Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌՈՒՍՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻՑ ԴՈ՞ՒՐՍ

Ապրիլ 07,2000 00:00
exxv

Ռուսաստանի դումայական պատվիրակությունը հինգշաբթի երեկոյան լքեց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նիստերի դահլիճը, այն բանից հետո, երբ պառլամենտական ասամբլեան քվեարկեց ռուսներին քվեարկության իրավունքից զրկելու օգտին։

Անմիջապես հետեւեց Ռուսաստանի ռեակցիան. դումայական պատվիրակության ղեկավար Դմիտրի Ռագոզինը հայտարարեց, թե իրենք, ընդհանուր դիրքորոշմամբ, լքում են նիստերի դահլիճը, իսկ այն առաջարկները, որ ամբողջ օրվա ընթացքում մշակվել էին Չեչնիայում իրավիճակը կարգավորելու նպատակով համատեղ գործողություններ իրականացնելու համար, կմնան ԵԽ ԽՎ դահլիճում։

Դրանից անմիջապես հետո Դմիտրի Ռագոզինը մեզ հետ զրույցում ասաց, թե այլեւս ԵԽ ԽՎ խնդիրն է ճանապարհ գտնել ռուսաստանյան պատվիրակությանը վերադարձնելու համար։

Իսկ ԵԽ ԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության նախկին ղեկավար Սերգեյ Գլոտովն էլ հավելեց, թե պառլամենտական ասամբլեան հունիսյան նստաշրջանում կարող է անդրադառնալ խնդրին եւ վերականգնել ռուսաստանյան պատվիրակության լիազորությունները։ Իսկ օրվա ընթացքում իրադարձությունները զարգացան այսպես։ Երբ լորդ Ջադը, ԵԽ ԽՎ ապրիլի 6-ի առավոտյան նիստում, արդեն ներկայացրել էր իր տեսակետը Չեչնիայում մարդու իրավունքների վիճակի մասին, եւ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում զուգահեռաբար քննարկվում էր Ռուսաստանի դումայական պատվիրակության լիազորությունները ճանաչել-չճանաչելու հարցը, հրավիրվածների ու լրագրողների շարքերից վեր կացավ մեկը ու սկսեց ամբողջ դահլիճով բղավել՝ «էտո ռուսկայա մաֆիա, էտո ռուսկայա մաֆիա…», ասել է թե՝ սա ռուսական մաֆիան է։

Այնուհետեւ պարզվեց՝ բղավողը ազգությամբ չեչեն է, որը ԵԽ ԽՎ նիստին ներկա էր հրավիրյալի կարգավիճակով։ Բնականաբար, նրա թեւերը ոլորեցին ու տարան, եւ այդ անձնավորությունն այլեւս չերեւաց։ Իսկ միջադեպը պատահեց այն ժամանակ, երբ ռուսաստանյան պատվիրակության դաղստանցի ներկայացուցիչներից մեկը, որն, ի դեպ, հարկ չէր համարել նույնիսկ ելույթի ժամանակ հանել փափախը, ասում էր, թե չեչենները վայրագություններ են արել Դաղստանի տարածքում՝ թվարկելով օրինակներ։ Դիրքորոշումների մեղմացման նպատակով ռուսաստանյան պատվիրակությունը ձեռք էր առնում բոլոր հնարավոր միջոցները։

Ապրիլի 5-ի ուշ երեկոյան Ստրասբուրգում Ռուսաստանի ներկայացուցչությունում կազմակերպվել էր ընդունելություն, որտեղ ընթրիքի սեղանների շուրջ շարունակվում էին ոչ պաշտոնական բանակցությունները։ Հատկանշական է, որ ներկա չէին ո՛չ Ադրբեջանի, եւ ո՛չ էլ Վրաստանի պատվիրակությունները, ինչը, ի դեպ, չէր վրիպել ռուսաստանցիների աչքից։ Սակայն, այս առիթով պատասխանելով մեր հարցադրմանը, Ադրբեջանի պատվիրակության անդամ Զաքիր Զեյնալովն ասաց, թե ռուսներն իրենց պարզապես չեն հրավիրել։

Իսկ ինչ վերաբերում է քննարկված հարցերին, Զաքիր Զեյնալովի խոսքերով, Ադրբեջանը ԵԽ ԽՎ-ում ունենալով հատուկ հրավիրյալի կարգավիճակ, չի հստակեցրել իր դիրքորոշումը մինչեւ վերջ։ Այնուամենայնիվ, եվրոպական հանրությունն ունի իր ստանդարտները, որոնց հիմքում դրված է սեպարատիզմի ցանկացած դրսեւորման մերժման գաղափարը։ Այս տեսակետից, ինչպես ասաց Ադրբեջանի պատվիրակը, իրենք եւս կողմ են եվրոպական ստանդարտներին։ Մյուս կողմից, սակայն, ինչպես նշեց Զաքիր Զեյնալովը, ավելի մեղմ միջոցներ պիտի որդեգրվեն խաղաղ բնակչության նկատմամբ, որպեսզի չտուժեն երեխաները, ծերերը, կանայք։

Ակնհայտ է մեկ բան. ռուսաստանյան կողմին առանձնապես չեն ողջունում նաեւ վրացիները։ Պաշտոնապես նրանք խուսափում են այդպիսի կարծիք հայտնել, իրենց մոտեցումները, սակայն, չթաքցնելով անձնական զրույցներում։

Ինչ վերաբերում է հայկական պատվիրակության դիրքորոշմանը, որը մանրամասնեց Հմայակ Հովհաննիսյանը, ապա այն այսպիսին է. միանշանակ է, որ միայն ԵԽ ԽՎ շրջանակներում գործունեություն ծավալելով՝ ռուսաստանյան պատվիրակությունը կկարողանար բովանդակային լուծումների հիմք ստեղծել Ստրասբուրգում հնչող հարցադրումների համար, ինչն, ի դեպ, դումայական պատվիրակությունը հանձն էր առնում։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

«Ազատություն» ռ/կ, Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930