«Չե՞ք կարծում, որ ՆԳ-ն եւ ԱԱՆ-ն իրենց աշխատանքում թերացել են, քանի որ առ այս պահը հայտնի չէ, թե որտեղ է Վանո Սիրադեղյանը»,- «Ազգի» թղթակցի այս հարցին երեկ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Միանշանակ, կարծում եմ՝ այո։ Պետության հիմքն այն է, որ որոշումը կայացվում է՝ պիտի կատարվի։ Իսկ եթե չի կատարվել՝ թերացել են»։
«Առավոտը» վարչապետին խնդրեց մեկնաբանել այն գնահատականները, թե Վանո Սիրադեղյանը հեռացել է ոչ առանց իշխանական մի թեւի աջակցության եւ մասնավորապես՝ հենց իր. «Իհարկե, ոչ,- ժխտեց պրն Սարգսյանը։- Ես ուղղակի չեմ հասկանում հետաքրքրության այդ մեծ շրջանակը, որ վերաբերում է Վանո Սիրադեղյանին։ Իմ կարծիքով, այս երկրում շատ ու շատ ավելի կարեւոր խնդիրներ եւ հարցեր կան լուծելու, որոնց մասին է ավելի շատ խոսել պետք, քան դատերի ու դատավարությունների, որ ուղղակիորեն խանգարում են այս երկրի տնտեսության մեջ ներդրումներ կատարելուն։ Միջնորդելու կամ չմիջնորդելու որեւէ խնդրանք ինձ չի ուղղել Վանո Սիրադեղյանը։ Նա ինձ չի ասել՝ միջնորդիր, որ գնամ Հայաստանից։ Չի՛ եղել նման բան։
Կարող եմ ընդունել, որ որոշակի շրջանում Վանո Սիրադեղյանը եղել է իմ եղբոր ընկերը եւ ես նրա հանդեպ հենց այդպես եմ տրամադրված։ Եթե ինքը ինձ որոշակի հարցերում դիմեր օգնության համար՝ իհարկե, ոչ փախուստի, ես կօգնեի»։ Պետք է նշել, որ Արամ Սարգսյանը վերջում վրդովվեց, որ լրագրողները երեկ իրեն գերազանցապես այս իրադարձության մասին էին հարցեր ուղղում. «Վարչապետին բռնել եք՝ Վանոյի՞ց եք հարցնում»։
Ա. Ի.