Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՈԼՖՈՎԻՉԸ ՄՈԼԵԳՆՈՒՄ Է

Ապրիլ 06,2000 00:00
Hayk harutyunyan

Հայկ Հարությունյանը Ստրասբուրգում

Ապրիլի 3-ին եւ 4-ին երկօրյա աշխատանքային այցով Եվրոպայի խորհրդում էր ՀՀ ներքին գործերի նախարար Հայկ Հարությունյանը, որը Ստրասբուրգ էր ժամանել ԵԽ իրավական հարցերի գլխավոր տնօրեն պարոն Գիտեւելի հրավերով։ Բազմաթիվ են նախարարի ունեցած հանդիպումները, այդ թվում եւ՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերի հետ։

Բնականաբար, քննարկումների թեմատիկան վերաբերել է երկու առանցքային հարցի։

Հայաստանի՝ ԵԽ-ին անդամակցության առումով, Հայկ Հարությունյանն ասաց, թե բոլոր հանդիպումներում էլ համոզմունք է հայտնվել, որ հունիսյան նստաշրջանում ԵԽ ԽՎ-ն դրականորեն կլուծի հարցը՝ հիմքում ունենալով Հայաստանի զեկույցի նպաստավոր բովանդակությունը, իսկ սեպտեմբերին էլ ԵԽ նախարարների կոմիտեն 2-րդ փուլով ամբողջական լուծում կտա խնդրին։

Ինչ վերաբերում է կալանավայրերը ՆԳՆ իրավասությունից արդարադատության նախարարության տնօրինությանը փոխանցելուն, ապա, ինչպես ասաց Հայաստանի ՆԳ նախարարը, մեր երկիրը կտեղավորվի այդ ուղղությամբ մշակված մեկամյա ծրագրի շրջանակում։

– Նախատեսվում է, որ աշխատանքային հանդիպումներ կլինեն եվրոպացի մասնագետների հետ, մեր մասնագետները վերապատրաստում կանցնեն Գերմանիայում, իսկ ամռանն էլ Երեւանում ԵԽ-ն կկազմակերպի սեմինար «Ոստիկանությունը եւ մարդու իրավունքները» թեմայով,- ասաց Հայկ Հարությունյանը։

Մինչդեռ այս օրերին ԵԽ-ում կատարվող առանցքային հարցադրումներն առավելապես Ռուսաստանին են վերաբերում։ Բնականաբար, հիմքում Չեչնիայի իրավիճակն է։ Ու թեպետ դեռեւս պարզ չէ, թե ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ի վերջո ինչ որոշում կկայացնի, սակայն, Ռուսաստանին ԵԽ կազմից դուրս թողնելու ծայրահեղ դիրքորոշման կողմնակիցների շարքերն ամենեւին էլ չեն նոսրացել։

Ի դեպ, նրանց մեջ է նաեւ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին։ Ապրիլի 5-ին նա մամուլի ասուլիս էր կազմակերպել եւ, ինչպես միշտ, այս անգամ էլ Վոլֆովիչը մոլեգնում էր։ Ժիրինովսկու զայրույթը հարուցել էր այն հանգամանքը, որ ինչպես ինքն ասաց, ԵԽ-ում Ռուսաստանին ապուշի կամ երեխայի տեղ են դրել։ «Կամ այստեղ են բոլորը գժվել, կամ էլ՝ Ռուսաստանում, բայց ես չեմ կարծում, որ դա Ռուսաստանում է պատահել»,- դիմելով ԵԽ պատասխանատուներին՝ հայտարարեց պարոն Ժիրինովսկին։ Այն, որ ԵԽ ԽՎ որոշման նախագծի մեջ առաջարկվում է մինչեւ մայիսի 31-ը լուծում տալ Չեչնիայի խնդրին՝ դադարեցնելով կրակը, Վոլֆովիչը հասկացել էր այսպես. «հողին հավասարեցնել այդ տարածքը եւ այնպես անել, որ այնտեղ որեւէ կենդանի շունչ գոյություն չունենա»։ Ու դժգոհեց Ժիրինովսկին, որ Ռուսաստանի ղեկավարությունը դանդաղկոտություն ու մեղմություն է հանդես բերում։

Հետո ՌԼԴԿ նախագահը սկսեց ռուսների չար բախտից բողոքել, որ նրանց մեծ տառապանքներ են պատճառել մոնղոլ-թաթարները, թուրքերը, Հիտլերը, եւ հիմա էլ դա շարունակում է ԵԽ-ն։ Ռուսները համբերատար են, բայց 40-50 տարուց ավելի չեն կարող համբերել։ Ա՜յ, նորից մի նոր մարշալ Ժուկով դուրս կգա ասպարեզ, ու բոլոր եվրոպացիներին կքշի-կլցնի Լա Մանշը, կամ էլ կխցկի դրա տակով անցնող թունելը։ «Մենք դա կարող ենք անել,- ասաց Վոլֆովիչը,- մեր միջուկային զենքը հնացած տեխնոլոգիա համարեք, արդեն մագնիսական զենք կա, երկրաշարժահարույց հնարավորություններ ունենք ձեռքի տակ։ Թե չէ, այնպես է ստացվել, որ ռուսները միշտ էլ պաշտպանել են Եվրոպան»։ Այլապես մոնղոլ-թաթարների լուծը եվրոպացիները կկրեին, Հիտլերից պրծում չէին ունենա։ Ի դեպ, Վլադիմիր Ժիրինովսկին ասաց, թե Հիտլերն ավելի ազնիվ էր։ Նա իր նպատակները բացեիբաց էր ներկայացնում, իսկ ԵԽ-ում ժպտում են ու թիկունքից խփում։

– Դուք մեզ դուրս չեք անի ԵԽ-ից,- ասաց ՌԼԴԿ նախագահը,- քանի որ նախ ԵԽ բյուջեի 11 տոկոսը Ռուսաստանն է մուծում եւ հետո էլ, դուք ուզում եք ձեռք առնել ռուսներին ու ցույց տալ, թե գործ եք անում։ Եթե Ռուսաստանը դուրս մնա ԵԽ-ից, դուք այլեւս անելիք չեք ունենա Ստրասբուրգում։ Մենք ձեզ ե՛ւ այդպես ենք փրկում, ե՛ւ Աֆղանստանից ու Կովկասից բանդիտների ներթափանցումը կանխելով։

Իրենց արտահայտություններում զգույշ են նաեւ ԵԽ պատասխանատուները։ Գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը ապրիլի 5-ին նախաճաշի էր հրավիրել լրագրողներին, ինչը, սակայն, վերածվեց ասուլիսի՝ սուրճով։ Պարոն Շվիմերը տեղեկացրեց, թե վերջին 2 օրվա ընթացքում 2 նամակ է ստացել Ռուսաստանի արտգործնախարար Իգոր Իվանովից, եւ արդեն գրեթե հստակեցվել են ԵԽ լիազոր ներկայացուցչի՝ Չեչնիայում գործելու հնարավորություններն ու պայմանները։ Բոլոր դեպքերում գլխավոր իրադարձություններն առջեւում են՝ երբ Ռուսաստանի պատվիրակության լիազորությունների կասեցման նպատակահարմարությունը կքննարկվի իբրեւ օրակարգային հարց։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

«Ազատություն» ռ/կ,

Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930