Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԴԱՏԱԽԱԶՆ ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ…

Ապրիլ 06,2000 00:00
Mavrik Ghukasyan

Մինչ մահափորձը

Վերջին դեպքերից հետո Ղարաբաղում ժամանակը կիսվել է երկու մասի՝ մահափորձից առաջ եւ մահափորձից հետո։ Եվ այսպես՝ մահափորձից առաջ, նույն օրն առավոտյան հանդիպել եմ ԼՂՀ գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանին։ Հարցազրույցում խոսվում էր վերջին ամիսներին Ղարաբաղում կատարված բացահայտված կամ չբացահայտված հանցագործությունների, Ղարաբաղի ներքաղաքական իրավիճակի մասին։ Զրույցից զարմացրեց այն, որ գլխավոր դատախազը դատախազության ուսումնասիրության տակ գտնվող աղմուկ առաջացրած, մամուլում էլ բազմիցս խոսակցությունների տեղիք տված ձերբակալությունների, գործերի մասին խոսում էր մոտավորապես հիշելով դեպքերի հետ կապված տվյալները։

ԼՂՀ գլխավոր դատախազը չհամաձայնեց, որ ԼՂՀ-ում վերջին շրջանում հանցագործությունների աճ է նկատվում. «Այն հանցագործությունները, որ հիմա բացահայտվել են, դրանք կատարվել էին նախկինում՝ 87, 88, 89 թվերի ընթացքում, ուղղակի բացահայտման պրոցեսն է հիմա կատարվում… Ընդհակառակը՝ 99 թվի երկրորդ կիսամյակի տվյալներով ծանր հանցագործությունների քանակը նվազել է»։

Ղարաբաղի այդ օրերի վերջին աղմկահարույց դեպքերից էր՝ կազմակերպված հանցագործների զինված մի խմբի ձերբակալումը։ Եվ, ըստ տարածված լուրերի, այդ խմբում կային իրավապահ մարմինների աշխատակիցներ, որոնք զինված կողոպուտ եւ այլ հանցագործություններ են կատարել։ ԼՂՀ գլխավոր դատախազն ասաց, որ այդ խմբի կողմից առաջին ավազակային հարձակումը կատարվել է սկսած 1997 թվականից եւ շարունակվել է մինչեւ 1999 թ. դեկտեմբերը, եւ որ վերջին հանցագործությունը եղել է զինված հարձակում Երեւան ուղեւորված «Կամազ» ավտոմեքենայի վրա, որից կողոպտել են 6,5 մլն դրամ։ Նույն խմբի նախորդ հանցագործություններից է նաեւ (ըստ գլխ. դատախազի) «97 թվականին, երբ ավազակային հարձակում է կատարվել քաղաքապետարանի բաժնի վարիչի՝ Կառլեն անունով, ազգանունը չեմ հիշում, տան վրա, որտեղից գողացել են 6,5 հազար ԱՄՆ դոլար եւ ոսկեղեն։ Հետո նույն խումբը, մի քիչ ավելի ուրիշ մարդկանցով, բայց ղեկավարը՝ նույնը, ավազակային հարձակում է կատարել Ստեփանակերտի գինու գործարանի տնօրենի տան վրա, որտեղից էլի գողացել են 1000 դոլար, ոսկեղեն եւ պիստոլետ՝ «Մակարով» տիպի ատրճանակ, որին օրենքով սահմանված տվել էր ՆԳ նախարարությունը….»։

Գլխավոր դատախազի հավաստմամբ՝ խումբը ձերբակալված է, բոլորը բացահայտված են եւ ավազակային հարձակումը վերաորակվել է բանդիտիզմի հոդվածով։ Սակայն Ղարաբաղում այդ դեպքի հետ կապված լուրեր էին տարածված, թե խմբի հիմնական անդամներից մեկը փախուստի մեջ է։

Ինչպես հայտնի է, ԼՂՀ վարչապետ Ա. Դանիելյանի՝ Ղրիմից Ղարաբաղ եկած ընկերոջ՝ Շեւյովի մասին (որ Ուկրաինայի հետախուզական մարմինների կողմից հետախուզվում է) բազմիցս գրվել է ռուսաստանյան եւ արտատպվել հայաստանյան մամուլում։ Պրն Վ. Ի. Շեւյովին ԼՂՀ իշխանությունները բավական արտոնություններ են տալիս։ ԼՂՀ դատախազությունը կարծես որեւէ վերաբերմունք չուներ այս փաստի նկատմամբ։ Ավելին՝ Մ. Ղուկասյանն ասաց, թե զարմանում է՝ ինչո՞ւ Ուկրաինայի իշխանությունները չեն դիմում Ղարաբաղին, կամ թեկուզ Հայաստանին. «…Նման դեպքեր մեզ մոտ շատ կան, որ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից դիմել են անձամբ մեզ, ոչ թե Հայաստան, որ այսինչ անձը գտնվում է հետախուզման մեջ կամ կատարել է հետեւյալ հանցագործությունը, խնդրում ենք օգնեք մեզ»։

Ստեփանակերտում գտնվելուս օրերին լուրեր հասան, թե Ամուլյան՝ Արմեն Աբգարյանը, վաղուց արդեն ոչ հարցաքննվել էր, ոչ էլ որեւէ ցուցմունք տվել։ Մ.Ղուկասյանը սա հերքեց. «…Նախաքննության բոլոր փուլերում միշտ էլ ցուցմունք է տվել եւ շարունակում է տալ»։ Եվ ավելացրեց, թե «Ամուլյայի դեմ մեղադրանք է առաջադրված քրեական օրենսգրքի 183 եւ 73 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքի չարաշահման եւ մաքսանենգության հոդվածներով»։ Ըստ Մ.Ղուկասյանի, Ա.Աբգարյանը «Ծիծեռնակ» կոոպերատիվի միջոցով միս է ներմուծել Ղարաբաղ, բայց որը չի ներմուծվել եւ մաքսավճար էլ չի վճարել, որը կազմում է 516.000 դոլար։ Մ.Ղուկասյանի ասելով ստացվում է, որ նշված (իր խոսքն է) քանակությամբ միս Ղարաբաղ ընդհանրապես չի մտել Ա.Աբգարյանի կողմից։ Սակայն մեր թերթի նախորդ համարներից մեկում Սամվել Բաբայանի անձնական ներկայացուցիչը մեր թղթակցին հստակ հաղորդել էր. «Այստեղ խոսք չկա ո՛չ դրամաշորթության, ոչ էլ յուրացման մասին։ Այդ գումարը գոյացել է «Ծիծեռնակ» կոոպերատիվի առեւտրական գործունեությունը հարկերից ազատելու միջոցով», եւ հավելել, որ ԼՂՀ բարձր ղեկավարությունը տեղյակ է, որ վերոնշյալ գումարը ծախսվել է պաշտպանության բանակի համար խիստ անհրաժեշտ նպատակներով։

Այս զրույցում գլխավոր դատախազն ասում է, որ Ամուլյան, իր փաստաբանի միջոցով, անձամբ դիմել է դատախազություն, որ ունի բարձր ճնշում եւ հիվանդ է։ Դատախազությունը որոշում է կայացրել նշանակել դատաբժշկական փորձաքննություն, որոնց եզրակացության հիման վրա էլ մահափորձից դեռ մի քանի ժամ առաջ Ամուլյան գտնվում էր հանրապետական հիվանդանոցում՝ հսկողության տակ։ Եվ մահափորձից մի քանի ժամ անց (հետո պարզվեց), որ իրավապահ մարմինների հսկողության տակ գտնվող դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հիվանդանոց տեղափոխված Ամուլյային անմիջապես տեղափոխում են մեկուսարան։ ԼՂՀ գնդի հրամանատար Նորիկ Դանիելյանի սպանության մասին Սամվել Բաբայանը հեռուստատեսությամբ հայտարարել էր, թե իշխանությունները եւ բոլորը գիտեն, թե ովքեր են սպանողները, եւ այդ մարդիկ այժմ Հայաստանում ունեն բարձր պաշտոններ։ ԼՂՀ գլխավոր դատախազը այդ սպանության առնչությամբ ասաց. «Սամվել Բաբայանն ասաց, որ նախկին հանրապետության ղեկավարությունը եւ դատախազը գիտեն, թե ով է սպանել Նորիկ Դանիելյանին։ Դա երեւի լեզվի թռիչք էր Սամվել Բաբայանի կողմից, որովհետեւ ես ուղղակի զարմացա նման հայտարարություն անելուց, իսկապես դա սենսացիա էր՝ մեկ, եւ դրանից հետո պահանջել ենք էդ քրեական գործը, հիմա ուսումնասիրվում է այդ գործը։ Գործը նրա մեջ է, որ ես ընդհանրապես դատախազության համակարգում չէի աշխատում այդ սպանության կատարման ժամանակ եւ ինձ թվում է՝ Սամվել Բաբայանն ինչ-որ թյուրիմացություն է հաղորդել։ Որովհետեւ միաժամանակ Նորիկ Դանիելյանը Ղարաբաղում հայտնի հրամանատար էր, եւ այդ ձեւի հայտարարություն, որ նախկին իշխանությունները… իսկ նախկին իշխանությունն ո՞վ էր՝ Ռոբերտ Քոչարյանն էր այստեղ նախագահը։ Սամվել Բաբայանի ասելով ստացվում է այնպես, որ ինչ-որ պետական մակարդակով որոշում ընդունած սպանություն էր։ Դա ավելի շատ երեւի ոչ թե թյուրիմացություն էր, այլ Սամվել Բաբայանը երեւի իր հաղորդումների մեջ այնքան էլ ճիշտ տվյալներ չի հաղորդել։ Եվ ահագին ժամանակ է անցել այդ սպանությունից»։ Ըստ գլխավոր դատախազի, այդ սպանության հետ կապված «վկաները», այսինքն՝ մարդիկ, որոնք ինչ-որ տեղեկություն ունեին այդ սպանության մասին, այսօր կենդանի չեն. գործը ուսումնասիրվում է։

Մ. Ղուկասյանը թեեւ չէր ուզում քաղաքականության մասին խոսել, բայց իր կարծիքով՝ Հայաստանում կան կուսակցություններ, որոնք քննադատում են նախագահին, որ վերջինս ոչ լեգիտիմ է կամ ժողովրդի կողմից չի ընտրվել. «Բա ո՞ւմ կողմից է ընտրվել»։ Ըստ Մ. Ղուկասյանի, այդ կուսակցությունները «ավելի շատ պաշտոնի են ձգտում, նպատակների համար են քննադատում», եւ այլ բան է, երբ «նախագահն ինչ-որ նենց արարք է կատարել, որը իսկապես թույլ է տալիս, որպեսզի նախագահի հրաժարականը պահանջենք՝ սա ուրիշ բան է։ Բայց նման արարք չկա։ Ինչքան ես եմ տեղյակ, Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես նման արարք չի կատարել, որպեսզի պահանջեն իր հրաժարականը»։ Գլխավոր դատախազը համաձայն չէր այն ձեւակերպմանը, որ ԼՂՀ իշխանությունները եւ իրավապահ մարմինները որս են սկսել Ս. Բաբայանի շրջապատի դեմ։ Ասաց, թե տասնյակ քրեական գործեր են քննվում, որոնցից ընդամենը 1 կամ 2 տոկոսն է Սամվել Բաբայանի շրջապատի հետ առնչվում։ Եվ Մ. Ղուկասյանը պնդում էր, թե իր համար այս կամ այն թեւի հարց չկա. «Ես չէի ասի՝ այն թեւն է հանցագործ, համենայնդեպս մեր քննվող գործերի մեջ անձեր կան, որոնք երեւի թե վերջին մի կամ երկու ամսում են դարձել այս կամ այն թեւի, ավելի շատ այս թեւի անդամներ։ Ինձ համար այս կամ այն թեւի հարց չեմ դնում, որ եթե այս մարդն այն թեւի ներկայացուցիչ է, ուրեմն մի բան պիտի ճարվի, որպեսզի այս մարդը մեկուսացվի կամ քրեական պատասխանատվության ենթարկվի»։ Մ. Ղուկասյանից փորձեցի ճշտել, թե Ղարաբաղի «Երկրապահի» համագումարից առաջ ԼՂՀ կառավարության հայտարարության մեջ նշված՝ երկրապահներին սատարող մութ ուժերը, որոնք, ըստ կառավարության, թմրաբիզնեսով զբաղվողներ են եւ նախկին հանցագործությունների համար չդատված անձինք, ո՞ւմ նկատի ունեին եւ արդյոք այդ գծով ձերբակալություններ եղե՞լ են։ Մ. Ղուկասյանը զարմանալիորեն հիշեց միայն «Երկրապահի» նախագահ Արկադի Կարապետյանի մասին «մոմենտը». «… որ ինչ-որ 100 թե 200 հազար, թե 80 հազար դոլար վարկ է վերցրել բանկից, որ բաժաներ երկրապահներին եւ չի բաժանել, այդ մասը ստուգվում է»։ Դատախազն ասաց, որ միայն այդ «մոմենտին» է ինքը տեղյակ։ Այսինքն, դարձյալ Ս. Բաբայանին մտերիմ մարդու մասին բերված փաստերն են ստուգվում, իսկ կառավարության մեղադրանքները՝ ո՞չ։ «Մենք չենք ստուգում Արկադի Կարապետյանին, այլ մենք ստուգում ենք կառավարության հայտարարության փաստը՝ իսկապես այն համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ։ Այնպես որ, այդ նույն հայտարարության մեջ… ազնիվ խոսք, ես նման հայտարարության մասին չգիտեմ, որ ինչ-որ նարկոտիկներով էին զբաղվում»,- համոզում էր Մ. Ղուկասյանը։

Մինչ մահափորձը, ԼՂՀ գլխավոր դատախազի կարծիքով, Ղարաբաղում ներքաղաքական իրավիճակը լարված չէր, իսկ մթնոլորտի սրման պատճառը Արկադի Ղուկասյանի եւ Սամվել Բաբայանի անձնական փոխհարաբերություններն էին, որոնք ներքաղաքական համարել, ըստ դատախազի, չի կարելի. «Այսօրվա դրությամբ Սամվել Բաբայանն արդեն որպես ֆիզիկական անձ է, ոչ մի պաշտոն չի զբաղեցնում, եւ ասել, որ այստեղ ինչ-որ ներքաղաքական նենց շիկացած մթնոլորտ է՝ ես այդպես չէի անվանի։ Այսօր կան պրոբլեմներ, որ կառավարությունը, նախագահը պիտի լուծեն, տնտեսական պրոբլեմներն են… Էդ մարդը չի ընդունում նախագահին, չի հարգում նախագահին՝ որպես անձ, որպես ֆիզիկական անձ, որպես նախագահ չի ընդունում։ Սրանից կարելի՞ է եզրակացնել, որ ներքաղաքական իրավիճակը Ղարաբաղում շատ սրված է»։

ԼՂՀ գլխավոր դատախազն էլ համաձայնեց, որ այսօր Հայաստանում կատարվող ցանկացած դեպք կամ իրադարձություն անմիջապես անդրադառնում է Ղարաբաղի քաղաքական, տնտեսական (եւ այլն) ոլորտների վրա։ Իսկ առաջ, պատերազմից հետո անգամ, Ղարաբաղը ավելի պինդ էր եւ հայաստանյան որեւէ «ցնցում» կամ նույնիսկ թեթեւակի խոսակցություն այդպես չէր անդրադառնում Ղարաբաղի ներքին եւ արտաքին քաղաքական կյանքի վրա։ Հիմա, մի թեթեւ քամի էլ Ղարաբաղում գրեթե մրրիկ է դառնում… Եվ արդեն ոչ թե որպես գլխավոր դատախազ, այլ նաեւ որպես Ղարաբաղի քաղաքացի, ասաց. «Այդ քաղաքական մթնոլորտը ինչքան շուտ, այնքան լավ ինչ-որ մի համաձայնության գան։ Վերջիվերջո, գիտեք ինչ, ես չեմ ընդունում այն քննադատությունները, ոչ թե քննադատությունները, այլ զրպարտությունները, հերյուրանքները, խոսկերքը, որոնք հնչում են նախագահի հասցեին»։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930