ԱԺ մուտքի մոտ երեկ ցույց էին անում մի խումբ կրպակատերեր, պահանջելով վերանայել հսկիչ-դրամարկղային մեքենաների վերաբերյալ կառավարության որոշումը։ Բավական խաղաղ ցույց էր, այնուամենայնիվ, «Մարշալ Բաղրամյան» մետրոյի կայարանին հարող պուրակի երկայնքով շարված էին ոստիկաններով լեփ-լեցուն 7 ավտոմեքենաներ։ Ցուցարարների պատվիրակությանն ընդունեց ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը։ Հենց նա էլ, օրվա երկրորդ կեսին, փոխանցեց վարչապետի իրեն հայտնած լավ լուրը, որ հինգշաբթի կառավարության նիստում որոշում կընդունվի եւս 2 ամսով ՀԴՄ-ների ներդրումը հետաձգելու վերաբերյալ։
ՎԱՏ ԼՈՒՐ
Անցած շաբաթավերջին դատախազություն են հրավիրվել ԼՂՀ ԱԺ այն պատգամավորները, որոնք ընդդիմադիր պահվածք են դրսեւորել ԼՂՀ ներիշխանական վերջին զարգացումներում։ Մուրադ Պետրոսյանից, մասնավորապես, փորձել են պարզել Արկադի Ղուկասյանի հրաժարականը պահանջելու դրդապատճառները։ «Ազատություն» ռ/կ-ի համաձայն, լուրեր կան, թե ահաբեկչության մասնակիցները ցուցմունքներ են տվել կազմվելիք ժամանակավոր կառավարության մեջ ընդգրկվելիք անձանց մասին։ Նաեւ նշվում է, թե ահաբեկչության հաջորդ զոհը ԼՂՀ վարչապետն էր լինելու։