Թերեւս գնահատական նշանակելը դասատուների գործն է, բայց մենք մի քանի քաղաքական գործիչների խնդրեցինք «դասատու» դառնալ եւ գնահատական նշանակել նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման երկու տարիներին։ Հասկանալի է, որ գնահատականները խիստ տարբեր կարող էին լինել՝ կախված այն հանգամանքից, թե ո՞վ է նշանակողը։ Այսօր կներկայացնենք երկու խիստ հակադիր գնահատականներ։
Մեր խնդրանքին՝ գնահատել Ռոբերտ Քոչարյանի երկու տարվա աշխատանքը, Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Ոչինչ չեմ ուզում ասել։ Այդ հարցի պատասխանը ստանալու համար երեւի պետք է գտնել այնպիսի մարդիկ, որոնք ընդունակ են չարածներին գնահատական տալ։ Ես այդ մարդկանցից չեմ»։ Այնուամենայնիվ, պրն Խաչատրյան, կարծում եմ, դուք ասելիք ունեք։ «Ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե 98-ից երկու տարի հետո այսպիսի վիճակ կարող էր լինել Հայաստանի Հանրապետությունում։ Ամեն ինչ, եթե հիշում եք, սկսվեց 98-ի փետրվարին, իբրեւ թե հանուն Ղարաբաղի հարցի կարգավորման։ Ցավոք սրտի, հետո պարզվեց, որ Ղարաբաղը ընդհանրապես պատրվակ է։ Ղարաբաղի հարցը այս իրավիճակում կարծես թե երկրորդական է դարձել։ Ստեղծված իրավիճակից այսօր դժգոհում են հիմնականում նրանք, ովքեր 98-ին աջակցում էին Քոչարյանին։ Այն ցանկությունները, որ կային թղթի վրա գրված, մնացին որպես թղթի վրա գրված ցանկություններ։ Շատերը փորձում են այս վիճակի մեղավորներ գտնել, եւ կարծես իշխանությունը հարցի լուծման ձեւը գտել է՝ հաշվի առնելով 30-ականների փորձը, երբ անհաջողությունների մեջ մեղադրվում էին ուրիշները, եւ կարեւոր չէր, թե ովքեր էին նրանք։ Հիմա էլ փորձում են մեղավորներ գտնել։ Կարեւորը՝ մեղավորի կերպարի անհրաժեշտությունն էր, եւ դա ներկայացվում է։ Մեղավորների փնտրտուքի մեջ բարձրացվեց «նախկինների հարցը»։ Խոսում են այն մարդիկ, ովքեր իբրեւ թե նախկինների հետ կապ չունեն, եւ կարծես թե 3 կամ 5 տարի առաջ պաշտոններ չեն զբաղեցրել կամ իշխանական լծակներ չեն ունեցել։ Մոռացել են, որ կա պետություն, որ իրենք պատասխանատու են այդ պետության գոյության, քաղաքացիների կեցության եւ անվտանգության համար։ Մոռացել են, որ հոկտեմբերի 27 է եղել, եւ պետությունն այդպիսի կորուստներ է ունեցել։ Չեն ուզում հասկանալ, որ հենց 27-ի գործի բացահայտումը կարող է ակնկալվող հաջողությունների գրավականը դառնալ։ Իսկ մինչ այդ, մարդիկ իրենց գնահատականը յուրովի են տալիս, արհամարհելով ամեն ինչ՝ ե՛ւ պետություն, ե՛ւ իշխանություն, ե՛ւ հայրենիք, հավաքում են եղած-չեղածը եւ առանց ետ նայելու, նեղացած հեռանում։ Սա՛ է երկու տարվա գնահատականը»։
Ո՞ր ուժն է նախագահի քաղաքական հենարանը հարցին ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը պատասխանեց. «Անգամ Սերժ Սարգսյանը մի քանի ամիս առաջ ասաց, որ չարժե հենարան բառն օգտագործել։ Ես կարծում եմ, մեզ համար լիովին բավարար կլինի, եթե նաեւ հետագայում լուրջ, սերտ համագործակցություն լինի քաղաքական մեծամասնության եւ հանրապետության նախագահի միջեւ»։ Նախագահի երկու տարվա աշխատանքը գնահատելիս, Տիգրան Թորոսյանը մի շարք հանգամանքների մասին անպայման ուզեց խոսել. «Առաջինը՝ նախագահական ընտրությունների ժամանակ մի խումբ քաղաքական գործիչներ ահաբեկում էին, թե ահա-ահա, Հայաստանի նկատմամբ կկիրառվեն տնտեսական սանկցիաներ եւ Ղարաբաղի հարցում շատ ավելի վատ լուծում կառաջարկվի։ Նման բան չկատարվեց, եւ եթե հիշում եք՝ սրբագրվեց Ստամբուլում այն, ինչ Լիսաբոնում էր տեղի ունեցել։ Փաստորեն, սկսվեցին բանակցությունները նախագահ Քոչարյանի եւ նախագահ Ալիեւի միջեւ, եւ եթե հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունները չլինեին, կարծում եմ, արդեն բանակցություններն ավարտված կլինեին։ Այնուամենայնիվ, եռանախագահները մի քանի անգամ եղել են ԼՂՀ-ում եւ Հայաստանում։ Երկրորդը՝ ներքաղաքական կյանքը էականորեն բարելավվեց մինչեւ հոկտեմբերի 27-ը։ Եւս մեկ բան՝ ընտրությունները մայիսի 30-ին անցան անհամեմատ ավելի լավ, արդար, քան նախորդ ընտրությունները։ Կարծում եմ, նախագահը, կառավարությունը եւ ԱԺ-ի մեծամասնությունն իրենց մեջ ուժ կգտնեն լիարժեք համագործակցության եւ կոնկրետ քայլեր անելու, եւ, ի վերջո, ժողովուրդը, որը ձայներ է տվել ե՛ւ «Միասնությանը», ե՛ւ հանրապետության նախագահին, կտեսնի իրական տեղաշարժեր, կոնկրետ քայլեր, որ կատարում է իշխանությունը»։
Կարդացեք նաև
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ