Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԳՏՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՎԵԼ ՆԱԽԱԳԱՀԻՑ»

Ապրիլ 11,2000 00:00
Hrant Khachatryan

Լրացավ Ռոբերտ Քոչարյանի՝ նախագահի պաշտոնը զբաղեցնելու երկու տարին։ Այս առիթով կարճ հարցազրույցներ ունեցանք մի շարք քաղաքական գործիչների հետ։ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ղեկավար Հրանտ Խաչատրյանի հետ հարցազրույցը ներկայացնում ենք այսօր։

– Պրն Խաչատրյան, ինչպե՞ս եք գնահատում նախագահ Քոչարյանի պաշտոնավարման 2 տարին։

– Ռոբերտ Քոչարյանի նախագահական 2 տարվա գործունեությունը գնահատելու համար նախ պետք է հիշել, որ Քոչարյանը հերթական ընտրված նախագահ չէր, նա արտահերթ ընտրված, արտակարգ իրավիճակում ընտրված նախագահ էր, եւ նրանից սպասումները շատ մեծ էին ինչպես ժողովրդի, այնպես էլ այն կուսակցությունների, որոնք այս կամ այն չափով պաշտպանելով ղարաբաղյան շարժման եւ անկախական տրամադրությունները, տարիներ շարունակ Տեր-Պետրոսյանի ռեժիմի օրոք օտարված էին մնացել երկրի կառավարման գործընթացից։ Այդ սպասումները իրականանալու բավականին լուրջ հիմքեր ունեին։ Այս նախադրյալների պայմաններում (պրն Խաչատրյանը նկատի ունի, որ ԱԺ նախագահ դարձավ Կարեն Դեմիրճյանը, նախագահը Քոչարյանն էր- Մ. Ե.) մենք երկու տարում պետք է ոչ միայն ճիշտ գնահատական տված լինեինք նախորդ տարիներին կատարվածին, այլեւ պետք է հաստատակամ քայլեր կատարած լինեինք նախորդ տարիների քայքայիչ գործընթացները կասեցնելու, շարունակումը կանխելու եւ հետեւանքները վերացնելու ուղղությամբ։ Բայց, ինչպես փաստում են ոչ միայն մեր, այլեւ շատ ազդեցիկ այլ կուսակցություններ՝ իրենց հայտարարություններով, նաեւ՝ մամուլի միջոցները, այդ սպասումներն այսօր իրականացված չեն։ Մի քիչ մեղմացված են, արտաքին քաղաքականության առումով, այն դժգոհությունները, որոնք կային Տեր-Պետրոսյանի օրոք, այն առումով, որ դա կենտրոնացված, դիկտատորացնող ռեժիմ էր։ Բայց ներքաղաքական առումով ավելի են մեծացել ներքին լարումները եւ մեծ հաջողություններ չկան արտաքին քաղաքական ճակատում, մասնավորապես ԼՂՀ-ն Հայաստանի հետ վերամիավորման ճանաչման հարցում։

– Այսինքն Ռոբերտ Քոչարյանը չարդարացրե՞ց հույսերը։

– Ես հեռու եմ այն մտքից, որ բոլոր մեղքերը բարդեմ նախագահ Քոչարյանի վրա։ Կան բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքներ։ Պատահական չէին ժողովրդի մեջ այն մտքերը, որ նա ցանկանում է, իրեն խանգարում են, հետո պարզվեց, որ ինքն էլ չի ցանկանում, եւ ոչ թե իրեն խանգարում են։ Իսկ հիմա, հատկապես վերջին ամիսներին, ներիշխանական ինտրիգների պատճառով ժողովուրդը հակված է մտածել, որ իշխանության վերնամասում շատերը քիչ են մտածում ժողովրդի մասին, երկրի ներքին իրավիճակի կարգավորման մասին եւ ուղղակի մեղադրանքներ են ուղղում իշխանավորներին, այդ թվում՝ նաեւ նախագահ Քոչարյանին, որ նա նույնպես նեղ խմբակային շահեր է հետապնդում եւ որոշ չափով կատարում է նաեւ օտարի թելադրանքը։

– Պրն Խաչատրյան, ձեր կարծիքով, վերջին երկու տարում ժողովրդի ծայրաստիճան աղքատությունը, երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, ներքաղաքական գզվռտոցները, արտաքին քաղաքականության անորոշ վիճակը կարո՞ղ են պատճառ լինել նախագահի հրաժարականի։

– Խնդիրն այն է, որ մենք Հայաստանում դեռ չենք սկսել երկիր կառուցել, դեռ չենք կանգնեցրել քայքայիչ գործընթացները։ Մենք դեռ չենք սկսել փոքրացնել ծայրահեղ սոցիալական բեւեռացումը մի երկրում, որը համարվում է պատերազմող։ Եթե գտնվել են սրիկաներ, ովքեր տարիներ շարունակ ստեղծել են այդ բեւեռացումը, ապա պետք է գտնվեն մարդիկ, ովքեր կարող են առանց լրացուցիչ ցնցումների փոքրացնել այդ սոցիալական բեւեռացումը։ (…) Ես ինքս տրամադրություն ստեղծելու լավագույն միջոցը համարում եմ անձնական օրինակը։ Անկախություն ստանալուց հետո մենք բախտ չենք ունեցել հպարտանալ մեր նախագահների կեցվածքով։

– Եթե ձեզ խնդրեմ թվանշան նշանակել նախագահ Քոչարյանի երկու տարվա աշխատանքին, դուք ի՞նչ կնշանակեք՝ անբավարա՞ր, բավարա՞ր, լա՞վ կամ գուցե գերազա՞նց։

– Իմ գնահատականը չի կարող շատ հեռու լինել ժողովրդական զանգվածների գնահատականից։ Երկու տարվա ընթացքում անբավարար է եղել նախագահի գործունեության գնահատականը։ Եվ ոչ միայն իր գործունեության պատճառով, այլ՝ եղել են նաեւ շատ խանգարողներ։ Այնուամենայնիվ, քանի որ մենք ապագայի մասին էլ պետք է խոսենք, ես կցանկանայի՝ նախագահը իր մեջ ուժ եւ կամք գտնի առաջին հերթին ուրիշների հետ քննարկելու երկրի առաջ կանգնած խնդիրները, ավելի չմեկուսանա եւ չճամբարավորվի։ Երկրում պետք է ստեղծել մի կորիզ, ֆորմալ կամ ոչ ֆորմալ, որը մտահոգված կլինի երկրի պաշտպանության եւ այլ հարցերով։ Այդ կորիզը պետք է ձեւավորված լինի այն մարդկանցով, ովքեր իրենց կյանքը չեն խնայել երկրի համար։

– Ձեր կարծիքով Ռոբերտ Քոչարյանը ունի՞ քաղաքական հենարան։

– Այն առումով, որով ընդունված է միջազգային ստանդարտներով, այսինքն՝ ձեւավորված կուսակցության, որը նրան պաշտպանում է եւ առաջ է մղում, պարզ դարձավ, որ այդպիսին չկա։ Բոլոր կուսակցությունները ձգտում են սահմանազատվել նախագահից։

Հարցազրույցը վարեց

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930