Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հում… հում… հումանիզմ

Մարտ 31,2000 00:00
Vano Siradexyan

Երեկվա դատական նիստը սկսվեց պաշտպան Վանյա Սուքիասյանի միջնորդությամբ, այն է՝ «ինչ-որ ժամանակով» հետաձգել նիստը, քանի որ իր պաշտպանյալը վատառողջ է։

«Եթե հավատարժան չէ,- ասաց պաշտպանը,- բժիշկ հրավիրեք»։ Տուժող Մայիս Ռաֆայելյանը նույնպես միջնորդություն արեց, պահանջելով («կողմնորոշվելու» նկատառումներով) Վ.Սիրադեղյանի խափանման միջոցը փոխելու կապակցությամբ արված միջնորդությունները (նախորդ) քննարկել։ Մեղադրող Աղվան Հովսեփյանը միանալով միջնորդությանը՝ ասաց, որ մեկ ամբաստանյալի (Վ.Հարությունյանի) 7-ամսյա հարցաքննությունն արժանի է Գինեսի գրքում գրանցելու։ Ապա նկատեց, որ տուժողներից միայն Ռաֆայելյանն է գալիս, «մյուս տուժողներն էլ ահաբեկված լինելով», «տարբեր այլ պատճառներով» չեն ներկայանում դատարան։ Մեղադրողը վկայակոչեց ԱԺ կանոնակարգի 20-րդ հոդվածը, քրդատօրի 135 հոդվածը, միջնորդեց Վ.Սիրադեղյանի խափանման միջոցը փոխելու տուժողների միջնորդությունը լսել նախեւառաջ, ապա՝ «հումանիստական» նկատառումներից ելնելով, ՆԳ նախկին նախարարի առողջական վիճակի հարցը։ Այդ ընթացքում, իրոք, Սիրադեղյանը գունատ էր եւ երեւում էր, որ դժվար թե կարողանա մասնակցել նիստին։ Սակայն… դատավոր Ռ.Թովմասյանը քննության դրեց տուժող Մ.Ռաֆայելյանի միջնորդությունը, որի քննարկմանը մասնակցեցին միայն պաշտպանները (ամբաստանյալները հայտնվեցին դիտորդի կարգավիճակում)։

Վահան Հարությունյանի դատապաշտպանն ուշացած ներկայանալով՝ չզլացավ ասել, թե՝ «հարգելի մեղադրողը նշեց այն հիմքերը, որոնք դատարանին իրավունք են վերապահում համապատասխան որոշում կայացնել» (սակայն Աղվան Հովսեփյանի մատնանշած «հիմքերը» վերաբերում էին ոչ թե դատարանին, այլ դատախազությանը, որը ինքը պետք է դիմի ԱԺ՝ ԱԺ պատգամավորի խափանման միջոցը փոխելու հարցով)։ Պաշտպան Ս.Գեւորգյանն ավելի հեռուն գնաց՝ «բաշիքյարթմա» կապելով դատարանում. «Եթե Վ.Սիրադեղյանի խափանման միջոցը չի փոխվում, ապա իր պաշտպանյալի (Մ.Ներսիսյան) խափանման միջոցը թող փոխվի»։

Պաշտպան Պ.Խուդոյանը նկատեց, որ «այս վիճակը դատախազությունն է ստեղծել։ Այդ օրենքներն այն ժամանակ չէի՞ն գործում։ Զարմանալի է, որ իրենք չէին զգում, որ էս վիճակը, էս ուղտը իրենց դռանն էլ է չոքելու»։ Նա, ի դեպ, համաձայն չլինելով դատաքննության ձգձգման հետ, նաեւ ասաց. «Ոչ վիճաբանություն է եղել, ոչ աղմուկ-աղաղակ» եւ ընդմիջումներն էլ եղել են հարգելի։ Նա վկայակոչեց դատախազություն-դատարան վեճը, որի հիմքում ընկած է՝ ո՞ւմ է վերապահված խափանման միջոցը փոխելու հարցը։ Փաստաբան Գոգինյանը գտավ, որ միջնորդության քննարկումը չի բխում իր պաշտպանյալի շահերից եւ հրաժարվեց այս կապակցությամբ որեւէ բան ավելացնել ասվածին։ Պաշտպան Ս.Մկրտչյանը կողմ էր տուժողների միջնորդությունը քննարկելուն։

Վ.Սիրադեղյանի պաշտպանը տուժողների միջնորդությունն անվանեց «Աղվան Հովսեփյանի կողմից կազմակերպված միջնորդություն»։ Նա նշեց, որ Աղվան Հովսեփյանը «լավ գիտի, որ, իրոք, դատարանում չեն կարող ԱԺ կանոնակարգին դեմ գնալ», միեւնույն ժամանակ պահանջեց բժիշկ կանչել…

Ժամը 12.35-13.15-ը ազատվել էր դատարանի դահլիճը, եւ կանչով հրավիրված բուժանձնակազմը Սվետլանա Սիմոնյանի գլխավորությամբ արձանագրեց, որ Սիրադեղյանի ճնշումը բարձրացել է, որ սրսկումից հետո այն 190/110 է, որ տվյալ պայմաններում նա չի կարողանա մասնակցել նիստին, որ հիվանդի վիճակը կկայունանա երկու ժամից։ Ի դեպ, բժիշկներն արձանագրեցին նախաինֆարկտային վիճակ… Բժիշկները դեռ իրենց ոտքը չէին քաշել, երբ վեճի մեջ մտան Աղվան Հովսեփյանն ու Վանյա Սուքիասյանը Ռազմիկ Թովմասյանի այն տեղեկատվությունից հետո, որ Վ.Սուքիասյանի կողմից նախորդ նիստերից մեկում պահանջված փաստաթղթերը բերվել են (Ս. Ջիլավյանի անձի հետ կապված, եթե հիշում եք)։ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշեց, որ նշված փաստաթղթերը կցվել են գործին շաբաթներ առաջ եւ անբարեխղճության մեջ մեղադրեց պաշտպանին։ Վերջինս էլ թե. «Իսկ դուք կատարո՞ւմ եք ձեր պարտականությունները»։

Մի կերպ հաշտված կողմերը հեռացան։ Խորհրդանշական էր նաեւ այն, որ ամբաստանյալ Վահան Հարությունյանը երեկ դատարան եկավ սպիտակ կոստյումով։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031