Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՌԱՅԼԱԾԻՆ

Ապրիլ 11,2000 00:00
Robert Qocharyan

Մեկ տարի առաջ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասուլիս էր հրավիրել իր մեկ տարվա պաշտոնավարության կապակցությամբ: Ասուլիսի ժամանակ նա լրագրողներին բաժանեց մի գրքույկ, որում նկարագրված էին Հայաստանի տնտեսական նվաճումները, որոնք ձեռք էին բերվել իր հմուտ ղեկավարության շնորհիվ: Այս ապրիլին ասուլիս չհրավիրվեց եւ, համապատասխանաբար, գրքույկ չբաժանվեց՝ ենթադրելի է, որ նվաճումներ չկան: Բացի այդ, վերջերս պարզվեց, որ նախագահը Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարը չէ, եւ երկրի տնտեսական վիճակի համար պատասխանատու չէ: /Չնայած մեկ տարի առաջ, «նվաճումների գրքույկը» տպելով, կարծես թե պատասխանատու էր/:

Բայց եթե չկա, մեղմ ասած, տնտեսական առաջընթաց, դա ամենեւին չի նշանակում, որ իշխանությունն ընդհանրապես զուրկ է խոսելու թեմաներից։ Չունենալով վառ նվաճումներ սոցիալ-տնտեսական եւ քաղաքական բնագավառներում, նախագահը կենտրոնացել է իր նախկին զինակիցներին, այսպես կոչված «նախորդ իշխանություններին» քարկոծելու վրա՝ մոբիլիզացնելով այդ գործի համար իր բազմաթիվ «քաղաքական հենարաններին» ու ողջ քարոզչական մեքենան: Քանի որ հնարավորություն չկա խոսելու ներդրումների, նոր աշխատատեղերի, տնտեսական աճի եւ այլ դրական տեղաշարժերի մասին /քանզի դրանք ակներեւաբար բացակայում են/, մնում է ամեն օր ոտքերը մաքրել երկու տարի առաջ գնացածների վրա՝ կուռ տրամաբանությամբ նրանց վերագրելով հիշյալ նվաճումների բացակայությունը:

Պետք է ասել, որ նախագահի այդ մարտավարությունն իրեն առ այսօր միանգամայն արդարացրել է՝ արյան եւ վրեժխնդրության կոչերը լիովին համապատասխանում են հիասթափված եւ ընչազուրկ զանգվածի տրամադրություններին: «Բորբ աչքերում, սակայն, հավատացյալ բյուրոց // Ծովածավալ արյան ցոլքը շառայլածին // Ցոլանում է որպես ցոլք ցնծության մերո»,- գրում էր բանաստեղծը: Իմիջիայլոց՝ Աղասի Խանջյանի սպանությունից հետո: Եվ իր՝ Չարենցի, գնդակահարվելուց մի քանի ամիս առաջ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930