Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՏԱՊ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ՆՈՐՄԱԼ ՄԱՐԴԻԿ

Մարտ 31,2000 00:00
Vazgen Manukyan

ԱԺՄ վարչության նախագահ Վազգեն Մանուկյանի մամուլի ասուլիսների ընթացքում հետաքրքիր, ինքնատիպ մտքեր են հնչում, որոնք հետո, երկար ժամանակ, բերնեբերան անցնելով ի վերջո կորչում են անհետեւանք։ Եթե նախորդ երկու ասուլիսներից մեկի ժամանակ Վազգեն Մանուկյանը իր «անձնական» կարծիքը արտահայտելով ասում էր, թե լավ կլինի Ռոբերտ Քոչարյանը հասկանա, որ ինքը պետք է հեռանա ու այդպես էլ վարվի, ապա մյուսում բոլորովին հակառակ «անձնական» կարծիքը կար՝ պետք չէ, որ Քոչարյանը հեռանա։

ՄԱԱ-ի հրավերով կազմակերպված վերջին ասուլիսում Վազգեն Մանուկյանն արդեն ասաց, թե սոցիալական շարժումի ժամանակը եկել է. «Այն, ինչ կատարվում է Հայաստանում, անհեթեթություն է։ Այժմ ե՛ւ քաղաքական ուժերը, ե՛ւ ժողովուրդը մի քանի ամիս էլ կարող են տալ իշխանավորներին, որ նրանք խելքի գան։ Եթե խելքի չգան, ապա ես չեմ տեսնում մեկ ուրիշ միջոց, բացի ժողովրդի միջոցով փոխել Հայաստանի իրավիճակը»։ Կարծում եմ, առանձնապես մարգարե պետք չէ լինել հասկանալու համար, որ ժողովրդին ոտքի հանողը ԱԺՄ-ն կլինի։ Բայց ո՞ր ԱԺՄ-ի հետեւից պետք է գնա ժողովուրդը՝ Վազգեն Մանուկյանի՞, Դավիթ Վարդանյանի՞, Վահե Վարսանյանի՞, թե՞ Արշակ Սադոյանի։ Մանավանդ, Վազգեն Մանուկյանն էլ համաձայնեց, որ բոլոր կուսակցությունների ծրագրերն իրար անչափ նման են։ Հաճախ նույնիսկ ծրագրեր գրողներն են դրանք շփոթում։

Կարծում եք ժողովուրդն ի վիճակի՞ է ոտքի ելնել, ավելի շուտ՝ ոչ, քան՝ այո. «Բայց մեր ժողովուրդն անընդհատ նվազող ժողովուրդ է, գնացող ժողովուրդ է։ Մի կողմից ժողովրդի վիճակը հասկանալի է՝ մի կտոր հացի կարոտ, անընդհատ հուսահատված, ընտրությունների ժամանակ խոստումներ լսած, բայց ոչինչ չստացած։ Բնական է ժողովրդի հիասթափությունը։ Մյուս կողմից էլ այսպիսի պահվածքը չեմ կարող ընդունել, որովհետեւ այն ժողովուրդներն են մի բանի հասնում, որոնք իրենց հողից կպած պայքարում են իրենց ազատության եւ արդարության համար։ Երկրից փախնելով երկիրը չի սարքվի, դա է մեր ազգային թերությունը»։ Այս մտքերից հետո պարզապես անհասկանալի է, թե ինչո՞ւ Վազգեն Մանուկյանը «հնարավոր համարո՞ւմ եք քաղաքական ուժերի կոնսոլիդացումը» հարցին հարցով պատասխանեց. «Ինչի՞ շուրջը»։ Ինչպե՞ս թե՝ ինչի։ Չէ՞ որ դուք ասացիք. «Բոլորս հասկանում ենք, որ երկիրն այսպես չի կարող շարունակվել»։ Նույնիսկ մի քանի հնարավորություններ ասացիք. «Ինչ-որ ուժ ժողովրդին ոտքի է հանում» կամ էլ՝ «այն լուծումները, որ կարող են փնտրվել, բնական է, որ կախված են ԱԺ-ի ընտրությունների եւ նոր կառավարության հետ»։ Վազգեն Մանուկյանը չմոռացավ զգուշացնել, որ «որոշակի կոնֆիդենցիալ բանակցություններ այս մասին չեն եղել»։ Գուցե եղե՞լ են, ու չի ասվում։

Մենք տեղեկություն ունեինք, որ մի քանի կուսակցությունների ներկայացուցիչներ (ԱԺՄ, «Օրինաց երկիր», «Հզոր հայրենիք», «Արժանապատիվ ապագա») «ոչ կոնֆիդենցիալ» հանդիպում են ունեցել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ քննարկվել են ապագա վարչապետի եւ ԱԺ-ի նախագահի հավանական թեկնածուների անուններ (Վազգեն Մանուկյան, Արտաշես Թումանյան)։ Մեր հարցին պատասխանելով, պրն Մանուկյանը հերքեց նման հանդիպման մասին լուրը եւ ասաց, թե այդպիսի բան չկար. «Տեսեք, ես անկեղծորեն պատասխանում եմ, եթե եղած լիներ, ես դիվանագիտական մի պատասխան կունենայի եւ ձեզ կպատասխանեի»։ Ի վերջո, եթե Վազգեն Մանուկյանին, այնուամենայնիվ, առաջարկվի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնը, նա ի՞նչ կանի. «Դա շատ հիպոթետիկ հարց է եւ բազմաթիվ պարամետրերից է կախված, այդպիսի հարց քննարկելը ուղղակի անպարկեշտություն կլինի»։ Եթե ոչ Վազգեն Մանուկյանը, ուրեմն՝ ո՞վ. «Նորմալ մարդկանց միջոցով երկիրը կարելի է 2-3 տարում դարձնել այն վիճակին, որ ոչ մեկի մոտ հուսահատություն չլինի։ Այս երկիրը շատ նորմալ կարելի է կառավարել, զարգացնել, եթե լինեն մարդիկ, որոնք ժողովրդի կողմից վստահություն ունեն եւ իրենց նպատակն է երկիրը բարձրացնելը եւ ոչ թե իշխանություն պահելը կամ անձնական գումարներ հավաքելը»։

ԱԺՄ վարչության նախագահը վստահ է, որ ամեն ինչ դեռ կորած չէ եւ «անհույս չէ Հայաստանը ոտքի կանգնեցնելը»։ Վարչապետ Արամ Սարգսյանի մասին. «Ես իր աշխատանքը դրական չեմ գնահատում, որպես մարդ իրեն դրական եմ վերաբերվում, նորմալ մարդ է, բայց երկիրն այս վիճակից հանելու հնարավորություններ ինքը չունի, չունի համապատասխան փորձ, գիտելիքներ»։

Մի քիչ էլ Ղարաբաղից խոսենք։ Վազգեն Մանուկյանը վստահ է մեկ այլ բանում եւս, այն է՝ ԼՂՀ նախագահի դեմ մահափորձը Սամվել Բաբայանի ձեռքի գործը չէ. «Ո՞վ է կազմակերպել, ես դժվարանում եմ ասել, բայց ես չեմ կարծում, որ այդպիսի հրահանգ կարող էր տալ Սամվել Բաբայանը։ Ոչ թե հաշվի առնելով իր բարոյական կերպարը, այլ հաշվի առնելով, որ ինքն այդքան խելք ուներ այդպիսի հրահանգ չտալու համար»։ Իսկ ընդհանրապես, այն, ինչ կատարվում է Ղարաբաղում «նոր չի սկսվել, դա տարիների պատմություն ունի, դա այն հիվանդությունն է, որի մասին դուք լավ գիտեք»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031