Ուրեմն ինչ որ մեկը խիստ շահագրգռվա՞ծ էր, որ «Արմենիան» վաճառվի հենց 8 մլն-ով, այլ ոչ 10 մլն-ով։ Համադրե՞նք սա շարունակական ասեկոսեների հետ, որոնք հնչում են անգամ ԱԺ-ի ամբիոնից, արդյունաբերության եւ առեւտրի նախարար Գառնիկ Նանագուլյանի՝ «Արմենիայի» համար ստացած կաշառքի եւ Հայաստանի նախկին վարչապետի՝ Մոսկվայում 700 հազար դոլարով գնած տան վերաբերյալ։
Ի վերջո, «Արմենիա» հյուրանոցի պետական 80% բաժնեմասը վաճառվեց 8 մլն դոլարով, որից 3 մլն-ը հողի վարձ էր։ Թերեւս միայն պատմությա՞ն համար արձանագրենք, որ Արմեն Դարբինյանի կառավարությունը (ենթադրելի պատճառներով) անտեսեց ավելի լավ պայմաններ առաջարկող գնորդին։ Ընթացած գրագրությունից ներքոբերյալ հատվածները հստակ պատկերացում են հաղորդում, թե ինչպես դա կատարվեց։
Վաչե Մանուկյանը՝ Գառնիկ Նանագուլյանին
«Հարգելի պրն նախարար։ Սույնով հաստատում եմ մեր շահագրգռվածությունն «Արմենիա» հյուրանոցի գնման հարցում՝ այն միջազգային հինգաստղանի հյուրանոցի վերածելու նպատակով։ (…) Ցանկանում եմ հաստատել մեր պատրաստակամությունը ՀՀ կառավարության հետ սկսել բանակցություններ «Արմենիա» հյուրանոցի գնման շուրջ»։
Կարդացեք նաև
15-ը դեկտեմբերի 1997 թ.
Գառնիկ Նանագուլյանը՝ Վաչե Մանուկյանին
«ՀՀ կառավարությունը ներկայումս էքսկլյուզիվ բանակցություններ է վարում East-Western Financial Services Ltd ընկերության նախագահ պրն Կառլ Բազարյանի հետ, որն արդեն առաջարկ է ներկայացրել «Արմենիա» հյուրանոցի գնման վերաբերյալ։ Եթե նշված բանակցությունները ձախողվեն, ՀՀ կառավարությունն անմիջապես կանդրադառնա Ձեր առաջարկությանը»։
16-ը դեկտեմբերի 1997 թ.
«Մերիլ Լինչը»՝ Վաչե Մանուկյանին
«Եթե Դուք պատրաստ եք «Արմենիա» հյուրանոցի համար ներկայացնել 12 մլն ԱՄՆ դոլարով գնման առաջարկ, կառավարությունը պատրաստ կլինի Ձեզ բացառիկ պայմաններով տրամադրել 90 օր՝ փաստաթղթերի ուսումնասիրությունն ավարտելու համար»։
23-ը փետրվարի 1998 թ.
Վաչե Մանուկյանը՝ «Մերիլ Լինչին»
«Մենք պատրաստ ենք «Արմենիա» հյուրանոցի համար առաջարկել 10 մլն ԱՄՆ դոլար։ (…) Մենք նպատակ ունենք վերակառուցել եւ արդիականացնել հյուրանոցի հարմարությունները եւ գույքը՝ դրանք հասցնելով միջազգային բարձր չափանիշների՝ դրա համար կատարելով մինչեւ 30 մլն ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրում (…)։ Արդեն իսկ խորհրդակցություններ են անցկացվել Forte, Sheraton եւ Hyatt հյուրանոցային ընկերությունների հետ եւ մենք նպատակ ունենք ընտրելու (կառավարման համար- Ա. Ի.) դրանցից լավագույնին»։
13-ը մարտի 1998 թ.
Վ. Հիգսոնը՝ «Մերիլ Լինչին»
«ՀՀ կառավարությանը խորհուրդ եք տվել ընդունելու «Արմենիա հյուրանոցի վերաբերյալ մյուս մասնակցի առաջարկը եւ կառավարությունն ընդունել է այդ առաջարկը։ Այս ամենը շատ ավելի տարօրինակ է թվում նաեւ այն պատճառով, որ ապրիլի 14-ին Գառնիկ Նանագուլյանից ստացանք նամակ առ այն, որ որոշման կայացումը հետաձգվել է մինչեւ ամսվա վերջը (պատճենը կցվում է)։ Դուք (Վաչե Մանուկյանի ներկայացուցիչ, իրավաբան Վ. Հիգսոնն այս նամակն ուղղել է «Մերիլ Լինչ» ընկերության վարչության տնօրեն Փոլ Փիթմանին։ Պատճեններն ուղարկվել են Գառնիկ Նանագուլյանին եւ Վահրամ Ավանեսյանին- Ա. Ի.) պրն Մանուկյանին գրել եք փետրվարի 23-ին։ Այդ նամակից հետո հանդիպել եք պրն Մանուկյանին՝ հարցը քննարկելու համար եւ խորհուրդ տվել, որ նա հյուրանոցի համար առաջարկի X մլն ԱՄՆ դոլար, որի մեծամասնությունը պետք է վճարվի անմիջապես՝ կանխիկ։ Դուք նշեցիք, որ այդ դեպքում մեր առաջարկը կգերազանցի պրն Բազարյանի առաջարկը եւ ավելի գրավիչ կլինի կառավարության համար, քանի որ այն կնախատեսի հիմնականում կանխիկ դրամի վճարում, մինչդեռ պրն Բազարյանի առաջարկը տարբեր նախապայմաններ է նախատեսում։ Դուք պրն Մանուկյանին հավաստիացրիք, որ այդպիսի պայմաններ պարունակող առաջարկը կարժանանա «Մերիլ Լինչի» հավանությանը։ Դուք չասացիք, թե առաջարկին կից պետք է ներկայացվեն փաստաթղթեր՝ հարցը ոչ թե գրագրությունն է, այլ դրամը։
Նշված հանդիպումից հետո պրն Մանուկյանը մարտի 13-ին Ձեզ հղեց մի նամակ, որն իրենից ներկայացնում էր Ձեր խորհուրդները պարունակող առաջարկ։ Եթե այդ ժամանակ Դուք մեզ պատասխանեիք՝ շեշտելով, որ փաստաթղթերի բացակայությունը խնդիր է առաջացնում եւ, որ մենք պարտավոր ենք ավարտելու փաստաթղթերի ուսումնասիրությունը մինչեւ գործարքի ավարտի օրը, ապա մենք արդեն 5 շաբաթ զբաղված կլինեինք փաստաթղթերի ուսումնասիրությամբ եւ պայմանագրի նախագիծն արդեն իսկ պատրաստ կլիներ։ Դուք այդ մասին մեզ չեք հայտնել (…)։ Ակնհայտ է, որ պրն Մանուկյանի հետ Ձեր հանդիպումից հետո պրն Բազարյանին խորհուրդ է տրվել ավելացնել իր սկզբնական առաջարկում նշված գինը եւ, հավանաբար, նվազեցնելու դրանում նշված նախապայմանների թիվը։ Դա նշանակում է, որ հյուրանոցի վերաբերյալ անցկացվել է աճուրդ, բայց ո՛չ ավանդական ձեւով։ Պրն Մանուկյանի առաջարկից հետո պրն Բազարյանին թույլ տրվեց ներկայացնել նոր առաջարկ, սակայն դրանից հետո աճուրդավարն իջեցրեց մուրճը՝ առանց հարցնելու, թե արդյոք կա՞ն այլ առաջարկներ։ Գտնում ենք, որ մեզ թյուրիմացության մեջ են գցել։ Եթե «Մերիլ Լինչն» այս վաճառքն իրականացնում է աճուրդի տեսքով, ապա մենք որեւէ առարկություն չունենք՝ պայմանով, որ մեզ տեղեկացրել են աճուրդի կանոնների մասին եւ այդ կանոնները բոլորի համար միեւնույն են։ Բայց, չնայած Ձեր ասածին, որ Դուք հավանություն կտաք մեր առաջարկին, Դուք փաստորեն այն անտեսեցիք եւ շպրտեցիք գործընթացից դուրս։ Չեմ հասկանում, թե դա կարելի է անել գործելով կառավարության շահերից։ Ո՞րն է պրն Բազարյանի հետ գործարքը կնքելու եւ պրն Մանուկյանին բացառելու շարժառիթը (…)։ Հաշվի առնելով, որ Հայաստանի անկախությունից ի վեր ամենախոշոր մասնավոր ներդրումները Հայաստանում կատարել է անձամբ պրն Մանուկյանը, ավելի տարօրինակ եւ մտահոգիչ է դառնում այն հանգամանքը, որ որոշումը կայացվել է առանց սկզբից իր հետ զրուցելու՝ ելնելով գոնե տարրական քաղաքավարությունից»։
16-ը ապրիլի 1998 թ.
«Մերիլ Լինչը»՝ Վաչե Մանուկյանին
«1. Ինչ վերաբերում է Ձեր նամակում նշված այն պնդմանը, որ մենք, Ձեր կարծիքով, չենք գործում մեր հաճախորդի՝ Հայաստանի Հանրապետության շահերից, ապա առաջարկում ենք այդ հարցը քննարկել անմիջապես մեր հաճախորդի, եւ ոչ թե մեզ հետ։
2. Որպես ՀՀ կառավարության ֆինանսական խորհրդական, «Մերիլ Լինչը» որեւէ ձեւով պարտավոր չէ բացատրել իր դիրքորոշումը մրցույթի որեւէ մասնակցի կամ որեւէ անձի՝ բացառությամբ մեր հաճախորդի։
3. (…)։ Մարտի 13-ի Ձեր պատասխանը թերի էր թե՛ գնման գնի, թե՛ վճարման ժամկետների եւ թե՛ հյուրանոցային կառավարման ընկերության մտադրությունների մասին նամակի պահանջի առումով»։
23-ը ապրիլի 1998 թ.
Վ. Հիգսոնը՝ «Մերիլ Լինչին»
«Մենք պնդում ենք (…), որ մեզ թյուրիմացության մեջ եք գցել եւ սեփականաշնորհման գործընթացն անցկացրել ոչ արդարացիորեն՝ վնաս հասցնելով մի կողմին, հօգուտ մյուս կողմի։ (…) Ձեր պատասխանից երեւում է, որ Դուք չպետք է լավագույն առաջարկ որոնեիք, այլ ընդամենը գործեիք կառավարության հրահանգներով, դա, ըստ էության, նշանակում է, որ կառավարությունը (կամ նրա անդամները) «Մերիլ Լինչից» խնդրել են լավագույն առաջարկ ստանալ մյուս կողմից, սակայն չստանալ լավագույն առաջարկ պրն Մանուկյանից։ (…) Գործընթացը դարձել է միակողմանի եւ լավագույն առաջարկի ստացման նպատակն այլեւս էական չի համարվել եւ բոլոր հետագա քայլերն արվել են ընդամենը նախօրոք որոշված մասնակցին մրցույթի հաղթող ճանաչելու նպատակով»։
28-ը ապրիլի 1998 թ.
Վ. Հիգսոնը՝ «Մերիլ Լինչին»
«Ինչպես հասկացա, «Արմենիա» հյուրանոցի սեփականաշնորհումը շուտով կավարտվի կամ արդեն ավարտվել է ավելի քան անբավարար ձեւով։ Ինչպես ակնկալվում էր, մասնակիցն ի վիճակի չեղավ վճարելու պահանջվող 10 մլն ԱՄՆ դոլարը (…)։ Արդյունքում Ձեզ չհաջողվեց ամբողջությամբ սեփականաշնորհել օբյեկտը եւ կառավարությունը ստիպված եղավ ֆինանսավորելու օբյեկտի ձեռքբերման արժեքի 20 տոկոսը (…)։ Բացի դրանից, գործարքի ավարտը հետաձգվել է շատ ավելի ուշ օրվա, քան այն օրը, երբ մենք առաջարկում էինք վճարել օբյեկտի ամբողջ գինը։ Կարծում ենք, որ այս հանգամանքներում անհրաժեշտ է կառավարությանը խորհուրդ տալ վերադարձնել մասնակցի ավանդը (եթե նա այդպիսին վճարել է) եւ վերսկսել բանակցությունները մեզ հետ՝ գործարքն ավարտելու նպատակով. այս դեպքում Հայաստանը կստանա ավելի շատ գումար»։
1-ը սեպտեմբերի 1998 թ.
Վաչե Մանուկյանի ներկայացուցիչը պնդում էր, թե այս գործարքն ընթացել է թերի թե՛ տրամաբանական, թե՛ ֆինանսական տեսանկյունից ու նաեւ՝ «Աճուրդի մասնակիցներից մեկը դուրս է մղվել մինչեւ մուրճի իջեցումը»։ Հավելենք սրան ե՛ւ խոստացված ներդրումների, ե՛ւ կառավարության որոշումներով սահմանված ֆինանսական պարտավորությունների, մասնավորապես՝ զբաղվածության երաշխիքների խախտումները եւ հիշեցնենք, որ Արմեն Դարբինյանն ու Ռոբերտ Քոչարյանն «Արմենիա» հյուրանոցի սեփականաշնորհումը հռչակել էին մեր լավագույն գործարքներից մեկը…
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ