Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՐՑԵՐ ԱՄԵՆ ՏԵՍԱԿ

Ապրիլ 07,2000 00:00
Toto

Բայց ոչ տարօրինակ

Ներկայացնում ենք խորհրդարանական ճեպազրույցների երեկվա մասնակիցներին «Առավոտի» ուղղած հարցերը։

Չիմանալ-հայտնել

ԱԺՄ ներկայացուցիչ Արշակ Սադոյանին հարցրինք, թե ինչպե՞ս է գնահատում էներգետիկ ժամանակավոր հանձնաժողովի հաղորդման առնչությամբ «Առավոտում» հրապարակված հակափաստարկները. «Էդ անտեր հոդվածն էլ էնքան մեծ էր՝ չհասցրի ծանոթանալ»,- ասաց Սադոյանը ու սկսեց մանրամասն խոսել իր չկարդացած այդ հոդվածի մասին, պնդեց, թե 15 հազար ավտոմեքենայի չափով «մազութ են կերել» եւ, որ «Առավոտի» ու «Ժամանակի» լրագրողները պատվեր են կատարում՝ «մթնոլորտ կաթացնելով» ու փորձելով ստվեր գցել իրենց հանձնաժողովի կատարած աշխատանքի վրա… Ընթերցողները թերեւս տեղյակ են, որ խնդրո առարկա հրապարակումը լրագրողական հետաքննություն չէր, այլ «21-րդ դար» կուսակցության տնտեսական հանձնախմբի ուսումնասիրությունը։

Արի այսօր ցանցի մասին չխոսենք

Պատգամավորներից մեկն «Առավոտին» հետեւյալ պատկերն էր ներկայացրել, որ խմբակցությունների ղեկավարները նախագահի եւ վարչապետի հետ հանդիպումների ընթացքում լռում ու գլխով են անում, երբ նրանք փաստարկում են, թե էներգետիկ բաշխիչ ցանցերը սեփականաշնորհման ցանկից հանելը որքան սխալ է, ինչքան կվնասի մեր երկրի տնտեսական հեղինակությանը եւ այլն։ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ երկրի ղեկավարների մոտ էլ նույն բոցավառ ելույթները չի ունենում, ինչ ԱԺ-ում. «Ճիշտ տեղ չեն հասնում այդ լուրերը։ Մեր խմբակցության տեսակետը հստակ ասել ենք ե՛ւ նախագահին, ե՛ւ վարչապետին՝ խմբակցության հետ հանդիպման ժամանակ։ Բացի դրանից, ես նույնիսկ չեմ էլ հիշում դեպք, երբ խմբակցությունների նախագահների հանդիպման ժամանակ բաշխիչ ցանցերի հարց քննարկվի»։

Չկա ոչինչ գաղտնի

«Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամ Համլետ Հարությունյանին խնդրեցինք իր տեսակետը հայտնել «Շպիգելի» այն հրապարակման առնչությամբ, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկխոսության ընթացքում քննարկվել է տարածքների փոխանակման տարբերակը։ «Տեղեկատվությանը չեմ տիրապետում եւ չեմ կարող եզրահանգումներ կատարել»,- պրն Հարությունյանի այս համեստ պատասխանը բնական զուգահեռի տեղիք տվեց, որ մի երկու տարի առաջ ամբողջ ընդդիմությունը քննադատում էր բանակցային գործընթացում Հայաստանի դիրքորոշումները, չնայած էլի անիրազեկ էին, թե որոշակիորեն ինչ է քննարկվում։

Անկումների սարսափից

Նախորդ ճեպազրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Լոքյանը տեսակետ էր հայտնել, թե ԼՂՀ նախագահի նկատմամբ իրականացված մահափորձը արտաքին ուժերի ծրագրավորված ներգործության հետեւանքն է։ Սրան հետեւեցին ԼՂՀ կառավարության, արտգործնախարարի հակառակը պնդող հայտարարությունները, որոնց հաստատումն էր եւ ահաբեկչության պաշտոնական վարկածը։ Այս ամենից հետո պրն Լոքյանը վերանայե՞լ է իր դիրքորոշումը. մեր այս հարցին ի պատասխան նա ասաց. «Բնական է՝ եթե այսօր ԼՂՀ գլխավոր դատախազը ներկայացնում է իրական փաստեր, օբյեկտիվ իրականությունը (…) այստեղ որոշակի առարկություններ չեն կարող լինել՝ ով էլ լինի եւ ինչպիսի վաստակ էլ ունենա այդ անձը»։ Պրն Լոքյանը նաեւ նշեց, թե սարսափում է այն հեռանկարից, որ նման մի քանի դեպքերը կարող են տարածաշրջանում Հայաստանին որոշակի «իմիջ» հաղորդել։

Ահազանգն է զուր

Հայկոմկուսի խմբակցության անդամներին խնդրեցինք մեկնաբանել, թե արդյոք ԱԺ նախագահի թիկնազորի ղեկավարի իրագործած սպանությունն Արմեն Խաչատրյանի թիկնապահների պահվածքի վերաբերյալ մամուլի շարունակական ահազանգերն անտեսելու անուղղակի հետեւանքը չէ։ «Այնքան էլ անսպասելի չէր,- համաձայնեց Խորեն Սարգսյանը։- Մեզ մոտ կարծես մրցույթ է, թե ով ավելի շատ թիկնապահներով իրեն կշրջապատի։ (…) Բայց եթե մարդուն սպանելու նպատակ կա՝ թիկնապահները դժվար կարողանան ինչ-որ բան անել»։

Ի դեպ, լրագրողները երեկ ԱԺ փոխնախագահին իրենց օրավուր հասունացող դժգոհությունները փոխանցեցին վարչապետ Արամ Սարգսյանի թիկնապահների գործելակերպի առնչությամբ։

«Կայունությունից» մինչեւ էքստազ

Մենք արդեն ներկայացրել էինք Վարդան Այվազյանի պարզաբանումները, թե ինչպես պատահեց, որ «Կայունությունը» չմասնակցեց բաշխիչ ցանցերի վերաբերյալ քվեարկությանը, սակայն խմբի քարտուղար Կարեն Կարապետյանը նկարագրական նոր մանրամասներ հաղորդեց՝ «ռադիոն անջատել էինք, բուռն քննարկում էինք, էնքա՜ն էինք տաքացել, էքստազի մեջ ընկել՝ մեկ էլ մտավ Խորեն Թռչունիչն ու ասաց, որ քվեարկությունը կայացել է»։ Լավ, բա էքստազի մեջ ինչո՞ւ էիք ընկել՝ անառողջ հետաքրքրասիրություն դրսեւորեց «Առավոտը» եւ պրն Կարապետյանն արժանի հակահարված տվեց. «Երկրի պետականության խնդիր կար»։

Բումերանգ

«Միասնություն» դաշինքը բազմիցս հայտարարել էր, թե դեմ է բաշխիչ ցանցերի սեփականաշնորհումը տապալող նախաձեռնություններին, սակայն այս եռօրյայում ՀԺԿ պատգամավորները (4 բացառությամբ) «կողմ» քվեարկեցին։ Այս առնչությամբ մեր հարցին ի պատասխան Տիգրան Թորոսյանն ասաց, թե առաջին դեպքն էր, որ «Միասնության» մեջ «կողմ» եւ «դեմ» տեսակետների այսպիսի մեծ տարբերություն արձանագրվեց։ «Հետագայում «Միասնությունը» հնարավորինս կխուսափի նման իրավիճակներից»,- լավատեսորեն նկատեց պրն Թորոսյանը։ Իսկ բաշխիչ ցանցերի հարցը վերջնականորեն լուծված չէ։ ՀՅԴ խմբակցությունը սպառնում է իր 8-10 պայմանները չկատարելու պարագայում պաշտոնական շրջանառության մեջ դնել բաշխիչ ցանցերը մասնավորեցման ցանկից հանելու նախաձեռնությունը։ Իսկ «Կայունությունն» այս խնդրի վերաբերյալ բանակցում է ՀԺԿ-ի հետ։

ԱԺ փոխնախագահին ուղղված մեր հաջորդ հարցը հետեւեց նրա այն հայտարարությանը, թե կան ուժեր, որոնք ցանկանում են փլատակների վրա վերադառնալ եւ ապացուցել, թե իրենք լավն էին եւ որոշ լրատվամիջոցներ էլ ծառայում են այդ նպատակին։ Անհասցե ոճը տիրապետող է դառնում քաղաքական գործիչների համար՝ մեր այս դիտողությանը Տիգրան Թորոսյանն անմիջապես արձագանքեց, որ ակնհայտ է՝ ում մասին է ասում. «Բարեբախտաբար, թե՞ դժբախտաբար մեր երկիրը շատ կարճ ճանապարհ է անցել անկախության տարիներին եւ առանձնապես շատ չեն եկողները, որ վերադառնան»,- այս ճշտումը, թե ովքեր են տենչում «փլատակների» գնով վերադառնալ, բացահայտ ակնարկ է նախկին իշխանությունների հասցեին։ Սակայն, անկեղծ ասած, մեզ ականջներից համառորեն ձգվող վարկած են հիշեցնում այս կարգի պնդումները, թե նախկինները որեւէ դերակատարություն ունեն ներիշխանական ներկա թեւերի գզվռտոցի մեջ։ Եվ հետո, «նախկին» ասածն էլ բավական հարաբերակցական է, ասենք, կարելի՞ է այդպիսին դիտարկել Հանրապետական կուսակցությանը, որ նախկինում իր կայուն տեղն ուներ իշխող՝ «Հանրապետություն» միավորման մեջ…

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930