Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ

Ապրիլ 05,2000 00:00
evropayi xorhurd

Որ ապրիլի 4-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերի դահլիճի հարեւանությամբ բացված ցուցահանդեսը ոչ թե զուտ մշակութային, այլեւ առաջին հերթին քաղաքական միջոցառում էր, կարելի է փաստել հենց թեկուզ ցուցահանդեսի ներկայացման հանդիսավոր արարողության ժամանակ ԵԽ ԽՎ նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնի խոսքով։

Նա ասաց, թե կարելի է կարծել, որ ցուցահանդեսը խրախուսական նշանակություն կունենա ԵԽ աշխատակազմի եւ ԽՎ պատգամավորների համար, որպեսզի ավելի սահուն դառնա Հայաստանի ԵԽ ընդունվելու ընթացքը։

Լորդ Ռասել Ջոնսթոնը մինչեւ ցուցահանդեսը դիտելն ասաց նաեւ, որ Հայաստանի պատմությունը, մշակույթը, կրոնը եւ լեզուն առանձնահատուկ նկարագրով են օժտում հայ ժողովրդին։

Իսկ ցուցահանդեսը բացվեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով, որը փոխանցեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Ստրասբուրգում բացված «Եվրոպա-Հայաստան. պատմության 2500 տարի» ցուցահանդեսի առիթով.

«Այսօր Եվրոպայի խորհրդի հարկի տակ առաջին անգամ կազմակերպվում է մի ուշագրավ միջոցառում՝ «Հայաստան-Եվրոպա. պատմության 2500 տարի» լուսանկարների ցուցահանդեսը։ Այն իր էությամբ եվրոպական մշակույթի եւ արժեքային համակարգի մաս կազմող հայ մշակույթի եւ հայ-եվրոպական մշակութային ընդհանրությունների շարունակությունն ու արտացոլումն է։

Ցուցահանդեսը բացվում է Եվրոպայի խորհրդում հատկապես այն պահին, երբ Հայաստանի Հանրապետությունը մոտենում է կազմակերպությանը լիիրավ անդամակցելուն։ Սրանով մենք ընդգծում ենք մեր առանձնահատուկ վերաբերմունքը Եվրոպայի խորհրդի նկատմամբ, որը մեզ համար նախ եւ առաջ ժողովրդավարության եւ ազատությունների՝ համաեվրոպական արժեքների համակարգը մարմնավորող կառույց է եւ ոչ պարզապես պետությունների միավորում։

Հայ մշակույթն իր դարավոր ավանդույթներով եւ աշխարհընկալմամբ եղել եւ մնում է «բաց համակարգ»։ Լինելով կապող օղակ արեւելյան եւ արեւմտյան քաղաքակրթությունների միջեւ եւ ներառելով այլ ժողովուրդների, մասնավորապես Եվրոպայի մշակութային հարստությունը՝ հայ մշակույթն իր հերթին ավանդ է բերել եվրոպական քրիստոնեական մշակույթի եւ քաղաքակրթության զարգացմանը։

Սեփական ազգային մշակույթի եւ ժառանգության արժեքավորումը, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի գաղափարների ոգով երկրների համագործակցությունը ենթադրում են հարգանք այլ ժողովուրդների մշակույթի եւ արժեքների հանդեպ։

Այսօր այդ խնդիրն արդիականություն է ստանում առավելապես բարեփոխումների փուլում գտնվող երկրների, այդ թվում՝ մեզ համար, երբ իր պատմաքաղաքական եւ պատմամշակութային առանձնահատուկ խնդիրներն ունեցող Հայաստանն ընդհանուր համաեվրոպական համագործակցության մեջ ներգրավելու ընթացքի մեջ է։ Համոզված եմ, որ այս միջոցառումն իր համեստ ներդրումը կունենա եվրոպական ընտանիքին մեր ինտեգրվելու գործընթացում։

Հուսով եմ, որ այցելուները բավականությամբ կդիտեն ցուցանմուշները եւ մեր երկրի մասին իրենց պատկերացումները կհարստացնեն նոր հայացքով։ Երախտագիտություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր աջակցեցին այս միջոցառման իրականացմանը, հատկապես Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնին, կրկին ողջունում եմ «Հայաստան-Եվրոպա. պատմության 2500 տարի» ցուցահանդեսը»։

Ռ. Քոչարյանի ուղերձը ներկայացնելուց հետո Հովհաննես Հովհաննիսյանը Ռ. Ջոնսթոնին նվիրեց «Ջորջ Բայրոնը սբ. Ղազար կղզում» նկարը։

Իսկ ցուցահանդեսը կազմակերպել էին Փարիզ-Հյուսիս համալսարանի դասախոս Կլոդ Մութաֆյանը եւ Փարիզի Նուբարյան հայկական գրադարանի տնօրինությունը։ Ներկայացված էին հայոց վաղնջական ժամանակներն ու միջնադարը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արեւելյան ու Արեւմտյան Եվրոպայի հետ հարաբերությունները նկարագրող պատկերներ։ Իսկ ցուցասրահի առջեւ Եվրամիության եւ Հայաստանի Հանրապետության դրոշներն էին, որոնց շուրջ տարբեր երկրներ ներկայացնող բազմաթիվ քաղաքական գործիչներ էին հավաքվել։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ,

Ազատություն ռ/կ

Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930