Ըստ որոշ լուրերի, վերջին շրջանում Վազգեն Մանուկյանը մի երկու առանձնատեսակցություն է ունեցել նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Քաղաքական շրջանակներում քննարկվում է իրադարձությունների զարգացման մշակված այս սցենարը, թե մայիսի վերջին չի հաստատվելու կառավարության ծրագիրը, նախագահը լուծարելու է խորհրդարանը եւ վարչապետ նշանակելու Վազգեն Մանուկյանին։ Վերջինս կառավարության ղեկավար իրեն նշանակելու հավանականության վերաբերյալ «Առավոտի» հարցին ի պատասխան միայն ասաց. «Ինձ հետ ոչ ոք այդ մասին չի խոսել»։
ԿՈՒՐՎԱԳԾՎԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ
Վենետիկի հանձնաժողովը ապրիլի 2-ին լսեց ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հիմնադրույթների վերաբերյալ ԱԺ իրավագիտական ծառայության (ղեկավար՝ Վլադիմիր Նազարյան) ներկայացրած դրույթները, եւ շատ բարձր գնահատեց դրանք։ Քննարկումներին մասնակցել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Իրավագետների մի փոքրիկ խումբ ապրիլի 26-ին Ստրասբուրգում կհանդիպի եվրոպական յոթ խոշոր մասնագետների հետ։ Ստրասբուրգյան հանդիպումից հետո կուրվագծվի սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը։
Կարդացեք նաև
ՉԱՓԱՆԻՇ
ԱԺ ՆԳ, ԱԱ եւ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը բացառել է, թե Վանո Սիրադեղյանը կարող էր մեկնել հանրապետությունից. «Չեմ կարծում, որ մեր անվտանգության, իրավապահ մարմիններն այդքան թույլ են եւ այդքան անպատասխանատու»։