Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՈՃՆ Է

Մարտ 31,2000 00:00
Arkadi karapetyan

Ղարաբաղի «Երկրապահ» հանրապետական միության նախագահ Արկադի Կարապետյանի հետ մահափորձի դեպքից առաջ արդեն զրուցել էինք։ Եվ հանդիպել էինք նաեւ տեղի ունեցածից հետո։ Օրերս տեղեկացանք, որ ձերբակալվել է նաեւ Ա. Կարապետյանը։ Այս վերջին դեպքի առիթով էլ թերեւս կարեւոր են երկու զրույցներն էլ։

Մինչ մահափորձը

«Հիմա իշխանությունները խոսում են արդարությունից, բայց բռնում են մարդուն, հետո նոր տեսնում, թե ինչ կպցնեն էդ մարդուն։ Հենց այնպես հայտարարություններ են անում։ Օրինակ, որ իբր ես 41 մլն դրամ փող եմ գողացել։ Դա իրենց աշխատանքի ոճն է։ Բայց օրինակ, 99 թվի բյուջեն չեն կատարել, կրճատել են, սարքել են օրինավոր։ Հիմա 3 ամիս է, ինչ մեր հանրապետությունն ապրում է առանց բյուջեի, առանց մեր հիմնական օրենքի, եւ դա համարում են օրինական»,- ասաց Ա. Կարապետյանը։

Վերջինս պատմեց այդ վարկի պատմությունը։ 1998 թ. դիմել է Սամվել Բաբայանին, որպեսզի կռված ազատամարտիկներին վարկեր տրվեն առանց գրավներ պահանջելու. «Էդ մարդիկ գրավ չունեն, ոչինչ չունեն, ի՞նչը գրավ դնեն, բայց չէ՞ որ այդ մարդն արյուն է թափել»,- ասել է Ա. Կարապետյանը։ Ներկայացվել են բիզնես-ծրագրեր, ներկայացվել է կառավարություն եւ հավանության արժանացել։ Այդ վարկը ստացողներից մեկն էլ Ա. Կարապետյանն է, որի անասնապահության համար ստացած վարկը կազմել է 3 միլիոն 400 հազար դրամ։ Ա. Կարապետյանը երկրապահների համագումարում էլ էր խոսել Ղարաբաղի նորաբաց թեյի արտադրամասի մասին, որը ղեկավարում է ԼՂՀ վարչապետի Ղրիմից եկած ընկեր Վ. Ի. Շեվյովը (այժմ արդեն՝ Վ. Մ. Գասպարյանը)։ «Եթե այդ Շեվյովը փողեր բերեր, ներդրում կատարեր, աշխատանք սկսեր՝ ես միայն ուրախ կլինեի, բայց եթե մեր բյուջեի փողերը տվել են դրսից եկած մի մարդու։ Եվ իրեն ավելի շատ գումար են տվել, որքան գիտեմ՝ մեր տղաների 41 մլն դրամից էլ ավելի է»։

Ա. Կարապետյանի համոզմամբ, Ղարաբաղի ներքաղաքական, ներանձնային լարվածությունները միայն թուլացնում են Ղարաբաղի դիրքերը։ «Եվ գուցե հենց այդ նպատակով է արվում։ Ես Սամվել Բաբայանին ընդունում եմ որպես դրոշ։ Թուրքերը, թուրք զինվորը, ինձ թվում է, ոչ Արկադի Ղուկասյանին են ճանաչում, ոչ ինձ ու շատերին։ Նրանք ճանաչում են Ս. Բաբայանին, որն իրենց ծեծել է։ Հիմա այդ դրոշը չկա, ու մարդիկ գլուխ են բարձրացնում»։ «Երկրապահի» եւ Արցախի պատերազմի վետերանների միության պառակտման մասին խոսելիս Ա. Կարապետյանն ասաց. «Իմ կարծիքով, այնտեղ ահագին մարդիկ խաբված են, կամ չեն հասկանում՝ ինչ է կատարվում։ Տեսականորեն հասկանում են, որ սա պառակտում է եւ մեզ բոլորիս թուլացնում է։ Բայց եթե իրենք հասկանում են, ինչո՞ւ են դրան գնում։ Ինչո՞ւ են իրենք մեր ժողովրդի մի զգալի մասին վանել իրենցից։ Եթե դու մտածում ես քո ընտանիքի մասին, կարող ես այնպես անել, որ քո որդին քեզ հասկանա, ոչ թե հանես-շպրտես։ Եվ կարող է էդ ընտանիքի մյուս անդամները մի ինչ-որ ժամանակ խաբվեն. պրյանիկով խաբես։ Բայց դե մենք պատմություն ունենք… Ես ոչ մեկի հետ պրոբլեմ չունեմ, նույնիսկ նախագահի հետ։ Ինձ հետաքրքիր է, թե ինչ է մտածում այդ անձը, ինչն է սատարում։ Եթե ես գտնում եմ, որ այդ մարդը գաղափարապես ճիշտ ուղու վրա չէ, ես ո՞նց կարող եմ իր հետ միանալ։ 87 կամ 88 թվերի սկզբին էլ մարդիկ կային, որ մեր դեմ էին աշխատում, դատապարտում էին մեզ։ Հո ես իրենց հետ չե՞մ միացել։ Անձի խնդիր չէ, այլ գաղափարախոսության»։

Ա. Կարապետյանը համոզված է, որ ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը Ղարաբաղում ավելի շատ քաղաքականությամբ է զբաղվում, քան տնտեսությամբ։ Ա. Դանիելյանի գալը Ա. Ղուկասյանը շատ հանգիստ է ընդունում՝ գիտակցելով դրա հետեւանքները. «Ինքն իմ ցավը չի կարող իմանալ, ինքն իմ ցավով երբեք չի տառապել, ո՞նց կարող է իմանալ իմ ինչն է ցավում, կամ ոնց բուժվեմ։ Նա մինչեւ ղարաբաղցի դառնա, իմանա ինչ է նշանակում Ղարաբաղ, ինչ ենք մենք մտածում եւ ինչպես, ինչ ենք ուզում՝ ահագին ժամանակ է պետք։ Հասկանալի է, բոլորն էլ ուզում են լավ ապրել։ Բայց թե ղարաբաղցին հոգու խորքում ինչ է ուզել, ինչ է երազել՝ Անուշավան Դանիելյանը չի կարող իմանալ։ Ոնց որ Օսկանյանը, որը չի կարողանում պատկերացնել, թե հայությունն ինչո՞ւ չի կարողանում մոռանալ 1915 թիվը»։ ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանի՝ 1999 թ. հունիսի 29-ի հայտնի ելույթը Ա. Կարապետյանն այսպես մեկնաբանեց. «Կյանքում ամեն ինչ հետք է թողնում։ Մեր նախագահն ասաց՝ 2 տարի ինձ ոչ ոք չի լսել, եւ դրա համար երկու տարի ես լռել եմ։ Մի օրում բոլորը սկսեցին իրեն լսել։ Հարց է առաջանում. ո՞վ հրաման տվեց, որ նույն մարդիկ մի օրում սկսեն իրեն լսել։ Այդպես չի լինում։ Մենք միտինգ չենք արել, ցույցեր չենք արել, որ նախագահին համոզենք, թե ամբողջ Ղարաբաղն իր մեջքին է։ Մի օրում ամեն ինչ փոխվում է։ Նշանակում է՝ դրսի՞ց են դա անում։ Նախագահն ասաց, որ ոչ մի պաշտոնյա իրեն չի լսում, իր հրամանները ոչ ոք չի կատարում եւ այլն։ Այսինքն՝ ինքն անզոր է եղել ու հանկարծ մի օրում հզորացել է։ Այսինքն՝ ինչ-որ մեկը հրաման է տվել, որ էս մարդուն լսեն։ Ո՞վ է հրաման տվել»։ ԼՂՀ նախագահի ասելով, Ղարաբաղի իշխանությունների բռնած կուրսը օրինականության հաստատումն է. «Խոսում են արդարությունից, բայց այդ անվան տակ անօրինականություններ են արվում։ Եթե արդարություն է, ինչո՞ւ են հանցագործներին փնտրում միայն մի խումբ մարդկանց մեջ, թող իրենց մեջ էլ փնտրեն։ … Կեղտոտ ձեռքերով մաքուր բան բռնելով՝ էդ մաքուրն էլ ես կեղտոտում»,- Ա. Կարապետյանի այս խոսքերը մահափորձի դեպքից հետո էլ են ակտուալ։

Մահափորձից հետո Ա. Կարապետյանի ձերբակալված լինելու մասին խոսակցություններ արդեն կային, բայց ՀՀ նախագահի եւ ԼՂՀ նախագահի խոսքերով ասած՝ «չէր համապատասխանում իրականությանը» այդ պահին։ Հետո իրեն էլ տարան։ Ա. Կարապետյանի՝ ձերբակալությունների եւ գործի նախաքննության մասին գնահատականները հետաքրքիր են։ «Ապօրինություն է կատարվում, եթե մենք ձգտում ենք օրինականության, ժողովրդավարական պետություններից օրինակ վերցնելու, ապա մարդուն ձերբակալելու հենց առաջին րոպեից խոսում են նրա փաստաբանի հետ։ Եվ մյուս կողմից կա ազգային հերոս։ Եթե ամբողջ ազգի առաջ ցույց են տալիս, թե մենք ազգային հերոս չունենք… Այլ բան է, որ գործը բացահայտեն, ապացուցեն, հետո նոր ձերբակալեն, բայց կասկածանքով ձերբակալում են ազգային հերոսին։ Եվ դա արվում է, որ վախեցնեն էս ժողովրդին, մեր ոգին կոտրեն, իբր թե տեսե՛ք՝ մենք որ կարող ենք կոտրել Սամվել Բաբայանին, ձեզ կկոտրենք ու կկոտրենք։ Սա ազգի դեմ թշնամություն է։ Որ Սամվել Բաբայանին տանը թողնեին՝ կփախնե՞ր։ Թող պահակ դնեին…

Սա 37 թիվն է հիշեցնում։ Ես չեմ հավատում, որ Սամվել Բաբայանը կարող էր նման բան կազմակերպել։ Ամբողջ մի ցեղի՝ Բաբայանների դեմ ահաբեկչություն է, հետապնդում են, Ղարաբաղի Բաբայանների ցեղի բոլոր տղամարդկանց բռնում են»։ Ըստ Ա. Կարապետյանի, իշխանություններն առիթը բաց չթողեցին Ս. Բաբայանին ձերբակալելու։ «Քննությունը ցույց կտա, բայց այն արագությունը, որով ձերբակալեցին Սամվել Բաբայանին, որը ազգային հերոս է, հաղթող բանակի հրամանատար եւ գեներալ-լեյտենանտ, ցույց է տալիս, որ էդ մարդիկ քնում եւ երազում էին, որ մեր ազգի հերոսի վրա ինչ-որ կեղտ քսեն, մեր ազգը հեղինակավոր մարդ չունենա»։ «Վախի մթնոլորտ են ստեղծում Ղարաբաղում»,- մինչ ձերբակալվելը համոզված էր Ա. Կարապետյանը։ Նա հիշեց 87-88 թվերը. «88 թվին Ղարաբաղը եւ ամբողջ Հայաստանը վախից ձերբազատվեց եւ հաղթեց։ Հիմա մեր ազգին նորից վախեցնում են։ Եթե մի անգամ էլ կռիվ լինի, վախեցող մարդը կռիվ չի անի։ Իսկ հիմա մարդիկ մտածում են՝ Սամվել Բաբայանին բարեւ չտան, մոտ չգնան… Էդ մարդուց էլ ի՞նչ հայրենիքի պաշտպան»։

Զրուցեց

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ

Ստեփանակերտ-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031