Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՋԱՅԼԱՄԻ ԿԱՄ ԴԻՏՈՐԴԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 05,2000 00:00
Jaylam

Ցանկացած երկրի նախագահ, այն էլ՝ ընտրված, իր ժողովրդի առջեւ ծառացած վճռորոշ հարցերի առաջին պատասխանատուն է, նրանց կրողը, մանավանդ, եթե նրան տրված է անսահմանափակ իշխանություն։ Ավաղ, այս եւ նման դեպքերում մեր հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը տհաճ բացառություն է կազմում։

Բազմաթիվ ճակատագրական խնդիրների տակ կքացող երկիրը չի ստանում կամ լսում հուզող հարցերի ոչ միայն պատասխանները, այլեւ դրանց արձագանքը։ Այստեղից էլ սկսվում են ասեկոսեները. «ասի-ըսավները», անվստահության քայքայիչ մթնոլորտի խրամատները…

Թերեւս բոլորն են հիշում Ռ. Քոչարյանի հոկտեմբերի քսանյոթի դեպքերից հետո ժողովրդին չդիմելու պատճառաբանությունը՝ թրաշված չլինելու մասին…

Սա շատ ծիծաղելի կլիներ, եթե չառնչվեր նման մեծ ողբերգության։ Կարծես մարդիկ չգիտեին, որ նա՝ «անգլիական թագուհի» չլինելով հանդերձ, կարող էր նման պահի եւ «թրաշով» հանդես գալ…

Կարդացեք նաև

Կամ դրանից առաջ եղած սպանությունները՝ ոչ մի ձայն, ծպտուն…

Չի կարելի, չէ՛, ամեն ինչ մի «հասարակ ուչաստկովիի» վրա թողնել…

Եվ հիմա, երբ արտագաղթը մեզ հասցրել է լինել-չլինելու փաստի առաջ, երբ ըստ որոշակի տվյալների՝ վերջին երկու, երկուսուկես տարում Հայաստանը լքել է մոտ 1 միլիոն մարդ, պարոն Քոչարյանը շարունակում է իր «ջայլամի» քաղաքականությունը։ Կարծես ամեն ինչ հոյակապ է, ոչինչ չկա տագնապի, որ եթե Հայաստանում մի 150000 մարդ մնա միայն, ինքն իր սովորության համաձայն (ականջը կանչի Ղարաբաղի բնակչության քանակի) անվրդով կշարունակի իր նախագահությունը… Չէ՞ որ իր թիկունքին այնքան «հայտնի» ուժեր կան, չհաշված՝ հեղափոխականներն ու պոպուլիստ-ամբոխավարները, ավելացրած՝ Արտաշես Գեղամյան ու Պարույր Հայրիկյան…

Ու մեկը չկա, որ ասի՝ այ հեր օրհնած. «Յո յերթաս», էս երկիրը ո՞ւր ես տանում, չէ՞ որ այն քեզ, քո եւ մեր բոլորի սիրելի Արցախին տվեց անկարելին, անհնարինը, մի՞թե այդպես են փոխհատուցում… Կամ նախագահիր ոնց պարտավոր ես, կամ հեռացիր, տղամարդկությունը հո միայն աթոռին կպած մնալով չի լինում…

Ու շատ տարօրինակ է, որ որոշ քաղաքական գործիչներ արտահերթ նախագահական ընտրությունները կործանարար են համարում Հայաստանի համար… Կարծես այսպես չենք կործանվում…

Ով գիտի, իրոք ազատ ու արդար ընտրություններով գուցե մեկը գա, որ մտնի էս ժողովրդի լծի տակ, գործով ու խոսքով զգա նրա օրն ու ցավը, հույս տա, որ լույսը մեզ մոտեցնի, ոչ թե հեռացնի… Թե չէ այսպես մինչեւ ո՞ւր ենք գլորվելու…

Ուրացումի քաղաքականության «վարպետից» լավ բան ինչպե՞ս սպասել. որպես ՀՀՇ-ական սկսեց, այժմ թշնամի է նրանց, Լեւոն Տեր-Պետրոսյանի շնորհիվ վարչապետ աշխատեց, «գործեր» է սարքում նրա ժամանակաշրջանի ու մերձավոր ղեկավարների դեմ, երկրապահների շնորհիվ նշանակվեց նախագահ, հիմա ոխերիմ հակառակորդ է դարձել, հերթը ո՞ւմն է…

Փոսից կամ հորից դուրս գալու համար ինչի՞ ենք սպասում. ո՞ւմ, մեզ թա՞փ ենք տալու, թե՞ ոչ… Ո՞ւր է մեզ տանում այսօրվա հեղհեղուկ, անհավասարակշիռ վիճակը, ո՞րն է ելքը…

Ո՞վ է պատասխանատուն այս ճակատագրական հարցերի…

Համոզված եմ, որ վճռական փոփոխությունների պահը վաղուց է հասունացել… «Դիտորդի» հոգեբանությամբ գործող նախագահի իրեն հարգող որեւէ ժողովուրդ չէր հանդուրժի…

Դիտորդի՞, թե՞ Դավթի կերպարանք

Բայց հարցը միայն նախագահին չի վերաբերում։ Այսօր ազգովին ենք կարծես օտարի կամ դիտորդի դերում՝ մեր իսկ հողում։ Անհասկանալի է, ի՞նչ կրակ է մեր մեջ ընկել. ի՞նչ է, պատերազմում հաղթեցինք, որ մենք մեզ պարտվե՞նք. էս ի՞նչ արյան թատերաբեմեր ենք սարքում մենք մեր գլխին…

Եթե անգամ դրսի ուժեր կան, չէ՞ որ մե՛ր ձեռքերով են գործում…

Ինչի՞ ենք ընկել իրար ջանի, իրար ուտում… Քիչ հոգս ունե՞նք…

Հայաստանում որքա՞ն մարդ է ապրում…

Մե՞կ միլիոն, երկո՞ւ, Աստված տա՝ չո՞րս…

Տո, մի կարգին քաղաքի չափ էլ ազգաբնակչություն չունենք, բա մեր «ամպագոռգոռ» հեղափոխականներն ու «ձայնեղ» հնչակները, «գույնզգույն» ռամկավարներն ու վեց-յոթ միլիոնանոց Սփյուռքը, տասնյոթի չափ նախարարություններն ու տասնյակի հասնող մարզպետներն ու մնացած «պետիկները», յոթանասունի չափ կուսակցություններն ու խորհրդարանը՝ վարչապետի ու նախագահի ողջ «շքեղ» անձնակազմով, քի՞չ ենք, որ մի երկու միլիոնանոց երկիր չպահենք մարդավարի…

Գո՞րծ ենք անում, թե՞ որկրամոլներ ու բյուրոկրատներ ենք բուծում…

Չեմ հասկանում՝ մենք Դավթի՞ ազգն ենք, թե՞ Ցռան Վերգոյի…

Բանն այնտեղ է հասել, որ ով ասում է՝ բանս խիյար է, աղն առնում ու վազում ենք է՛լ հոլիվուդներ, է՛լ եվրոպաներ, է՛լ ռուսաստաններ, է՛լ թուրքստաններ…

Դրա համար էլ տուններս լցվել է հազար ու մի աղանդով ու լիբերալ լրբություններով…

Ով ասես մեզ վրա «վկա ու փրկիչ» է դարձել, մեզ հավատքի ու ապրելակերպի դասեր է տալիս ու սխալ հանում…

Մե՞նք ենք մեր գլխի տերը, թե՞ ամեն մի հաստաքամակ աղանդավոր ու անցորդ…

Քրիստոնյա առաջին ա՞զգն ենք, թե՞ վայրի քոչվոր ցեղ…

Ինչ է, խե՞լք չունենք, թե՞ հերոսներ, որ մենք մեզ տեր կանգնենք…

Վարդաններ, մարզպետունիներ, անդրանիկներ ու վազգենսարգսյաններ ունեցել ենք ու կան, մեզ միասնականության ոգին է պարտադիր…

Եթե Դավթի ազգն ենք, ուրեմն չխենթանալ չենք կարող այս ճակատագրական օրերում…

Չխենթանալ՝ մեր հողի ու ժողովրդի փրկության ու ապրելակերպի համար…

Չխենթանալ՝ հավերժական ապրելու համար, մեր ընդամենը մի սրտաչափ հողի թրթռոցում… Մեր ձեռքից բռնած՝ միայն մե՛նք ենք մեզ փոսից հանողը…

ՀԱՅԿ ԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930