«Առավոտի» թղթակիցներից մեկը, երազում տեսնելով ԼՂՀ նախագահին՝ աշխույժ ֆուտբոլ խաղալիս, իսկույն կապվեց Միքայելյանի անվան հիվանդանոցի հետ, ուր մահափորձից հետո ապաքինվում է Արկադի Ղուկասյանը ու պարզեց հետեւյալը: Ապրիլի 10-ին, հուրախություն բոլորիս, ԼՂՀ նախագահը առաջին անգամ կարողացավ սայլակի մեջ նստել եւ «զբոսնել»: Բժիշկները վստահ են, որ Արկադի Ղուկասյանը շուտով կկարողանա քայլել եւ ամենայն հավանականությամբ՝ նաեւ ֆուտբոլ խաղալ:
ԽԱՍԻԱԹ
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ էր նաեւ, որ լրատվամիջոցների ղեկավարները հայտարարություն ընդունեցին ի պաշտպանություն լրագրող Վահրամ Աղաջանյանի։ Մի հետաքրքրական մանրամասն. Նիկոլ Փաշինյանը նախապես «Իրավունքի» աշխատակցից «միամտորեն» հետաքրքրվել է, թե ինչի մեջ է մեղադրվում նրանց թղթակիցը։ Տեղեկանալով, որ մեղադրանքը նույնն է, ինչպես եւ իրեն առաջադրվածը՝ զրպարտություն, Նիկոլ Փաշինյանը զարմացել է. «Չլինի՞ էլի Արտաշես Գեղամյանն է բողոքել»։
Կարդացեք նաև
ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
Երեկ ՀՀ վաճառականների միությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում իր դժգոհությունն էր հայտնում հաշվիչ-դրամարկղների ներդրումը երկու ամսով հետաձգելու կառավարության որոշման կապակցությամբ։ Ըստ վաճառականների՝ կառավարությունը հերթական անգամ ցույց տվեց, որ բավարարվելու է կոսմետիկ լուծումներով եւ փոքր ձեռնարկությունների համար պատրաստվում է մտցնել պարզեցված վճարումների համակարգ։