ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանին վերաբերող ասեկոսեների քանակն արդեն սպառնում էր որակի վերածվել՝ հեղինակազրկելով ու վարկաբեկելով ե՛ւ նրան անձնապես, ե՛ւ այն պաշտոնը, որ զբաղեցնում է։ Ուստի թերեւս ուղղակի անհրաժեշտ էր, որ նա պարզաբանումներ տար այդ ասեկոսեների վերաբերյալ։
Թիկնապահների պահվածք
ԱԺ նախագահի թիկնապահների առնչությամբ 2-3 պատմություններ աղմուկ հանեցին մամուլում՝ մե՛կ նրանք կրակ էին բացում ինչ-որ մեքենայի վրա, մե՛կ ճանապարհից դուրս հրում նախագահի մամուլի ծառայության ղեկավարի մեքենան, մե՛կ էլ քաղաքապետ Ալբերտ Բազեյանի մեքենային առնչվող ինչ-որ միջադեպ եղավ։ «Այն բոլոր հարցերը, ինչ որ մինչեւ հիմա խոսվել են այս առնչությունների շուրջ՝ երբեք ու երբեք չեն վերաբերում անձամբ ինձ,- նախ ասաց Արմեն Խաչատրյանը։- Այսինքն, եթե թիկնապահների խնդիր կա՝ նրանք Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներ են, այնտեղի աշխատավարձով, ուսուցմամբ եւ պահվածքով։ Նկատի ունեմ, որ նրանք իրենց վարվելակերպն ունեն եւ, թե ինչպես են օպերատիվ աշխատում՝ իմ խնդիրը չէ երբեք»։
Այսուհանդերձ, պրն Խաչատրյանն անդրադարձավ վերոհիշյալ միջադեպերից մեկին՝ հընթացս պարզաբանելով, որ կրակոցները (ի դեպ, ոչ թե մեքենայի վրա, այլ՝ օդ) հնչել էին ոչ թե Ծաղկաձորի ճանապարհին (ինչպես հրապարակվել էր մամուլում), այլ Երեւանում, այսպես կոչված՝ «պլանի գլխի» տարածքում. «Կրակոցները եղել էին ինձանից հետո, երբ տուն էի եկել ու նրանք ճանապարհը շարունակել էին։ Այն կասկածելի մեքենան, որ անընդհատ կտրում էր մեր մեքենայի ճանապարհը՝ փախել էր, կասկածն ավելի խորացրել։ Թիկնապահներն էլ հետապնդել, մի քանի անգամ փորձել էին կանգնեցնել այդ մեքենան, վարորդը չէր ենթարկվել եւ այլն։ Սա նրանց խնդիրն է՝ երբեք ինձ հետ որեւէ առնչություն չունի»։
Կարդացեք նաև
Զրահապատ մեքենա
Պատգամավորների հարցադրումների միջոցով շրջանառության մեջ հայտնված այս խնդիրը, ըստ որոշ լուրերի, շարունակություն էր ունեցել եւ Արմեն Խաչատրյանն իր կուսակից ընկերներին խոստացել էր, որ մեքենայի դիմաց վճարումը կկատարվի ոչ պետբյուջեի գումարներից։ Այժմ այս առնչությամբ մեր հարցին ի պատասխան պրն Խաչատրյանը միայն ասաց. «Զրահապատ մեքենա ունի ե՛ւ նախագահը, ե՛ւ վարչապետը։ Ես էլ պարտավոր էի զրահապատ մեքենա ունենալ՝ հատկապես հոկտեմբերի 27-ից հետո։ Եվ զրահապատ մեքենա չուներ Ղարաբաղի նախագահը ու տեսաք, թե ինչ պատմության մեջ ընկավ»։
«Պրեզիդենտ»-ական խալաթ
«Սա անհեթեթ հերյուրանք է, որին ես հաստատակամորեն ու գիտակցաբար չեմ պատասխանել։ Անհարմար է իջնել այն մակարդակին, որ պատասխանես ամեն անհեթեթության»,- միայն այսքանն ասաց պրն Խաչատրյանը հրապարակված այն լուրի առնչությամբ, թե ինքը Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցից վերցրել է խալաթ, որի արժեքը հետո փոխհատուցվել է։ «Եվ պիտի խնդրեմ մամուլին, այդ լուրերը տարածողներին ու դրանց համար վճարողներին, որ նման վարքագիծ երբեք չդրսեւորեն, քանի որ չի կարելի պետության, պետական այրերի հետ այդքան էժանագին ու նաեւ անձը վիրավորող խաղեր խաղալ»։
ՀԺԿ-ն դժգո՞հ է ԱԺ նախագահից
Մամուլի այն հրապարակումները, թե ՀԺԿ վարչության քաղխորհրդի անդամների մեծամասնությունը համարում է, որ Արմեն Խաչատրյանի գործունեությունը ստվերում է նաեւ իրենց կուսակցությունը՝ հետեւյալ արձագանքին արժանացան. «Սրանք բոլորը հնարովի պատմություններ են, մենք համագործակցված ենք աշխատում ՀԺԿ-ի հետ։ Վերջին երկու հանդիպումների ընթացքում նրանք իրենց վստահությունն արտահայտեցին, որը երբեք չէի էլ կորցրել։ Հրապարակումներում չեն էլ մատնանշում, թե որոշակիորեն ո՛վ է դժգոհություն արտահայտում կամ ինչ առնչությամբ։ Ի հեճուկս այս բոլոր լուրերի, ես իմ հնարավորությունների առավելագույն չափով աշխատում եմ»։
Ուղեւորություն դեպի Ավստրալիա
Առաջիկայում ԱԺ նախագահը մտադիր է այցելել Ավստրալիա եւ նրան ուղեկցելու են Վազգեն Մանուկյանն ու Արտաշես Գեղամյանը, Ռուբեն Հակոբյանն ու Արա Կետիկյանը։ Հետաքրքրվեցինք, թե արդյոք այս այցը հրավիրողների՞ հաշվին է, թե՞ մեր բյուջեի. «Իմ ծախսերը հրավիրող կողմի հաշվին են,- պարզաբանեց պրն Խաչատրյանը։- Ես ընտրել եմ վառ անհատականությունների, մեր խմբակցությունների ղեկավարներին, որ կարողանանք այնտեղ լրջորեն ներկայացնել հայկական խորհրդարանը։ Սպասվում են հանդիպումներ սենատի եւ պառլամենտի նախագահների, արտգործնախարարի, մեր համայնքի հետ։ Նպատակ ունենք այնտեղ հիմնել հյուպատոսարան։ Առաջիկայում օլիմպիադա է՝ դրան նույնպես առնչվող հարցեր կան»։
Խնդիրն էլ հենց այն է, որ հայ-ավստրալիական խորհրդարանական կապերի ամրապնդումն այս պահին, մեղմ ասած, առաջնահերթ չի դիտվում, եթե չանդրադառնանք մնացածին, թե իրականում ո՛ր պաշտոնյաների գործն է Սիդնեյի օլիմպիադան։ Բացի այդ, նման լուրեր կան, որ դեռ անցած տարի, երբ քննարկվել է այցերի ծրագիրը՝ Կարեն Դեմիրճյանն է Ավստրալիա մեկնելու նպատակահարմարության առումով վերապահ վերաբերմունք արտահայտել։ «Ես չեմ կարող ստույգ ասել, թե նա ինչպես է վերաբերվել,- պատասխանեց ԱԺ նախագահը։- Բայց ամեն այց ունի իր նպատակը եւ երբեք չի կարելի դրանք դիտարկել զբոսաշրջիկության շեշտադրմամբ, ինչպես ընդունված է կամ միայն հաշվել, թե ինչքան է կազմում ծախսը։ Ես համոզված եմ եւ կարող եմ հստակ ապացուցել, որ յուրաքանչյուր այց փոխհատուցվում է քաղաքական, նյութական եւ տնտեսական հազարապատիկով։ Խորհրդանշական եմ գնահատում, քանի որ քաղաքական փոխշահավետ վիճակները չի կարելի համարել նյութական արժեք»։
Հույսներդ կտրեք
Թերեւս գրեթե հռետորական էր մեր վերջին հարցադրումը՝ արդյոք Արմեն Խաչատրյանն ինքնակամ հրաժարական տալու մտադրություն ունի՞. «Դա բացառվա՛ծ է։ Այդ մասին խոսելն անգամ ոչ թե ավելորդ է, այլ ընդհանրապես անիմաստ»։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ