ԱԺՄ վարչության անդամ-նախարարը հինգշաբթի կառավարության նիստում ներկայացրեց մի որոշում /որն այնուհետեւ ընդունվեց/, ըստ որի մասնավորեցվում է «Հանթսման-Հայաստան» ՍՊԸ համատեղ ձեռնարկության հայկական բաժնեմասը՝ ուղղակի վաճառքի ձեւով՝ «Հանթսման Քեմիքալ կորպորեյշըն» ընկերությանը: Այդ որոշման կետերից մեկը սահմանում է հայկական բաժնեմասի վաճառքի գինը մեկ դոլարին համարժեք դրամ: Հավանաբար, պրն Վարդանյանը հույս ունի, որ 5-7 տարի հետո չի հայտնվի մի նոր Արշակ Սադոյան, որն այս որոշման կապակցությամբ փրփրոտ ճառեր կարտասանի ալան-թալանի եւ մորմոնական դավադրության մասին:
Արտաշես Գեղամյանը
Այն ժամանակ, երբ ռեւանշիստական հիդրան դեռեւս սողում է մեր սուրբ հողում եւ վերջնականապես ջախջախված չէ մեր փառապանծ չեկիստների կողմից, երբ օրհասական պահն է մեր երկրի եւ անձամբ Սամվել Բաբայանի, ժողովրդի դարդուցավի գլխավոր պաշտպանը լքում է հայրենիքը եւ մեկնում հեռավոր Ավստրալիայի օլիմպիական մայրաքաղաք Սիդնեյ: Ըստ որոշ ենթադրությունների, պրն Գեղամյանը հույս ունի այնտեղից բերել ժամանակակից տեխնիկայով կահավորված կառափնարան եւ մի խումբ աբորիգեն դահիճներ:
Կարդացեք նաև
Սեդրակ Սեդրակյանը
Երեւանի ֆոնդային բորսայի նախագահը առաջարկում է հանձնել կապիտալի շուկայի կարգավորման ֆունկցիաները… կռահեք՝ ո՞ւմ: Այո՛, Երեւանի ֆոնդային բորսային: Ի մասնավորի, մեր լավագույն բիզնեսմեններից մեկը առաջարկեց բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման մեխանիզմներ, որոնք միանգամայն բանական եւ կիրառելի կլինեին, եթե Հայաստանում գոյություն ունենար կապիտալի քաղաքակիրթ շուկա: Հակառակ դեպքում ստացվում է, որ պրն Սեդրակյանը հույս ունի, թե ազատական տնտեսությունը կարող է հաղթել մեկ, առանձին վերցված, բաշխիչ ցանցի դեպքում:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ