Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՅԼԵՎՍ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԿՐԱԿՈՑՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ

Մարտ 31,2000 00:00
Arkadi GHukasyan

Համոզված է Արկադի Ղուկասյանը

«Ինն ամիս կարծես հրաբխի վրա ապրեի, այնպես որ, նման մի բան սպասում էի, բայց արի սրա մասին չխոսենք: Ղարաբաղի իրավապահ մարմինների գործն է բացահայտել այս ամենը եւ պատժել մեղավորներին»,- նախաքննությանը չմիջամտելու պայմանով կարճատեւ զրույցի համաձայնություն տվեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը:

Նա արդեն 10 օր է, ինչ գտնվում է Երեւանի Միքայելյանի անվան հիվանդանոցում: Դեռ Ստեփանակերտում ոտքերին դրված գիպսը հանվել է, եւ այժմ բժիշկները կիրառում են վերջույթների կոտրվածքների բուժման Իլիզարովի հայտնի մեթոդը: Բժիշկների վկայությամբ Ղուկասյանը պինդ օրգանիզմ ունի եւ ապաքինումը արագ է ընթանում: Ղարաբաղի նախագահը տեղյակ է Ստեփանակերտում տեղի ունեցածի երեւանյան արձագանքներին, որոնք առնվազն տարակուսանք են առաջացնում նրա մոտ: Ղարաբաղյան վերջին տարիների իրականությանը քիչ թե շատ իրազեկ մարդիկ հազիվ թե նման եզրակացություններ անեն՝ այս մտքի հետ, իրոք, դժվար է չհամաձայնել: Մինչդեռ կարելի է ենթադրել, թե Ղարաբաղում իրադարձությունները ինչպես կզարգանային, եթե նախագահը, Աստված մի արասցե, սպանվեր: Ղարաբաղյան իրականությանը քաջատեղյակների համար պատկերացնել դա ամենեւին դժվար չէ: «Ղարաբաղում ինքնամաքրման գործըթաց էր սկսվել եւ այն անպայման ավարտին պիտի հասնի: Իսկ չարիքը, հատկապես բացարձակ չարիքը պետք է պատժվի: Մեզ մոտ այլեւս կրակոցներ չեն լինելու»,- հավաստեց Արկադի Ղուկասյանը:

ԼՂՀ նախագահը համոզված է, որ Աստծո կամոք է փրկվել, այլապես ահաբեկիչները կհասնեին իրենց նպատակին: Նույն խոսքերը լսեցի նաեւ նրա կնոջից՝ Ինայից, որը նույնպես ամուսնու փրկությունը հրաշք է համարում: Ղուկասյանների 5-ամսյա որդի Տիգրանը այս օրերին մնացել է տատիկի խնամքին, Ինան մինչեւ ուշ գիշեր ամուսնու մոտ՝ հիվանդանոցում Է: «Երբեմն պատկերացնում եմ, թե ինչից ենք փրկվել: Աստված ուղղակի մեզ հետ էր այդ պահին8230»,- կրկնում է նա:

Արկադի Ղուկասյանի թիկնապահ Սամվել Գաբրիելյանի առողջական վիճակը լավ է, նա արդեն կարողանում է նստել ու քայլել, հրազենից ստացած 9 վերքերը թեեւ զգացնել են տալիս, բայց ոչ առաջին օրերի պես: Հիշեցնենք, որ ահաբեկիչների առաջին կրակոցներից վիրավորվելով, նա իր մարմնով ծածկեց Արկադի Ղուկասյանին՝ փրկելով վերջինիս կյանքը: Սամվելին խնամում են կինը եւ մայրը: Երեկ Ղուկասյանին այցելության եկած ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը հավաստեց, որ Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունները օրենքով նախատեսված ժամկետում են տեղի ունենալու:

Միքայելյանի անվան հիվանդանոցում հանդիպեցինք նաեւ ՀՀ պաշտպանության փոխնախարար գեներալ-լեյտենանտ Ա.Զինեւիչին, որը, հիշեցնենք, 92-97 թվականներին ԼՂՀ բանակի շտաբի պետն է եղել: «Ղուկասյանի հետ պատերազմական ծանր օրեր ենք տեսել, այնպես որ սա էլ կհաղթահարի, կարեւորը, որ նա արագ ապաքինվում է ու լավատեսությունը չի կորցնում»,- ասաց գեներալը:

Ղարաբաղի նախագահի դեմ մահափորձին Սամվել Բաբայանի հնարավոր առնչության մասին փոխնախարարը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ, ասաց միայն, որ Ղուկասյանի հանդեպ այս ստոր արաքը ուղղված է Ղարաբաղի ժողովրդի դեմ, եւ նրա կազմակերպիչները պիտի պատժվեն:

ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031