Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՆՅԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ, ԲԱՅՑ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻՆ

Ապրիլ 06,2000 00:00

Վանո Սիրադեղյանի պաշտպան Վանյա Սուքիասյանի երեկ հրավիրած ասուլիսը, չեք սխալվում, վերաբերում էր նրա պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու տեխնոլոգիաներին, մանավանդ հաջորդում էր ԱԺ հայտնի նիստին եւ քաղաքական գործիչների մեկնաբանություններին։ Բնական էր նաեւ առաջին հարցը. որտե՞ղ է Վանո Սիրադեղյանը։ Այդ կապակցությամբ պաշտպանն ասաց, որ իր պաշտպանյալի գտնվելու տեղն «այս պահի դրությամբ» չգիտի, եւ եթե անգամ իմանար էլ՝ «ապա իրավազոր եւ իրավասու չէր լինի ասելու»։

Անդրադառնալով իր պաշտպանյալի երաշխավորների հնարավոր պատասխանատվության ենթարկելու հարցին, փաստաբան Սուքիասյանը վկայակոչեց քր. օր.-ի 200 հոդվածը, որտեղ սահմանված է երաշխավորի «հանցանքը»։ «Եթե երաշխավորը դիտավորյալ իր պարտականությունները չի կատարում, այսինքն՝ օժանդակում է իր ստանձնած պարտավորությունների կատարմանը, ապա, իհարկե, պատասխանատու է։ Բայց եթե նա որեւէ միտումնավոր գործողություն չի կատարել, որպեսզի իր երաշխավորյալը բնակավայրից չբացակայի, այս դեպքում նրա արարքում պետք է բացակայի հանցակազմը»։

Գնահատելով դատական նիստ հրավիրելու իրավազորության հարցը, փաստաբանը նկատեց, որ դատարանը պետք է ներկա-բացական արձանագրեր (տուժողների գալուն այդպես էլ նշանակություն չտրվեց), «նիստը գումարվելով հանդերձ, պետք է առաջ չգնար, մինչեւ չպարզաբանվեր. Սիրադեղյանի բացակայության պատճառը հարգելի՞ է, թե՞ ոչ»։ Այդ հարցը, ըստ պաշտպանի, «առանց պարզաբանման չքննարկվեց, ոչ մի միջոցառման չդիմեցին, թե որտեղ է գտնվում Սիրադեղյանը։ Շատ ներողություն, գուցե կես մարդ էր եւ չէր կարող ներկայանալ»։

Նա խախտում համարեց ոչ միայն նիստի սկսելը, այլեւ միջնորդության բավարարումը։ «Առավոտի» այն հարցերին էլ, թե վերջին անգամ ե՞րբ է պաշտպանը հանդիպել իր պաշտպանյալի հետ, նաեւ՝ պաշտպանն այսօր մասնակցելո՞ւ է հերթական դատական նիստին, պրն Սուքիասյանը պատասխանեց. «Վերջին անգամ տեսել եմ ապրիլի 2-ին։ Տանն էլ եղել եմ։ Ես ինքս գնահատել եմ. իրավ-ավերում եւ ասել, որ այլեւս այդ դատարանը դադարում է ինձ համար դատարան լինելուց, ուստի ոչինչ չունեմ անելու։ 42 տարվա աշխատանքային պրակտիկայում շատ խախտումներ եմ տեսել, բայց այսպիսի ահավոր միջադեպ ինձ անծանոթ էր»։

Իր դատարանից հեռանալն էլ պրն Սուքիասյանը անվանեց «խախտում» եւ դա էլ պատճառաբանեց այսպես. «Այդ մեկը ես իրոք կատարել եմ ինքս ինձ կորցրած։ Ես էլ մարդ եմ։ Կատարել եմ ինքնամոռացմամբ»։

Ինչ վերաբերում է դատարանի կայացրած որոշման դեմ գանգատարկելուն, նա ասաց. «Եթե օրինական որոշում լիներ, կարող էր գանգատարկվել։ Բայց ինքներդ ասեք, եթե ես փաստում եմ, որ ի սկզբանե ե՛ւ քննարկման ընդունելը, ե՛ւ որոշում կայացնելը ապօրինություններ են, ուզում եք ես ծիծաղելի վիճակի մեջ ընկնե՞մ, որ ի՞նչ»։

Նա դժգոհեց ԱԺ-ից եւս. «Մեկը չեղավ հարցներ. էս ի՞նչ է կատարվում»։

Այնուամենայնիվ, փաստաբանը հայտնեց, որ ինքը ներկայանալու է դատական նիստին եւ որքան էլ տարօրինակ է, ասաց. «Եթե իմ պաշտպանյալը ներկա չլինի, հավանաբար, դատարանից կխնդրեմ, որ ինձ ազատեն…»։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. Վերջում լրագրողներին բաժանվեց Վանո Սիրադեղյանի «Ձեռքդ ետ տար ցավի վրայից» նոր՝ լույս տեսած ժողովածուն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930