Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐԸ ԱՌԱՅԺՄ ԽԱՂԱՂ ԵՆ

Ապրիլ 11,2000 00:00
Noyemberyan

Վանո Սիրադեղյանի խորհրդավոր անհայտացումից հետո Երեւանում լուրեր տարածվեցին, թե Նոյեմբերյանում իրենց հայրենակից պատգամավորին աջակցելու նպատակով միտինգ է նախապատրաստվում։ Այս լուրը ճշտելու եւ, առհասարակ, նոյեմբերյանցիների տրամադրություններն իմանալու նպատակով «Առավոտը» եղավ Նոյեմբերյանում։ Դիլիջանից սկսած մինչեւ Նոյեմբերյան ռազմական ոստիկանության 4-5 նոր կետեր էին հայտնվել։ «ՌՈ» թեւկապներով, զինված ոստիկանները կանգնեցնում էին մեքենաները, երթուղային տաքսիները, մանրամասն զննում թափքը։ Մեր հարցին՝ ո՞ւմ կամ ի՞նչ են նրանք փնտրում, ոստիկանները չպատասխանեցին։ Սակայն մեքենայի վարորդը ճշտեց, որ հետախուզում է հայտարարված, եւ փնտրում են… Վանո Սիրադեղյանին։ Քանի որ մեր մեքենայում նրան չգտան, շարունակեցինք ճանապարհը։

Ճանապարհներին, ի դեպ, հազիվ մի քանի հոգու հանդիպես. գյուղերը համարյա դատարկ են։ Կոնկրետ Նոյեմբերյանում, երբ զրուցում էի տեղացիների հետ, որեւէ էմոցիա քաղաքական գործիչների կամ վերջին իրադարձությունների վերաբերյալ համարյա չնկատեցի. օրվա հացի կարոտ մարդիկ են, որոնց այլեւս դադարել է հետաքրքրել երկրի անցուդարձը։ Իրենց մարզից ընտրված պատգամավորի անհայտ ճակատագիրը նրանց մտահոգում է այնքան, որքան այդ վիճակում հայտնված ցանկացածինը. լոյալ տրամադրություններ են։ Զրուցակիցներիս մեծ մասին անհասկանալի էր, թե ինչու է ինձ հետաքրքրում իրենց վերաբերմունքը. «Մարդ է, է՛լի, թող դատարանը մտածի։ Էդ մարդուց ի՜նչ եք ուզում։ Հետեւից ընկա՜ա՜ծ՝ փախցրիք։ Ձե՛ր դարդից փախավ»։

Ցույց, միտինգ կամ բողոքի այլ ձեւ նոյեմբերյանցիները չեն ընդունում եւ չեն պատրաստվում «կիրառել»։ Նրանք առայժմ սպասում են արդարադատությանը, բայց ոչ թե դատարանից, այլ՝ Աստծուց։

Լ. Ա.

ՎՃԱՐՎԵԼ ԵՆ ՀՈՒՆՎԱՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ

Toshak

Տավուշի մարզի 4 քաղաքների կենսաթոշակառուները, որոնք ապրիլի առաջին օրերին ստացան հունվարի 51,5 մլն դրամ ընդհանուր գումարով թոշակը, կարողացան մարել էլեկտրաէներգիայի, ջրի, հեռախոսի վարձերի, կուտակված այլ պարտքերի միայն մի չնչին մասը: Սոցիալական գերլարվածությունն այլեւս անկարող են հաղթահարել նպաստառու ընտանիքները, որոնք դեռեւս չեն ստացել փետրվար եւ մարտ ամիսների իրենց հասանելիք գումարները: Ի դեպ, հավաստի աղբյուրների վկայությամբ, մարզի նախկինում սոցիալապես առավել կարիքավոր ճանաչված 3584 ընտանիքներ այս տարվա հունվարից զրկվել են նպաստից:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930