Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽՈՒԺՈՒԹՅՈՒՆ ԴԱՆԱԿԱՎՈՐՆԵՐԻ ՇԱՐՔԵՐՈՒՄ

Ապրիլ 12,2000 00:00
Danak

Ինչպես արդարացիորեն նկատեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, նախկին պաշտոնյան Հայաստանում կարող է ունենալ երկու կարգավիճակ՝ ազգային հերոս /եթե մահացել է/ եւ հանցագործ /եթե ողջ է/: 98-ի ամռանը եւ աշնանը, երբ ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը իշխանության եւ ազդեցության գագաթնակետին էր, «Առավոտը» տեղեկացնում էր, որ «կամանդույուշչին» իրեն կամայականություններ է թույլ տալիս, ակնհայտորեն զբաղվում է բիզնեսով եւ քաղաքականությամբ, որոնք զինվորականի գործը չեն: Ի՞նչ էին մեզ պատասխանում հայաստանյան եւ արցախյան պաշտոնաթերթերը. որ մենք սեպ ենք խրում Հայաստանի եւ Ղարաբաղի մեջ, որ փորձում ենք նսեմացնել ազգային հերոսի վաստակը եւ այլն: Այսօր, երբ Սամվել Բաբայանն ընկել է, դանակավորներն այնքան են շատացել, որ հարկ է հիշեցնել՝ նա իսկապես ազգային հերոս է եւ բոլոր դեպքերում արժանի է հարգալից վերաբերմունքի: Թե չէ պաշտոնաթերթերից մեկը սկսում է վառ գույներով նկարագրել այսօր պատասխանելու հնարավորություն չունեցող պրն Բաբայանի չարագործությունները՝ ընդհուպ մինչեւ «կանանց որսը»: Իսկ մյուսը տեղադրել է ստալինյան «Պրավդայի» ոճով գրված «աշխատավորի նամակ», որն արժանի է մեջբերման. «Աշխուժություն է տիրում մայրաքաղաք Ստեփանակերտի փողոցներում եւ առհասարակ ամբողջ Ղարաբաղում: Մարդիկ քայլում են հպարտ, անհոգ, ազատ, ասես մի մեծ ծանրություն են գցել իրենց ուսերից: Վերջապես Արցախն ազատվեց Սամվել Բաբայանի լծից»:

Լրատվամիջոցների նման մոտեցումն արտահայտում է հասարակական տրամադրությունները, երբ մարդկային, բարոյական չափանիշները ստորադասվում են գերքաղաքականացված կրքերին: Մարդը եւ նրա անձնական ճակատագիրը ոչ ոքի, կարծես թե, չեն հուզում: Քաղաքական վերնախավում մարդիկ դարձել են պարզ խաղաքարտ, իրար դեմ պայքարելու միջոց։ Դա պարզորոշ երեւում է Ալեքսան Հարությունյանի օրինակի վրա։ Արդեն բազմիցս գրել ենք, որ նրան կալանավորել էին՝ միմիայն Ռոբերտ Քոչարյանին շանտաժելու նպատակով: Երբ նախագահը, ինչ-ինչ խորամանկությունների շնորհիվ, կարողացավ լեզու գտնել «երկրապահական» թեւի հետ, Ալիկին, բարեբախտաբար, պատրաստվում են բաց թողնել: Իսկ եթե հիշյալ թեւերը չպայմանավորվեին եւ գերիշխողը մնար «երկրապահական» կողմը, ապա, ստացվում է, որ հոկտեմբերի 27-ի հանցագործության հետ որեւէ կապ չունեցող մարդը կշարունակեր ամիսներով մնալ բանտում: Այսքանից հետո որեւէ մեկը կհավատա՞, որ մեր արդարադատությունն իրականացվում է օրենքի պահանջների համաձայն եւ ոչ թե՝ քաղաքական կոնյունկտուրայի, պալատական ինտրիգների եւ «իրավիճակի փոփոխությունների» ճնշման տակ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930