«Ոմանք նրան Քրիստոսի պես էին դիմավորում»,- Ավետարանի իմացությունը ցուցաբերեց նախագահ Քոչարյանը անցած տարի մայիսին՝ ակնարկելով Վանո Սիրադեղյանի հայրենիք վերադառնալու կապակցությամբ «ոմանց» անթաքույց ուրախությունը: Իրոք որ նախանձելու բան է:
Նախագահը, հավանաբար նկատի ուներ Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, որը նշվում է որպես Ծաղկազարդի տոն. ավանդաբար այդ օրը հավատացյալ հայերը ծաղկեփնջերով ու ծաղիկներով եկեղեցի են գնում: Բայց մեր հայրենիքը հազիվ թե հավատացյալների երկիր կարելի է համարել, այլապես գոնե կհիշեինք, որ Մեծ պահքի հինգերորդ շաբաթը, որ Գալստյան է կոչվում, եւս Քրիստոսի հետ է կապվում. ապրիլի 7-ին հայ եկեղեցին նշելու է Ավետման տոնը: Պահոց շրջանի ողջ ընթացքում քրիստոնյաները պիտի իրար սիրեն ու հանդուրժեն, անօրինություններ ու մեղքեր չգործեն: Այս առումով ակամա հիշվում է նաեւ 1998-ի ապրիլի 9-ը՝ նախագահ Քոչարյանի պաշտոնական գահակալության օրը, որն այդ տարի համընկավ Քրիստոսի Խաչելության օրվա հետ: Հայաստանը, հավանաբար, միակ քրիստոնյա երկիրն էր, որը հրավառություններով ու ճաշկերույթներով նշեց Խաչելության օրը:
Անշուշտ, Երուսաղեմ վերադարձած Օծյալին բոլորը չէ, որ սիրում էին, կային հրեաներ, որ օր առաջ ուզում էին տեսնել նրա վախճանը: Հատկապես շատ էին նրանք, ովքեր, թվում է, պատճառ չունեին Նրան ատելու: Բայց այդպես է մարդ արարածը, նրա գիտակցությունը հաճախ մթագնում է անբացատրելի ատելությունից: Քրիստոսն ասում էր, որ նմաններին ներել է պետք, որովհետեւ չեն գիտակցում, թե ինչ են անում: Հավատացյալների՛ն էր ասում:
Անհավատների պարագան միանգամայն այլ է:
Կարդացեք նաև
ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ