Ի հակակշիռ ՀՅԴ եւ Հայաստանի քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչների պնդումների, ԼՂՀ արտգործնախարար Նաիրա Մելքումյանն Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձից երկու օր անց արդեն իսկ միանշանակ հերքեց, թե այն կարող էր ծրագրված լինել արտաքին ուժերի կողմից։
– Արդյոք արդեն այդ պահին Դուք բավարար տեղեկատվություն ունեի՞ք նման կատեգորիկ պնդման համար։ Եվ արդյոք բացառո՞ւմ եք, որ եթե անգամ մահափորձն իրականացնողները տեղացիներ են, այն կարող էր հրահրված, կազմակերպված լինել կամ օգտագործվել երրորդ ուժի կողմից։
– Իմ այդ հայտարարությունը հիմնված էր առաջին հերթին այն տեղեկատվության վրա, որ ես ունեի եւ այն հարաբերությունների, որ մենք ունենք արտաքին աշխարհի հետ։
Այս տարածաշրջանում արտաքին քաղաքական մի քանի դերակատարներ կան։ Մենք ունենք հստակ պատկերացումներ մեր տարածաշրջանում նրանց քաղաքականության վերաբերյալ, եւ նրանք էլ շատ լավ գիտեն մեր վերաբերմունքն այդ քաղաքականության ու նաեւ մեր դիրքորոշումն այս կամ այն արտաքին քաղաքական հարցի նկատմամբ։
Կարդացեք նաև
Արտաքին քաղաքական որեւէ միջամտություն մերժելն, իհարկե, նաեւ իմ համոզմունքն էր, քանի որ մինչեւ մահափորձն էլ տեսնում էի, թե ինչ է կատարվում Ղարաբաղում։
Եվ երրորդը՝ ամենակարեւորը. գուցե մենք պետք է դադարենք դրսում փնտրել մեր դժբախտությունների աղբյուրը։ Ամենայն պատասխանատվությամբ ասեմ, եթե նույնիսկ արտաքին քաղաքական միջամտություն կա երկրում կատարված որեւէ իրադարձության մեջ՝ դա նախապատրաստված է այդ երկրի ներսում։ Մենք ենք հող ապահովում, որ որեւէ արտաքին ուժ օգտագործի մեզ մեր դեմ։
– Չնայած Ալիեւի հայտարարություններին, թե իրենք չեն փորձի օգտագործել Ղարաբաղի ներքաղաքական իրավիճակը՝ նախ, այսպես կոչված, «Ղարաբաղի ազատագրության բանակը», հետո Ադրբեջանի զանազան քաղաքական գործիչներ սկսեցին պնդել, թե անհրաժեշտ է վերսկսել ռազմական գործողությունները, քանի որ Ղարաբաղն ու Հայաստանը չեն կարող լուրջ կողմ համարվել խաղաղ բանակցային գործընթացում եւ այն իրեն սպառել է։ Այս ամենն աչքի առաջ ունենալով, այնուամենայնիվ, շարունակում եք պնդե՞լ, թե որեւէ երրորդ ուժ շահագրգռված չէր Ղարաբաղում, ի դեպ, նաեւ վերջին ամիսներին Հայաստանում կատարվածով։
– Իմ նախորդ պատասխանի վերջից սկսեմ. պիտի հասկանանք, որ ապրում ենք աշխարհաքաղաքական շատ անբարենպաստ շրջապատում եւ մեր բոլոր գործիչները պետք է իրենց քայլերը համադրեն այդ օբյեկտիվ պայմանների հետ։ Ադրբեջանի վերջին հայտարարությունները նոր չեն։ Նրանք ամիսներ, տարիներ սպասում էին, որ Հայաստանում եւ Ղարաբաղում իրավիճակը լարվի։ Եթե գտնվենք այնքան միամիտ, որ համարենք, թե ինչ-որ դրսի ուժեր լարեցին այս իրավիճակը, երբեք այդ կախարդված շրջանից դուրս չենք գա (…)։ Եթե Ադրբեջանն այսօր հնարավորություն է տեսել օգտագործելու մեր այս իրավիճակը, ապա պիտի հասկանանք, որ ինքներս ենք մեղավոր այս ամենի համար։
Բայց միանշանակ կարող եմ ասել, որ Ադրբեջանը չի կարող օգտագործել այս իրավիճակը։ Իհարկե, հասարակության առողջությունը շատ կարեւոր մի նախապայման է բանակի մարտունակության տեսակետից, բայց մեր բանակը, փառք Աստծո, շատ կարգին վիճակում է։ Մարտի 21-ին դիվերսիոն խումբ փորձեց մտնել Ղարաբաղի տարածք ու ջախջախվեց՝ մի քանի տասնյակ զոհ ունեցան ադրբեջանցիները։
– Այսինքն, Դուք նաեւ բացառում եք այժմ պատերազմի վերսկսման հավանականությո՞ւնը։
– Բացառո՛ւմ եմ, քանի որ ադրբեջանական բանակն իրականում պատրաստ չէ այսօր։ Բանակը մի քանի օրում չի կարելի ստեղծել, եւ դա օբյեկտիվ է։ Ահա այս եւ մի քանի այլ հանգամանքներ հաշվի է առնում նախագահ Ալիեւը, երբ հայտարարում է, թե Ադրբեջանը չի օգտվելու ներքին լարվածությունից։
Արտաքին աշխարհն էլ այսօր պատրաստ չէ պատերազմի նոր օջախ տեսնել Կովկասում։ Դա չի ցանկանա Ռուսաստանը, քանի որ դեռ չի լուծվել Չեչնիայի խնդիրը։ Չի ցանկանա նաեւ ԱՄՆ-ն՝ շահագրգռված են որքան հնարավոր է արագ խաղաղությամբ կարգավորել հարցը, քանի որ ունեն շատ հստակ տնտեսական, ես կասեի, հայեցակարգ, թե ինչպես պիտի Կովկասը կայունանա։ Իրանը նույնպես շահագրգռված չէ, քանի որ գտնվում է իր երկրի համար շատ կարեւոր բարեփոխումների շեմին՝ կարծես թե սկսում են վերականգնել Արեւմուտքի հետ հարաբերությունները։ Այսինքն, եթե հաշվի առնենք իրավիճակի լարման մեջ արտաքին քաղաքական ուժերի շահագրգռվածությունը Կովկասում եւ մասնավորապես Ղարաբաղում ու Հայաստանում՝ այսօր չկա որեւէ կարեւոր ուժ, որն այս առումով շահագրգռված լիներ։
Հարցազրույցը վարեց
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ