Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՎԱՆՈՅԻՆ ՉԷՐ ԿԱՐՈՂ ՁԵՌՆՏՈՒ ԼԻՆԵԼ ԹՈՂՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ»

Ապրիլ 07,2000 00:00
Vano siradexyan

Չորեքշաբթի օրվա «Առավոտում» ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը պատգամավոր Սիրադեղյանին կալանավորելու որոշում ընդունելուց հետո ասել էր. «Որքան էլ տարօրինակ թվա, այս լուծումը ձեռնտու էր Վանո Սիրադեղյանին, քանի որ նա կարող է ներկայանալ որպես քաղաքական հետապնդումների զոհ եւ նաեւ լուծել իր անձնական ապահովության խնդիրը»։ Ասվածի կապակցությամբ երեկ խմբագրություն զանգահարեց Վանո Սիրադեղյանի քույրերից մեկն ու ասաց հետեւյալը. «Ես՝ ճանաչելով իմ եղբորը, գիտեմ, որ նա կուզեր ապրել այս պիղծ, երախտամոռ մարդկանց մեջ, բայց իր հայրենիքում։ Նա չէր ուզենա թաքնվել։ Եթե ուզենար, վաղուց գնացած կլիներ։ Ինչպես կարող է պատահել, որ մարդ ուզենա թողնել իր տունը, ընտանիքը, հայրենիքը եւ գնալ»։

ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՀԵՏ ՍՈՎԱԾ ՉԵՍ ՄՆԱ

Hayrikyan

Ազգային ինքնորոշում միավորումը երեկ խորհրդաժողով էր հրավիրել՝ քննարկելու կուսակցության նախագահի ընտրությունների խնդիրը, ինչպես նաեւ՝ նախապատրաստվելու 20-րդ համագումարին (որը տեղի կունենա մայիսի 20-ից հետո)։ Երեկ էլ առաջադրվեցին ԱԻՄ-ի նախագահի մի քանի թեկնածուներ՝ Ներսես Զեյնալվանդյան, Պարույր Հայրիկյան, Սուսաննա Ավագյան, Սուսաննա Գրիգորյան, Կարինե Ստեփանյան, Նորայր Խանզադյան։ Բուռն քննարկումներից հետո մնաց Հայրիկյան-Զեյնալվանդյան զույգը։ Հայրիկյանը փորձեց հանել իր թեկնածությունը, սակայն կուսակիցները դեմ էին։ Իրոք, ով չի ցանկանա, որ իր կուսակցության նախագահը Պարույր Հայրիկյանը լինի։ Նախ՝ նա շուտով նկարահանվելու է ֆիլմում, գիրք է գրելու։ Դրան զուգահեռ՝ նաեւ լավ երգում է։ Այսինքն՝ իր եւ կուսակցության մի կտոր հացը միշտ կապահովի։ Ծայրահեղ դեպքում՝ կարող է պաշտպանել ամենավերջին սրիկային կամ էլ սրան-նրան սպառնալ, որ երեւան կհանի իր մոտ կուտակած մատերիալը։

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՓԵՇԻՑ ԿԱԽՎԱԾ

Rus-belorus

«Ռուսաստան-Բելառուս» միջխմբակցային պատգամավորական խմբի մի քանի անդամներ մեկնել են Մոսկվա, քննարկելու «Ռուսաստան-Բելառուս» միությանը Հայաստանի անդամակցության հարցը։ Տեսնես ի՞նչ կբերի մեր գլխին այս ինքնագլուխ այցը։

ՈՐՏԵՂ ՀԱՑ, ԱՅՆՏԵՂ ԿԱՑ

Gagik yeganyan

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանի, հանրապետությունից 88-99 թվականներին արտագաղթած մոտ 800000 քաղաքացիների 60 %-ից ավելին 20-44 տարեկան տղամարդիկ են։ Կրթամակարդակով արտագաղթողները զգալիորեն գերազանցում են միջին հանրապետական չափանիշներին։ Նույն աղբյուրի տվյալներով, 80-ականներին ՀՀ-ում տարեկան գրանցվում էր 80000 ծնունդ, իսկ հիմա՝ 36000։ Այսօր Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում միասին հայերն ավելի շատ են, քան Հայաստանում։

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵՄ ՊՈԵԶԻԱԴ…

Davit Vardanyan

Սեփականաշնորհման նախարար, ԱԺՄ-ական Դավիթ Վարդանյանը երեկ չալարեց կանգնեցնել իր ծառայողական մեքենան՝ տեսնելով Տերյան փողոցով անվրդով քայլող կենդանի եւ արդեն դասական Արմեն Շեկոյանին։ Նախարարը նրանից պահանջեց իրեն նվիրել «Անտիպոեզիա» գիրքը։ «Առավոտի» թղթակիցները, որոնք այս պատմական անցքի ականատեսն էին, միայն արձանագրեցին. «Ճաշակին ընկեր չկա»։

…ԵՎ ԾԱԽԵՄ ԱՐՁԱԿԴ

Vano

Այս օրերին «Անտիպոեզիայից» էլ առավել մեծ պահանջարկ ունի Վանո Սիրադեղյանի «Ձեռքդ ետ տար ցավի վրայից» գիրքը։ Երեկ Պապլավոկ սրճարանում խիզախորեն այս գրքի իրացմամբ էր զբաղված, ընդ որում, շուկայականից էլ բարձր գներով՝ 4000 դրամ, ՀՀՇ-ի հայտնի Գեւորիկը։ Վերջինիս տվյալներով՝ իրեն էլ են երեկ 6-րդ վարչությունում հարցաքննել՝ «իր շեֆի»՝ Վանո Սիրադեղյանի գտնվելու վայրի մասին։ Գեւորիկը պատասխանել է. «Ես ի՞նչ իմանամ՝ ուր ա, իմ շեֆն ա, ձեր հանցագործը…»։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930