես դիտավորությամբ ստուգման անցկացման խոչընդոտում, եւ ավելի ուշ ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչության պետը դիմել էր դատախազությանը՝ խնդրելով այս փաստին տալ քրեաիրավական գնահատական եւ ձեռնարկել համապատասխան միջոցներ ստուգումները շարունակելու, արձանագրված փաստերով ընկերությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։

Իսկ ընդամենը 1 ամսում եւ նման պայմաններում ստուգող խումբն այնուամենայնիվ պարզել էր, որ Հայաստանի ազգային հեռուստաընկերության ֆինանսատնտեսական գործունեության մեջ առկա են մի շարք խախտումներ, չարաշահման փաստեր, ապրանքանյութական արժեքների անօրինական դուրսգրումներ (արձանագրվել են 33 մլն 266 հազար դրամի անօրինական դուրսգրումներ) եւ այլ բացթողումների փաստեր։

Մեջբերենք խիստ մասնակի ստուգումներով բացահայտված չարաշահումներից մի քանիսը միայն (ընդհանուր առմամբ՝ դրանց շարադրանքը 3 ակտ է կազմում).

ա) ՀԱՀ-ի դրամարկղից 1998-ի հունվարին «Օ-Սոլեյ» ՍՊԸ-ի ներկայացուցչի անվամբ ելքագրվել է 200 հազար դրամ, իբրեւ կատարված ծառայության վճար։ Կատարված հանդիպակաց ստուգմամբ «Օ-Սոլեյ» ՍՊԸ-ի տնօրենի կողմից տրվել է տեղեկանք, ըստ որի այդ փաստն իրականությանը չի համապատասխանում եւ իրենց աշխատակիցն այդ դրամը չի ստացել,

բ) ՀԱՀ-ի կաթսայատնից առանց պատշաճ հաշվառման եւ հիմնավոր հաշվարկների դուրս է գրվել 195,8 տոննա մազութ եւ 1420 լիտր դիզվառելիք, ընդամենը՝ 12 մլն 833,2 հազար դրամի,

գ) 1998-ի օգոստոսին պայմանագիր է կնքվել ՀԱՀ-ի եւ «Ստեփլեր-գրաֆիկ-գրուպ» ֆիրմայի միջեւ՝ տեսասարքավորումներ ձեռք բերելու համար։ Պայմանագրի գումարը կազմել է 110 հազար դոլար։ 1998-ի օգոստոս-հոկտեմբերին «Ստեփլեր-գրաֆիկ-գրուպ» ֆիրման տրամադրել է 106 568 դոլարին համարժեք սարքավորումներ։ Այսինքն, 3414 դոլարի սարքավորում չի ստացվել։ Սակայն հաշվապահորեն այս պարտքը նշված ֆիրմայի անվամբ ցույց տրված չէր, այսինքն՝ այդ գումարը թաքցվել է հաշվառումից,

դ) Առանց համապատասխան կատարողական ակտերի 1998 թ. առաջին կիսամյակում «Աստղ» կոոպերատիվի անվամբ ելքագրվել է 12 մլն 267,4 հազար դրամ եւ ձեւակերպվել ծախսերով։

«Վերը նշվածից պարզ է դարձել, որ ընկերության ղեկավարությունն անօրինական ճանապարհով դադարեցրել է ստուգումները, որպեսզի չբացահայտվի ընկերության ֆինանսատնտեսական գործունեության իրական պատկերը»,- իրենց եզրակացության մեջ նշել են ֆինանսների նախարարության ստուգող խմբի ներկայացուցիչները։ Նրանք ընդգծել են, թե նշված խախտումներն ընդգրկում են Հայաստանի ազգային հեռուստատեսության 1998-99 թթ. 9 ամիսների ֆինանսատնտեսական գործունեության ժամանակաշրջանի շատ չնչին մասը, որով հնարավոր չէ ստուգումն ավարտված համարել եւ ավարտելու համար անհրաժեշտ է ծրագրով նախատեսված լիարժեք ստուգման շարունակումը։

Որքան տեղյակ ենք՝ անհետեւանք են մնացել ե՛ւ այս, ե՛ւ դատախազությանն ուղղված ֆինանսների նախարարության դիմումները։ Արժե՞ մեկնաբանել, թե ինչ դրդապատճառով։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930