Լրահոս
Օրվա լրահոսը

«Չգիտե՞ք, որ պրեզիդենտը փոխվել է»

Ապրիլ 06,2000 00:00
toto

«Այսօր Հայաստանում սուտ խոսելը, կեղծելը այնպիսի տարածում է գտել, որ պարզապես տեղի է ունենում մրցակցություն, թե ո՞վ ավելի լավ կստի եւ ավելի պերճ կլինի այս հարցում։ Եվ անցյալի հախուռն սեւացումը հիմնական լեյտմոտիվն է»։

Այսպես խոսեց Արա Սահակյանը եւ Էբերտի հիմնադրամի կազմակերպած հերթական սեմինարի մասնակիցներին մի անեկդոտ պատմեց։ Իսկ սեմինարի թեման դատաիրավական բարեփոխումներն էին եւ արդարադատությունը։ Անեկդոտը «կոնկրետ կատարվել է ՀՀ-ում եւ կոնկրետ մի մարզում»։ Մարզպետը նշանակվում է աշխատանքի, եւ նրան դժգոհում են, որ կենսաթոշակային հիմնադրամը անընդհատ վճարումներ է պահանջում։ Մարզպետը կանչում է հիմնադրամի նախագահին եւ ասում է՝ նոր մարզպետ եմ, մի բանով չե՞ս աջակցում։ Նա էլ թե՝ օրենք կա, պրեզիդենտի հրամանագիր կա։ Ու երբ բերում են նախագահի հրամանագիրը՝ վրան պրեզիդենտի անվան փոխարեն գրված էր՝ Լեւոն Տեր-Պետրոսյան։ Մարզպետը զարմանում է. «Արա, չգիտե՞ք, որ պրեզիդենտը փոխվել է»։ Անեկդոտից հետո Արա Սահակյանն անցավ դատաիրավական համակարգին, օրվա զեկուցողներ Գագիկ Ղազինյանին եւ Ալվինա Գյուլումյանին դիմելով՝ ասաց, որ նրանք փորձեցին ներկայացնել այն համակարգը, որից մենք փորձում ենք դուրս գալ, եւ պարզվում է դեռ դուրս չենք եկել։ Որոշ բարեփոխումներ, այնուամենայնիվ, դանդաղել են անցած 10 տարիներին։ Մեկն, ըստ Արա Սահակյանի, տեղական ինքնակառավարման համակարգն էր, մյուսն էլ՝ դատական բարեփոխումների համակարգը։ Այսօր եւս հաջողությունների չենք հասնի «եթե մեզ չհաջողվի դատական բարեփոխումները պոկել քաղաքական կոնյունկտուրայից, որովհետեւ այսօր դա ծառայում է քաղաքական նպատակներին»։

Թեպետ սեմինարը արդարադատության, դատական բարեփոխումների թեմաներով էր, բայց ներկաներից ոչ ոք հակված չէր խոսել կոնկրետ գործերի եւ կոնկրետ անունների շուրջ։ Գագիկ Ղազինյանն, օրինակ, խիստ մասնագիտական, հավանաբար շատ կարեւոր մտքեր արտահայտելիս չէր մոռանում հաճախ շեշտել, որ ինքը չի ուզում հարցը քաղաքականացնել։

Թեպետ, Վիգեն Խաչատրյանի ասելով, իրենք նախապես չէին պայմանավորվել, բայց նրանց կարծիքները «զարմանալիորեն համընկան»։ Վիգեն Խաչատրյանն էլ այն կարծիքին էր, որ «դատական բարեփոխումները չեն կարող լինել կատարյալ»։ ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն իր հանգամանալից խոսքում մասնավորապես ասաց. «Յուրաքանչյուրն այսօր պատվեր տվող է եւ պարարտ հող կա, որ այդ պատվերը կատարվի։ Ես քաղաքական որեւէ խնդիր չեմ ուզում առաջ քաշել եւ, եթե հարց լինի, չեմ էլ պատասխանի, հաստատ, ուղղակի իրավական զարգացումները բերում են այդ վիճակին եւ շատ հանգիստ պայմաններ են ստեղծում, որպեսզի դատական համակարգը չգործի»։ Խոսք եղավ նաեւ վանդակների մասին, ներկաներից մեկը հարցրեց՝ չե՞ք կարծում, որ շատացել են վանդակաճաղերը եւ դրանց ետեւում ցուցադրվող մարդիկ։ Հարցին կեսկատակ պատասխանվեց. «Դա էլ է մոդա, արտասահմանից տեսել են, սովորել»։

Դատական բարեփոխումներից, արդարադատությունից խոսել ու չշոշափել դատավորների աշխատավարձի, վարձատրության հարցերը, պարզապես տարօրինակ կլիներ։ Հարցին շատ սիրուն պատասխանեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը։ Նա հիշեց Գոշի դատաստանագրքի առաջին հոդվածը, որն է. «Դատավորին պետք է վճարել, որպեսզի աշխատանքը, որ նա կատարում է, նրան չթվա նվաստացուցիչ»։ «Վարձատրությունը խիստ կարեւոր նշանակություն ունի»,- ասաց տիկին Գյուլումյանը։ «Բայց ոչ վճռական եւ սկզբունքային»,- տեղից միջամտեց պրն Ղազինյանը։ «Կարեւոր նշանակություն ունի, միգուցե նաեւ վճռական նշանակություն ունի, համենայնդեպս չի կարելի հանդուրժել այսօրվա վիճակը, երբ դատավորը 2-3 ամիս աշխատավարձ չի ստանում,- ասաց Ալվինա Գյուլումյանը եւ հավելեց,- սոված մարդուն դրեք մեղրի կարասի մոտ եւ ասեք՝ մատդ մի մտցրու, դժվար է»։ Այս երկամարտում Ալվինա Գյուլումյանը հաղթեց։ Նա հաղթեց նաեւ այն ժամանակ, երբ ասաց, որ ՍԴ-ի անդամի աշխատավարձն ավելի բարձր է, քան ՀՀ նախագահինը։ Տեղից ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը պարզություն մտցրեց. «Ֆիքսված աշխատավարձը»։ Լավ օրից չէ, որ այս խնդրին ե՛ւ սեմինարի մասնակիցները, ե՛ւ մենք առավել հանգամանալից անդրադարձանք։

Խոսվեց նաեւ գրավի ինստիտուտի մասին։ Ի դեպ, մեզանում այն բացարձակապես չի կիրառվում: Ոմանք դա բացատրեցին ազգային մենթալիտետով, ոմանք՝ սոցիալական վիճակով։ Մեկն էլ առաջարկեց գրավը վերցնել հարկայինի պես, բերած գրավի որոշակի տոկոս տրվում է դատավորին։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930