Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խորհրդարանային օրվա քրոնիկոն

Ապրիլ 05,2000 00:00
Azgayin joxov

Առանց սուր զգացողությունների պարզապես չենք պատկերացնում մեր կյանքը։ Հանգիստ, խաղաղ, առանց որեւէ մեկին հանձնելու, դատելու, քննադատելու, հայհոյելու կյանքն անիմաստ է թվում։

Հասարակության հայելին այս խորհրդարանն է, որը ինքն է ընտրել։ Եվ եթե հասարակությունն այդպիսին է, ինչո՞ւ պետք է խորհրդարանն ուրիշ լինի։ ԱԺ հերթական եռօրյան հերթական անգամ անդավաճան մնաց խորհրդարանական բարի ավանդույթին։ Օրվա առաջին կեսի սենսացիայից հետո, երբ ազգային երեսփոխաններն իրենցից մեկին եւս հանձնեցին, խորհրդարանի կյանքը մի տեսակ մեռավ։ Բազմաթիվ օրենքների նախագծեր պետք է քննարկվեին եւ քվեարկվեին։ Դահլիճը կիսադատարկից էլ կիսադատարկ էր, պատգամավորների ուշքն ու միտքը՝ հերթական հաղթական հանձնումը, բայց բարձրախոսից հնչում էին օրենքների նախագծերի մասին ելույթներ, ժամանակ առ ժամանակ էլ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի ձայնն էր հնչում. «Հարգելի պատգամավորներ, մի աղմկեք, լսեք ելույթ ունեցողին, առանց այն էլ դահլիճում երկու տասնյակից քիչ մարդ կա»։

Ավելի ուշ, խորհրդարանի նման պասիվ պահվածքի մասին պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը կասի. «Խորհրդարանն իր բնականոն գործունեությունը պետք է շարունակի, միաժամանակ արձագանքելով նաեւ հանրապետության ներքաղաքական եւ արտաքին քաղաքական բոլոր իրադարձություններին։ Ինչ վերաբերում է պատգամավորների պասիվությանը, ապա դրա պատճառներից մեկն այն է, որ պատգամավորների մեծ մասը օրենսդրական գործունեությամբ չի զբաղվում։ Եթե դուք նայեք, թե ո՞ր պատգամավորներն են օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալիս, ապա դա նույն պատգամավորներն են կամ նույն խմբակցությունները։ Սա օբյեկտիվ հանգամանք է։ Հոկտեմբերի 27-ի դեպքերը բացասաբար ազդեցին խորհրդարանի վրա»։ Այնուհետեւ պրն Դալլաքյանը արձանագրեց, որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհում է ընդունված, որ դահլիճում պատգամավորների պակասություն զգացվի։ Նույնիսկ երկրներ կան, որոնց կանոնակարգում նշված է քվեարկության ժամանակը, եւ դրա համար այստեղ որեւէ ողբերգություն պրն Դալլաքյանը չի տեսնում։ Նույն Անգլիայում, օրինակ, ելույթ ունեցողին դահլիճում նստած լսում է միայն խորհրդարանի նախագահը։ Մենք Անգլիայից ինչո՞վ ենք պակաս։

Հայտարարությունների տախտակ

Խորհրդարանական հայտարարությունների հիթ-շքերթի առաջին հորիզոնականը կրկին գրավեց պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը։ Պրն Գեւորգյանը՝ մատը շատ ցավոտ կետի դնելով, ասաց. «Երեկվա հաղթանակն այսօր վտանգի տակ է։ Մարդն այսօր արժեքազրկված է, որը լուռ տարավ ցուրտն ու խավարը եւ այդ ձեւով սատարեց երկապահի հաղթանակին»։ Որպես ԵԿՄ վարչության անդամ պրն Գեւորգյանը հայտարարեց, որ «երկրում տիրող արտագաղթի զգալի մասը վերջին տարիներին պայմանավորված է հարկային ոչ ճիշտ օրենքների ծնունդով եւ տարվող ոչ ճիշտ հարկային քաղաքականությամբ։ Իսկ այսօր հակառակի պես «չենջի» նժարի վրա են դրված օտարերկրյա հաշվիչ դրամարկղը եւ հայ մարդը։ Երկու դեպքում էլ տուժում է պետությունը»։

Հիթ-շքերթի երկրորդ տեղը խլեց պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, որն իր ասելով խիստ կարեւոր հայտարարություն արեց։ Այս հայտարարությանը չենք անդրադառնում միտումնավոր, քանի որ պրն Հովհաննիսյանը կտրականապես հրաժարվում է պատասխանել մեր հարցերին, մենք էլ կտրականապես հրաժարվում ենք ներկայացնել նրա ասածները։ Հիթ-շքերթի երրորդ տեղում Դավիթ Հովհաննեսն էր, որը կրթության եւ գիտության նախարար Էդ. Ղազարյանին լիքը ասելիք ուներ։ Հայտարարությունների ժամն օգտագործելով՝ ասաց. «Նախարարը հայտարարեց, թե վարկային ծրագիրը իրագործվում է լավագույն կերպով, ամբիոնից իջնելով, Էդ. Ղազարյանը հայտարարեց, թե իբր ես իրեն կաշառակեր եմ հանում։ Ես չեմ պնդում, ավետարանական հայտնի հայտարարությամբ ավելացնում եմ, ես չասացի, դու ասացիր»։ Խորհրդարանն իրոք իր դերի մեջ է, ազգային երեսփոխաններն, իրոք, մեկը մյուսին արժեն։ Հայտարարությունների ցուցակը խորհրդանշական թվից էր բաղկացած՝ 12։ Բայց ելույթ ունեցողներից ոչ մեկը առաքյալի կարգավիճակ եւ առաքյալի պահվածք չուներ, թեպետ սա բոլորովին պարտադիր չէ։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930