2000թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային ժողովում «1992-1999թթ. էներգակիրների ներկրման, արտադրված էլեկտրաէներգիայի ծավալների օգտագործման, ինչպես նաեւ էներգետիկ համակարգին ուղղված վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի» զեկույցի նախնական վերլուծություն:
Հանձնաժողովի կողմից բերված փաստերը բաղկացած են 24 դրվագներից։ Անդրադառնանք դրանց առանձին-առանձին։
Դրվագ 1։ Հարցադրում։ Զեկույցում նշվում է, որ ՌԴ Նավթպետկոմի տվյալներով 1992թ. հունվար-նոյեմբերին Հայաստան է առաքվել 1,268 հազ. տ մազութ։ ՀՀ վիճվարչության տվյալներն են՝ 1, 200 հազ. տ, իսկ Հայէներգոյինը՝ 986,3 հազ. տ։ Հանձնաժողովը տարակուսում է տվյալների տարբերության վերաբերյալ եւ սույն փաստը դիտում իբրեւ հնարավոր չարաշահում։
Ուսումնասիրության արդյունքը։ Նախ, այդ թվերը, պարտադիր չէ, որ համապատասխանեն: ՌԴ Նավթպետկոմը արտասահմանյան կազմակերպություն է, իր իրավունքն է թվեր հրապարակելը, սեփական կառավարությանը հաշվետվություններ տալը եւ այլն։ Գալով ՀՀ վիճվարչության եւ Հայէներգոյի տվյալների տարբերությանը՝ պետք է նկատի ունենալ, որ Հայէներգոն մազութի միակ սպառողը չէ (էլեկտրաէներգիա արտադրելուց բացի մազութն օգտագործվում է հացաթխման, ջեռուցման, հիվանդանոցների կարիքները հոգալու եւ այլնի համար)։ Այլ սպառողներին հասցեագրված մազութը միշտ էլ պահ է տրվել Հայէներգոյին. միշտ չէ, որ օրենքով սահմանված կարգով դրանք պետք է արտացոլվեն Հայէներգոյի հաշվեկշռում։ Նկատի ունենալով, որ հանձնաժողովն իր զեկույցում այս հնարքն օգտագործել է մի քանի անգամ, հարկ է նշել, որ նման հիմքերի մասին նախնական խոսակցություն կարելի է ունենալ միայն սկզբնական կազմակերպությունների հաշվապահական հաշվառման փաստաթղթերի (եւ ոչ թե գերատեսչությունների տեղեկանքների) մեջ սխալներ գտնելու դեպքում։ Վերը բերված փաստի կապակցությամբ տեղին է նկատի ունենալ նաեւ, որ ուսումնասիրվող ժամանակաշրջանում նավթամթերքի մի մասը առաքված է եղել, արձանագրվել է ուղարկողի մոտ, սակայն այն դեռեւս չի արձանագրվել ստացողի մոտ։
Կարդացեք նաև
Իսկ ընդհանրապես նման ձեւով (տարբեր գերատեսչությունների տվյալների միջեւ տարբերություններ գտնելով) ստացված փաստերը չեն կարող դիտարկվել որպես չարաշահումների հիմք։
Դրվագ 2։ Հարցադրում։ 1992թ. դեկտեմբերին Հայէներգոն Պերմ է փոխանցել 600մլն ռուբլի՝ մազութ ներկրելու համար։ Այդ մազութն այդպես էլ չի ստացվել, ձեւակերպվել է որպես դեբիտորական պարտք, իսկ հետագայում ՋԷԿ-ի հաշվեկշռից դուրս է գրվել։
Ուսումնասիրության արդյունքը։ Փաստերն աղավաղված են։ Այս գումարը փոխանցվել է 32 հազ. տ մազութ ներկրելու համար, որից 18-ը բերվել է Հայաստան։ Մնացած 14-ը՝ ոչ։ ՀՀ կառավարությունը ժամանակին պահանջել է ստուգումներ կատարել, եւ դատախազությունը զբաղվել է այս գործով։ Արդյունքում, Պերմի նավթաբազան վերադարձրել է 132 մլն ռ., իսկ մնացածի փոխարեն Հայէներգոյի հասցեով ուղարկել է բենզին եւ քիմիկատներ։ Խնդիրն այս վերջիններիս բացակայության մեջ է։ Անընդունելի է փաստը ներկայացնելու ձեւը. վերջին հաշվով հանձնաժողովն օգտագործել է դատախազության այն տեղեկանքը, որը կազմվել է այն ժամանակվա կառավարության պահանջով։ Բացի այդ, գումարի մեծ մասով կամ մազութ է բերվել, կամ էլ փողն է վերադարձվել։ Ինչ վերաբերում է մնացածի դուրս գրմանը իբրեւ դեբիտորական պարտք, ապա սա օրենսդրությամբ սահմանված կարգ է։
Այս փաստով պետության կորուստները կազմել են մոտ 5 հազ. տ մազութ կամ 650 հազ. դոլար։
Դրվագ 3։ Հարցադրում։ 1992-ին Հայէներգոն Մոսկվա է փոխանցել 30 մլն ռ. մազութ ներկրելու համար։ Մինչ օրս մազութը ներկրված չէ։
Ուսումնասիրության արդյունքը։ Գործարքը տեղի է ունեցել 1992թ. օգոստոսին։ Մազութն առաքվել է Հայաստան, սակայն 1992թ. սեպտեմբերին վրաց-աբխազական պատերազմի հետեւանքով երկաթգիծը փակվել է։ Մազութով վագոնները ստիպված բեռնաթափել են Հս. Կովկասում։ Հայկական կողմն այդ մասին տեղեկացվել է։ Նախքան Բաթումով նավթամթերքներ ներկրելու մեխանիզմներ ստեղծելը հայկական կողմի խնդրանքով ռուսական կողմը մազութին համարժեք բենզին է տրամադրել, ինչն էլ Հայաստան է տեղափոխվել ավտոշարասյունով։
Դրվագ 4։ Հարցադրում։ Զեկույցում նշվում է, որ 1992թ. հոկտեմբերին պետական ռեզերվից Հայէներգո ձեռնարկությանը հատկացվել է 1,2 մլրդ ռ.՝ 69 հազ. տ մազութ (1տ՝ 17,4 հազ. ռ. գնով)։ Իրականում 1993թ. հունիսին ամրագրել են 56,5 հազ. տ (գինը 96 հազ. 500 ռուբլով): Ամրագրված 12,5 հազար տոննան փոխանցվել է Երքաղխորհրդին։
Ուսումնասիրության արդյունքը։ Մազութի գինը թանկացել է (5,5 անգամ) ճիշտ այնքան, որքան մոտավորապես եղել է ինֆլյացիան 1992թ. հոկտեմբեր-1993թ. հունիս ժամանակահատվածում։ Ի դեպ, չարաշահման մտադրություն ունեցողը գինը չէր թանկացնի։ Տվյալ դրվագը վկայում է այն ժամանակվա կառավարության հետեւողական լինելու մասին։ Ինչ վերաբերում է Քաղխորհրդին հատկացնելուն, ապա այստեղ որեւէ խախտում չկա, կարող էին որոշել, որ Հայէներգոյին չեն հատկացնում, այլ՝ Քաղխորհրդին կամ տալիս են հացի գործարաններին։
Դրվագ 5։ Հարցադրում։ Զեկույցում խոսվում է այն մասին, որ 1992թ. հունվարին Հայէներգոն պայմանագիր է կնքել «Մարմարիկ» ձեռնարկության հետ 500 հազ.տ մազութ ներկրելու մասին, բայց բերվել է ընդամենը 21 հազ. 154 տ մազութ։ Մազութի գինը սկզբում (1992թ. հունվար) եղել է 650ռ., իսկ ապա (1992թ. հունիսի 21)՝ 1750ռ.։
Ուսումնասիրության արդյունքը։ Փաստը չի կարող դիտարկվել որպես չարաշահում. կարող էր կնքվել 500 մլն տ մազութի պայմանագիր եւ բերվել 0 տոննա: Ինչ վերաբերում է ներկրվող մազութի գնի բարձրացմանը (427ռ. դարձել է 650 եւ ապա 1750), ապա 1992-ին ինֆլյացիան եղել է 890%։ Մազութի գների թանկացումը (270%) ավելի քիչ է, քան 1992 հունվար-1992 հունիս սղաճի տեմպը։
Դրվագ 6։ Հարցադրում։ Այս դրվագը հաջորդում է 1992թ. վերը բերած «չարաշահման» մասին մտքին։ Այն սկսվում է «ստուգման ընդգրկված ժամանակահատվածում» բառերով եւ ավարտվում «ՊՇԷԿ-ներին հատկացնելու պրակտիկան» բառերով։ Սույն նախադասությունն ավարտվում է մի մտքով առ այն, որ այդ ժամանակ Հ.Բագրատյանը եղել է Օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի պետը։
Ուսումնասիրության արդյունքը։ Օպերատիվ կառավարման հանրապետական շտաբները գլխավորել են վարչապետները։ Հ.Բագրատյանը 1992թ. ՀՀ վարչապետ չի եղել եւ չէր կարող լինել շտաբի պետ։ Հաջորդ պարբերությունում նշվում է. «1993թ. սկսած՝ համակարգը ղեկավարել է Շիշմանյանը», այն դեպքում, երբ Մ.Շիշմանյանը էներգետիկայի նախարար է նշանակվել 1993թ. երկրորդ կեսին։ Մինչ այդ, նույն 1993-ին, համակարգն ունեցել է 3 նախարար։
Դրվագ 7։ Հարցադրում։ «…8230հում նավթի վերամշակումը ինչքանո՞վ է ձեռնտու պետությանը կամ կառավարությանը։ Արդյոք դա՞ էր միակ ելքը, երբ պարզվում է, որ նույն ժամանակ ներկրվել է մազութ, որի ինքնարժեքն ավելի ցածր է եղել»։
Ուսումնասիրության արդյունքը։ Կառավարությունը Բաթումի նավթավերամշակման գործարանում հում նավթ վերամշակելու եւ դրանից ստացված նավթամթերքները Հայաստան ներկրելու մասին որոշումն ընդունել է 1992թ. այն պարզ պատճառով, որ 1992թ. վրաց-աբխազական ռազմական գործողությունների ծավալման արդյունքում ամբողջովին փակվեց Ռուսաստանին կապող երկաթգիծը: 1992-1993թթ. ձմռանը մազութ ունենալու այլ տարբերակ, քան նավթը Բաթում բերել եւ այն վերամշակել՝ չէր կարող լինել։ Ձմռանը մազութը սառչում է, եւ կարելի է տեղափոխել միայն տաքացվող (ջեռուցվող) տանկերով, սակայն այս դեպքում ծախսերը կտրուկ աճում են։ Բաթումով նաեւ մազութ է բերվել, բայց ջերմաստիճանը բարձրանալուց հետո։ Միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ Բաթումում նավթը վերամշակելիս ստացվել է նաեւ բենզին, դիզվառելիք։ Այս պարագայում Բաթումում ստացված մազութի ինքնարժեքն իջնում է։ Բացի այդ, այդ ժամանակվա կառավարությունը նավթամթերքների մի մասն էլ Աստրախանից տեղափոխել է Էնզելի (Իրան), իսկ այնտեղից՝ ավտոտրանսպորտով Հայաստան։ Նման դեպքերում հարկ է առնվազն նշել մարդկանց կատարած աշխատանքը էքստրեմալ իրավիճակներում։
Դրվագ 8։ Հարցադրում։ Հանձնաժողովի զեկույցում ասվում է. «1993թ. ընթացքում ՀՀ է առաքվել 47 մլն ԱՄՆ դոլարի նավթա-մթերք, այդ թվում՝ հում նավթ՝ 223,7 հազ. տ կամ 28,63 մլն ԱՄՆ դոլար, 1 տոննան՝ 128 ԱՄՆ դոլար, բենզին՝ 2,8 հազ. տ, 1 տոննան՝ 204 ԱՄՆ դոլար, դիզվառելիք՝ 25,7 հազ. տոննա, 1 տոննան՝ 183 ԱՄՆ դոլար։ Սակայն 1993թ. Հայաստան նավթամթերքների մատակարարման ծառայություններ կատարող «Ռոսկոնտրակտ» կորպորացիայի հետ կազմված ակտով նավթամթերքների 1 տոննայի գները ցույց են տրվել ավելի ցածր». համապատասխանաբար՝ 110, 170 եւ 167 դոլար։ Փոփոխվել են նաեւ մազութի գները. 80 եւ 70 դոլար։
Ուսումնասիրության արդյունքը։ Հանձնաժողովը թյուրիմացության մեջ է. շփոթված են 1993-ի եւ 1994-ի գները։ Այսինքն, հայ-ռուսական ակտերում տեղի է ունեցել ոչ թե գների փոփոխություն, այլ դրանք տարբեր տարիների (93 եւ 94 թվականներ) այդ վառելատեսակի համաշխարհային գներն են։ Ի դեպ, եթե անգամ այնպես լիներ, ինչպես նշված է հանձնաժողովի զեկույցում, ապա միայն պետք էր ողջունել՝ գներն իջեցնելն եւ դրանով իսկ հայ սպառողի բեռը թեթեւացնելը։
Դրվագ 9: Հարցադրում: Զեկույցում նշվում է, որ ըստ հանրապետական դատախազության տրամադրված տեղեկանքի, 1993թ. մայիս-օգոստոս ամիսներին հում նավթի 1 տոննայի ներքին գինը ՌԴ-ում կազմել է 30-40 դոլար:
Ուսումնասիրության արդյունքը: Զեկույցի հեղինակները «մոռացել» են, որ 1991թ. օգոստոսից Հայաստանը եւ Ռուսաստանը անկախ պետություններ են եւ այդ անկախ պետությունների վարչապետներ Խ.Հարությունյանը, եւ Ե.Գայդարը 1992թ. սեպտեմբերին Երեւանում պայմանագիր էին ստորագրել, ըստ որի ստրատեգիական ապրանքների փոխանակությունն իրականացվելու է միջազգային գներով: Հետեւաբար այլ պետության ներքին գինը Հայաստանին չի առնչվում: Թուրքմենստանում գազն անվճար է, իսկ Իրանում՝ դիզվառելիքը շատ էժան։ Դա որեւէ նշանակություն ունի՞ Հայաստանի համար:
Դրվագ 10: Հարցադրում: Ըստ հանձնաժողովի զեկույցի. «1993թ. վրացական կողմին վաճառած նավթամթերքների ընդհանուր գումարը ՌԴ-ի ձեռք բերված գներով կազմել է 13,63 մլն դոլար: Սակայն վրացական կողմի հետ կնքվել է 6,5 մլն ԱՄՆ դոլարի միջպետական պայմանագիր, որով գներն իջեցվել են 47,7%-ով»:
Ուսումնասիրության արդյունքը: Փաստերը խեղաթյուրված են: 1993-1996թթ. ՀՀ կառավարությունը Վրաստանի կառավարության հետ կնքել է 4 համաձայնագիր, ստորագրել մի քանի արձանագրություններ, որով Վրաստանը Հայաստանին պարտք է մնացել 19,593 մլն դոլար: 6,5 մլն դոլարը այդ համաձայնագրերի սկիզբն է միայն: 1996թ. Վրաստանը ընդունել է եւս 13,093 մլն դոլարի պարտքը: Պետք է նշել, որ ՀՀ կառավարության 1993-1996թթ. Վրաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ջանքերը հաջողությամբ են պսակվել. հայկական կողմի հաշվենկատ տնտեսական քաղաքականության շնորհիվ Հայաստանը խուսափել է ֆինանսական եւ նյութական կորուստներից: Նավթամթերքների առումով Վրաստանը ստացել է միայն բեռների փոխադրման եւ հումքի վերամշակման վարձը: Վրաստանի տարածքում բոլոր կորած բեռներն ի վերջո գրանցվել են որպես այդ երկրի միջպետական պարտք Հայաստանի նկատմամբ (տես՝ 1996թ. հունիսի 5-ի համաձայնագիրը երկու երկրների կառավարությունների միջեւ): Ներկայումս Հայաստանը ստանում է այդ միջոցները:
Դրվագ 11: Հարցադրում: Զեկույցում բերվում են տվյալներ 1993թ. Վրաստանում հում նավթի վերամշակման մասին. 224 հազ. տ հում նավթից վրացական կողմին համաձայն պայմանագրի թողնվել է 72,3-ը, իսկ մնացածից ստացվել է 61,2 հազ. տ մազութ: Բացի այդ, հայկական կողմը կարողացել է ներկրել եւս 162 հազ. տ մազութ, որից, համաձայն պայմանագրի, Վրաստանին թողնվել է 35,4 հազ. տ: Ընդամենը Հայաստան պետք է ներկրվեր 188,7 հազ. տ մազութ: Սակայն, ըստ զեկույցի, ՀՀ էներգետիկայի նախարարության տեղեկանքի համաձայն, Բաթում քաղաքից բարձվել է 234 հազ. տ մազութ, այդ թվում ՝ 38,2 հազ. տ հումանիտար, 20,8 հազ. տ Եվրախորհրդի եւ 17,4 հազ. տ չճշտված աղբյուրներից ստացված մազութ: Ըստ զեկույցի, պակասում է 31,1 հազ. տ (188,7+38,2+ 20,8+17,4-234,0) մազութ:
Ուսումնասիրության արդյունքը: Հանձնաժողովը պարզապես խճճվել է թվերի մեջ (կամ էլ միտումնավոր խեղաթյուրում է): 1996թ. հունիսի 5-ի հայ-վրացական միջկառավարական համաձայնագրով Վրաստանը Հայաստանին փոխհատուցել է նավթամթերքների մատակարարման հետ կապված բոլոր կորուստները: Բացի այդ, այս դեպքում առկա են տարրական թվաբանական սխալներ: Նախ, պետք է լինի ոչ թե 188,7, այլ՝ 187,8 (162-35,4+61,2): Երկրորդ, ըստ երեւույթին, 38,2 հազ. տ-ն կրկնակի է հաշվառված. 20,8+17,4=38,2: Սրա եւ առաջին թվի գումարը կազմում է 236 հազ. տ: Բոլոր դեպքերում վառելիքի քանակի նման կարգի տարբերությունները փոխհատուցվել են Վրաստանի կողմից:
Դրվագ 12: Հարցադրում: Հանձնաժողովի զեկույցում ասվում է. «քվոտային մազութը մենք այլեւս չենք կարողացել տնօրինել, թե ինչ պատճառներով, այդ խնդիրը դեռեւս պարզաբանման փուլում է»:
Ուսումնասիրության արդյունքը: Քվոտան սոսկ իրավունք էր Ռուսաստանից վառելանյութ ներկրելու համար: Այն միեւնույն ժամանակ լիցենզիայի դեր էր խաղում նավթամթերքները ՌԴ-ից արտահանելու պարագայում: Շնորհիվ հայ-ռուսական այն ժամանակ առկա գործնական հարաբերությունների, ՀՀ կառավարությունը միշտ էլ կարողացել է ունենալ այնքան քվոտա, որքան անհրաժեշտ է: Քվոտայի այս կամ այն տոկոսով օգտագործելը ֆինանսական հարաբերությունների հետ ոչ մի կապ չունի:
Դրվագ 13: Հարցադրում: Զեկույցում ասվում է. «Համաձայն Հայաստանի «Երկաթուղի» ՊՁ տեղեկանքի, 1993 թ. Հայաստան է տեղափոխվել 148,7 հազ. տ մազութ, ՀՀ Մաքսային վարչության ներկայացրած փոխադրման ամփոփագրերով՝ 156 հազ. տ, ՀՀ վիճվարչության տեղեկանքի համաձայն, 228 հազ. տ, իսկ «Հայէներգո» ՊՁ հաշվետվությունների համաձայն ՋԷԿ-երում ստացվել է 162,6 հազ.տ մազութ»:
Ուսումնասիրության արդյունքը: Կրկին նշենք, որ հանձնաժողովն իր տվյալների հիմքում պարտավոր էր վերցնել ձեռնարկությունների եւ կազմակերպությունների սկզբնա-կան հաշվետվություններում գրանցված տվյալները, որը կօգներ խուսափել այս կարգի թյուրիմացություններից: Առաջին դրվագում նշվածին պետք է ավելացնել, որ մաքսային վարչության եւ վիճվարչության տվյալների տարբերությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ հումանիտար օգնությունը 1993 թ. մաքսազերծումից ազատված էր, եւ մաքսային վարչության կողմից կարող էր մազութի քանակության մեջ հաշվի չառնվել: ՀՀ վիճվարչության թիվը (288 հազ. տ) գրեթե համապատասխանում է ՀՀ էներգոնախի թվին, տարբերությունը, հնարավոր է, պայմանավորված է նրանով, որ մազութի մի մասը առաքվել է 1993թ. (տարեվերջին), իսկ մուտքագրվել՝ 1994 թ.: Էական հարց է, թերեւս, երկաթգծի եւ մաքսային վարչության տվյալների տարբերությունը (7,3 հազ. տ): Պետք է մասնավորապես պարզել, թե ինչպես են հաշվառվել հումանիտար բեռները երկաթգծում:
Դրվագ 14: Հարցադրում: Հայկոնտրակտը Հայնավթամթերքին 5,2 հազ.տ մազութ (799 հազ. դոլար) պակաս է հանձնել, քան ստացել էր Ռոսկոնտրակտից:
Ուսումնասիրության արդյունքը: 1993 թ. ռուսական մազութը Հայաստան տեղափոխելու աշխատանքները ֆինանսավորվել են ամերիկյան կառավարության կողմից: Պրոցեսին մասնակից ուկրաինական կողմը պահանջվող 25 հազ. տ տանկերի փոխարեն տրամադրել է 20 հազ. տոննանոց տանկեր: Անիմաստ է դարձել այդ 5 հազ. տոննայի առանձին փոխադրումը: Ուստի այն հանձնվել է տրանսպորտային կազմակերպությանը փոխադրման վարձի դիմաց:
Դրվագ 15: Հարցադրում: Զեկույցում ասվում է, որ ՀՀ պարտքը ՌԴ-ին 1993-1994թթ. քլիրինգային առաքումների գծով կազմել է 27,45 մլն դոլար: «Սակայն 1995 թվականի փոխադարձ ակտով, առանց որեւէ հաշվարկի, պարտքն արտացոլվել է 33,99 մլն դոլար կամ 6,945 մլն դոլարով ավելի»:
Ուսումնասիրության արդյունքը: Հանձնաժողովը, մեղմ ասած, սխալվում է. 6,945 մլն դոլարը 1993թ. գոյացած 34,4 մլն դոլար տարբերությամբ (47,7-7,69-4,6) պարտքի տոկոսներն են սովորական դրույքներով: Դրվագ 16: Հարցադրում: Զեկույցում նշվում է, որ իբր թե «պետական կառույցների կողմից տրված փաստաթղթերի թվային տարբերությունը 1994 թ. համար կազմում է շուրջ 75 հազ. տոննա»: Ասել է թե՝ 110 հազ. տ-ի փոխարեն Հայաստան պետք է ներկրվեր 185 հազ. տոննա: Ուսումնասիրության արդյունքը: Նախքան Ազգային ժողովի ամբիոնից խոսելը, պետք էր գոնե փորձել ամեն բան պարզել։ Այդ դեպքում դժվար չէր լինի տեղեկանալ, որ 22 հազ. տ մազութը թողնվել է վրացական կողմին Բաթումի գործարանի կողմից՝ ՌԴ-ից ներկրված հում նավթի վերամշակման ծախսերը փակելու համար: Ինչ վերաբերում է «Հայաստան» հիմնադրամին, ապա 2000 թ. մարտի 23-ին հիմնադրամի ներկայացուցիչը հայտարարեց հիմնադրամի մասով որեւէ խնդիր չլինելու մասին:
Դրվագ 17։ Հարցադրում։ Զեկույցում ասվում է, որ 1995թ. երկաթուղու տվյալներով հանրապետություն մուտք է գործել 75,8, մաքսային վարչության տվյալներով՝ 105,5, իսկ վիճվարչության տվյալներով՝ 65,9 հազ. տ մազութ։
Ուսումնասիրության արդյունքը։ Կրկին ստիպված ենք նշել, որ խախտումների մասին ենթադրյալ փաստերի առումով կարելի է խոսել միայն կազմակերպությունների սկզբնական հաշվետվությունների տվյալների հիման վրա։ Այս դեպքում, օրինակ, հումանիտար մազութ (ընդ որում՝ միանվագ) ներկրած մի շարք կազմակերպություններ պարզապես հաշվետվություններ չեն լրացրել եւ վիճվարչությանը չեն ներկայացրել՝ իբրեւ կոնկրետ մազութի ներկրում։ Հայէներգոյի մուտքագրած մազութի եւ ստացածի տարբերության մասին բացատրությունը բերված է վերեւում։
Դրվագ 18։ Հարցադրում։ Զեկույցում ասվում է, որ 1995թ. «Դվին» կոնցեռնը ոսկու խտանյութ է վաճառել Հայէներգոյին՝ 2536 տ՝ 250 դոլար գնով։ Հայէներգոն սույն խտանյութը վաճառել է «Տրանսֆիգուրաբեխեր»-ին, որը դրա դիմաց մազութ է առաքել Հայաստան։ Ընդ որում, նախ, Հայէներգոն ավելի էժան է վաճառել ռուսական կազմակերպությանը, քան ձեռք է բերել «Դվին» կոնցեռնից եւ, երկրորդ, այդ ճանապարհով ձեռք բերած մազութն ի վերջո 80-90-ի փոխարեն մեզ վրա նստել է 225 դոլար։
Ուսումնասիրության արդյունքը։ Հայէներգոն ռուսներին ոսկու խտանյութը վաճառել է անկախ միջազգային փորձագիտության տվյալների հիման վրա։ Արդյունքում ոսկու խտանյութի պարունակությունն իջեցվել է։ Տվյալ դեպքում Հայէներգոն իրավացի է, քանի որ միջազգային անկախ փորձաքննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ Ֆիննախի կողմից արվող գնահատականը (մեթոդիկան) հնացած է, եւ արդեն տարիներ շարունակ ոսկու խտանյութ գնողների արդարացի դժգոհությունն է առաջացնում։ Ի դեպ, 1995թ. Հայաստան 80-90 դոլարով նորմալ մազութ անհնարին էր բերել։ 225 դոլար թիվը հանձնաժողովի սխալ թվաբանության արդյունք է։ Դրվագ 19։ Հարցադրում։ Զեկույցում ասվում է, որ 1997թ. Հրազդանի ՋԷԿ-ը «մեռած մազութ» անվանման տակ էժան գներով վաճառել է 5734,8 տոննա մազութ։ Ուսումնասիրության արդյունքը։ Ընդհանուր առմամբ փաստը համապատասխանում է իրականությանը։
Դրվագ 20։ Հարցադրում։ Զեկույցում բերված է մի երկարաշունչ պարբերություն Հրազդանի ՊՇԷԿ-ում եւ Երեւանի ՋԷԿ-ում 1 կվտ/ժամ հոսանք արտադրելու պայմանական վառելիքի (ՊՎ) տեսակարար ծախսի մասին։ Այս պարբերության իմաստն այն է, որ վառելիքի ծախսը չի պակասել։ Բերվում են թվեր. եթե 1994թ. օգոստոսին 1կվտ/ժամ հոսանքի արտադրության վրա ծախսվել է 330 գրամ, ապա 1995թ. օգոստոսին՝ 525։ Հանձնաժողովի նախագահ Դ. Լոքյանը Ազգային հեռուստատեսությամբ հայտարարեց, որ եթե 1994թ. 1կվտ/ժամ հոսանքի արտադրության վրա ծախսվել է 505, ապա 1998-ին՝ 331 գրամ ՊՎ։
Ուսումնասիրության արդյունքը։ Դ. Լոքյանի հարցազրույցը չի համապատասխանում իրականությանը: 1994թ. 1կվտ/ ժամ հոսանքի արտադրության վրա ծախսվել է 373,9 գրամ ՊՎ, իսկ 1998-ին՝ 397,5։ Ընդհանրապես վերջին տարիներին ՋԷԿ-երում ՊՎ ծախսը կայուն է եղել՝ մոտ 390 գրամ, առանձին տարիներին տատանվելով ընդամենը 1-2%։ Ինչ վերաբերում է առանձին օրերի ՊՎ ծախսի համեմատությանը (1994 եւ 1995թթ. համար), ապա առանձին օրերի վառելիքի ծախսի համեմատությունը պարզապես ոչ կոմպետենտության արդյունք է:
Դրվագ 21։ Հարցադրում։ Մազութի խոնավությունը հաշվի չառնելու հետեւանքով դուրս է գրվել եւ թաքցվել 3620 տ մազութ 46,6 մլն դոլարի չափով։ Հանձնաժողովի անդամ Մ.Գասպարյանի կողմից այս թիվը շտկվել է 10 անգամ. 4,6 մլն դոլար։
Ուսումնասիրության արդյունքը։ Հանձնաժողովի անդամները չեն խորացել խնդրի էության մեջ։ Վրաստանից ստացվող մազութի վրա հաճախ ջուր էր լցված լինում։ Դրա հետ կապված հայկական կողմը որպես վագոնների կապարակնքող հրավիրում է հոլանդական «Սեյբոլդ» կազմակերպությանը։ Սա նույնպես խնդիրը չլուծեց. Վրաստանից մազութը գալիս էր ջրով խառնված։ Իսկապես հայկական կողմը տուժել է, բայց ոչ 46 եւ ոչ էլ 4,6 մլն դոլարի չափով, այլ՝ 0,5 մլն դոլարի։
Դրվագ 22։ Հարցադրում։ Զեկույցում ասվում է, որ 1992-1996թթ. ընթացքում «Կոտայքգազ»-ը եւ Հրազդանի ՊՇԷԿ-ը խախտել են գազի քանակի որոշման պայմանագրերը. գազաչափման հիմնախնդրի հետ կապված (միշտ օգտագործվել են ՊՇԷԿ-ի տարածքում գտնվող գազաչափիչ սարքերը) մատակարարված գազի պակաս 48 եւ 11,9 մլն խմ տարբերություն է գրանցված (4,9 մլն դոլար գումարով)։
Ուսումնասիրության արդյունքը։ Այս երկու կազմակերպությունների վեճն առկա է դեռեւս Խորհրդային Հայաստանի ժամանակներից։ 1995թ. հունվարից վեճը դադարել է, քանի որ Հայգազարդը ստիպված տեղադրել է սեփական գազաչափիչ հանգույց։ Խախտման վերաբերյալ նշված թվերը համապատասխանում են իրականությանը։ Բայց սա գաղտնիք չի եղել, բազմիցս քննարկվել է նախկին պետական այրերի կողմից, նույնիսկ հանձնարարականներ են տրվել իրավապահ մարմիններին։ Սույն փաստով վնասը (բայց ոչ թե պետության, այլ տնտեսավարող սուբյեկտի) կազմել է 4,9 մլն դոլար։
Դրվագ 23։ Հարցադրում։ Զեկույցում ասվում է, որ Թուրթրեյդին մենաշնորհ է տրված եղել՝ դեպի Թուրքմենստան քլիրինգային առաքումներ կազմակերպելու հարցում։ Մասնավորապես, Թուրթրեյդը մրցութային հիմունքներով չէ ապրանքները գնել հայ արտադրողներից եւ առաքել Թուրքմենստան։ Նշվում է նաեւ այն, որ Թուրթրեյդը լամպերը, շարժական էլեկտրակայանները Թուրքմենստան է ուղարկել բարձր գներով։ Իբրեւ բացասական օրինակ նշվում է այն, թե ինչպես է «Դվին» կոնցեռնը շարժական կայանը ձեռք բերել «Հայէլեկտրամեքենա» ՊՓԲ-ից 16 հազ. դոլարով, վաճառել այն Թուրթրեյդին 26 հազարով, իսկ վերջինս էլ այն առաքել է Թուրքմենստան 37 հազ. դոլարով։ Սրան զուգահեռ նշվում է նաեւ «Պրոմէներգո» կազմակերպության մասին. վերջինս ձեռնարկություններին գազը մատակարարել է 4 դոլար ավելի բարձր գնով։
Ուսումնասիրության արդյունքը։ Նախ, Թուրթրեյդը բացարձակ մենաշնորհ չի ունեցել, չնայած եղել է ապրանքների հիմնական առաքողը Թուրքմենստան։ Սա եղել է հայկական կողմի իրավունքը, եւ քլիրինգին պատասխանատու նախարարությունները (նյութական ռեսուրսների, էներգետիկայի) նման որոշում են կայացրել (իրենց իրավասությանը համապատասխան)։ Երկրորդ, Թուրթրեյդը չէր կարող ապրանքների հիմնական անվանացանկը կազմակերպել մրցութային հիմունքներով։ Ի՞նչ մրցույթ կարող է լինել, եթե գնորդը մեկն է, վաճառողը՝ նույնպես մեկը. Թուրքմենստան առաքած ապրանքները հիմնականում մեկ մատակարար ունեին. ծխախոտ, ոսկերչական իրեր, լամպեր, շարժական էլեկտրակայաններ եւ այլն։ Ի դեպ, թուրքմենական քլիրինգն իրացվել է մեծ արդյունավետությամբ. 1992-1995թթ. Հայաստանը Թուրքմենստանից ստացել է 300 մլն դոլարի գազ, փոխարենը 265 մլն դոլարի առաքումներ ու վճարումներ կատարել։ Հայկական ոսկեղենն, օրինակ, քլիրինգում արտացոլված է եղել գրամը 21 դոլար գնով, 1 տուփ ծխախոտը՝ 1,1 դոլար գնով եւ այլն։ Երրորդ, «Դվինը» «Հայէլեկտրամեքենա» ՊՓԲ-ից ապրանքները գնել է մի գնով եւ վաճառել մյուսով, քանի որ միաժամանակ այդ ձեռնարկության նկատմամբ իրականացրել է ծառայությունների եւ հումքի մատակարարում։ Բացի այդ, սա տնտեսավարող սուբյեկտների ներքին գործն է եղել։ Չորրորդ, «Պրոմէներգոն» ձեռնարկություններին գազը մատակարարել է 4 դոլարով ավելի բարձր գնով, որովհետեւ ՀՀ էներգոնախը սահմանել է Հայաստանի տարածքում գազի փոխադրման ավելի բարձր գին այն արդյունաբերական ձեռնարկությունների համար, որոնք գազը ստանում էին «Պրոմէներգոյից»։ Նախարարությունն այս քայլին է դիմել էներգետիկների ծանր ֆինանսական վիճակը թեթեւացնելու համար։
Թուրքմենստանի հետ քլիրինգի արդյունքում Հայաստանի տնտեսությունը ստացել է 120 մլն դոլարի էֆեկտ՝ չհաշված ձեռնարկություններին պատվերները, ինչը նպաստել է այդ տարիների տնտեսության աճին:
Դրվագ 24։ Հարցադրում։ Զեկույցում ասվում է. «Սկսած 1998թ. Հայաստանը գազի որոշակի ծավալ ստանում է առանց վճարման։ Դա այն հայտնի պայմանագրի արդյունքն է, որով ՀՀ ամբողջ ներքին խողովակաշարի 55 տոկոսը տրամադրվեց ռուսական կողմին, որի դիմաց 148 մլն ԱՄՆ դոլար արժեքով ստանալու ենք 2,2 մլրդ խմ գազ։
Ուսումնասիրության արդյունքը։ 1997թ. ստեղծվել է հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն: 1998թ. իրոք գազային ցանցը վաճառվել է: Այս դրվագի վերաբերյալ կկատարվի առանձին հետազոտություն, որի արդյունքները հետագայում կներկայացվեն:
Եզրակացություն
Հանձնաժողովի զեկույցում արտացոլված 24 դրվագների վերջնական ուսումնասիրությունը պահանջում է հարցումներ անելու հնարավորություն եւ պաշտոնական տեղեկատվություն։ Այդուհանդերձ 16 դրվագներում (1, 3, 4, 5, 7, 8, 9, 10, 12, 14, 15, 16, 17, 18, 20, 23) «փաստերով» արձանագրված «խախտումներով» պետության ֆինանսական կորուստները կազմում են 0 լումա։
Պոտենցիալ խախտումների մասին կարելի է խոսել 24 դրվագներից միայն 3-ում: Դրանցից մեկի՝ 1992թ. դեպքի (600 մլն ռ. պատմությունը) առնչությամբ այն տարիներին կառավարության միջնորդությամբ դատախազությունը գործ է հարուցել, իսկ երկրորդի՝ 1997թ. (Հրազդանի ՊՇԷԿ-ից մազութ ծախելը) եւ երրորդի՝ 1998թ. (հանրապետության գազային ցանցի վաճառքը) գումարային արտահայտությունը կազմում է 149,1 մլն դոլար, որից 148,4-ը վերաբերում է 1997-98թթ.։ Այսինքն նախկիններին խարազանելու հստակ նպատակ հետապնդելով, հանձնաժողովն անկախ իրենից հանգել է ներկաների կողմից թույլ տրված ապօրինություններին։
Մնացած 22 դրվագներից ինչ-որ խախտումներ (5,17 մլն դոլար) հնարավոր են միայն 2-ում: Սակայն դրանք վերաբերում են ոչ պետական տնտեսավարող սուբյեկտներին։
Կառավարությանը, պետական կառավարման մարմինների գործունեությանը վերաբերող որեւէ «փաստ», «խախտում» գոյություն չունի։
Ընդհանուր առմամբ «մութ» տարիների (1991-1995թթ.) հետ կապված տեսականորեն առավելագույն հնարավոր խախտումը կազմում է 5,87 մլն դոլար (5,17+149,1-148,4), եթե, իհարկե, քննությունն ապացուցի, որ սույն իրադարձություններում որեւէ խախտում կա։ Նշված գումարով հնարավոր էր գնել մոտ 42 հազ. տ մազութ, որը 5 տարիների ընթացքում ընդամենը 3,5 օրվա էլեկտրաէներգիա է։ Այսինքն, հանձնաժողովի բերած տվյալներից բխում է, որ յուրաքանչյուր տարի հնարավոր էր բնակչությանը ապահովել 0,7 օր ավելի հոսանքով: Այն խախտումները, որոնք նշվում են հանձնաժողովի կողմից եւ հասցեագրված են նախկիններին, վերջիններիս կողմից քննված, իսկ երբեմն նաեւ օրենքով սահմանված կարգով պատժված իրադարձություններ են։ Հաճախ հանձնաժողովը պարզապես արտագրել է հատվածներ դատախազության հին տեղեկանքներից։ Իսկ որոշ դրվագներ, որոնք բազմիցս նախկինում քննարկվել են կառավարությունում, արտագրված են նախարարությունների հին տեղեկանքներից։
24 դրվագներից 19172ը իրականության հետ չառնչվող «փաստեր» են, չստուգված տեղեկություններ, անհարկի հայտարարություններ, սխալներ, հնարավոր է նաեւ՝ միտումնավոր ապատեղեկատվություն։ Ավելին, ինչպես մինչեւ մարտի 22172ը, այնպես էլ դրանից հետո հանձնաժողովի նախագահը, առանձին անդամներ պետական լրատվական միջոցներով առանց հիմքերի հայտարարություններ են արել, թվեր հրապարակել, կեղծիքներ տարածել։
Մինչեւ քննարկվող զեկույցը հանձնաժողովի անդամները, նրանց ետեւում կանգնած կուսակցությունները թմբկահարում էին, որ էլեկտրաէներգիա է արտադրվել, սակայն այն բնակչությանը չի տրվել։ Հիմա ասում են, որ մազութն ու գազն են «կերել»։ Ուրեմն էլեկտրաէներգիա, այնուամենայնիվ, չի արտադրվել։ Այժմ պարզվում է, որ մազութն ու գազն էլ են սխալ։ Վաղն ի՞նչ են ասելու:
Ինչպես տեսանք, հիմնական խախտումները կապված են ներկաների հետ։ Այս պարագայում հանձնաժողովի զեկույցում դրանց միայն հպանցիկ անդրադարձ է կատարված։ Բացի այդ, ակնհայտ է հանձնաժողովի կողմնակալությունը։ Այսպես, 1992-1999 թթ. հանրապետությունում պաշտոնավարել են 7 վարչապետ։ Զեկույցում նշված է միայն Հ.Բագրատյանի անունը (հետագայում հանձնաժողովի առանձին անդամներ հպանցիկ նշել են նաեւ Գ.Հարությունյանի եւ Խ.Հարությունյանի անունները)։ Ինչո՞ւ, օրինակ, չի նշված Ռ. Քոչարյանի եւ Ա.Դարբինյանի անունները։ Կամ ինչո՞ւ հանձնաժողովն իր ուսումնասիրությունը չի կատարում սկսած 1991թ.-ից, երբ Վ.Մանուկյանի վարչապետության օրոք սկսվեցին իրականացվել էլեկտրաէներգիայի առաջին հովհարային անջատումները եւ Սեւանի ջրի բացթողումները։
Վերջապես ոչ ոք չի կարող պնդել, որ ընդհանրապես, եւ էներգետիկայի ոլորտում մասնավորապես, չարաշահումներ չեն եղել եւ հիմա էլ չկան: Իհարկե եղել են եւ կան: Հանձնաժողովի անդամների, ներկայիս իշխանությունների եւ նրանց սատարող ուժերի նպատակն ակնհայտ է՝ պատրանք ստեղծել, որ այդ տարիների չարաշահումները եղել են նպատակաուղղված պետական քաղաքականություն: Հանձնաժողովը՝ ըստ էության, քաղաքական պատվեր է կատարում։
21-րդ դար ժողովրդավարական ազգային կուսակցության տնտեսագիտական հանձնախումբ