Ասում է ԼՂՀ ոչ պետական «10-րդ նահանգ» թերթի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը
Հարցազրույցը տեղի է ունեցել մահափորձից երկու օր առաջ։ Իսկ մահափորձից հետո կեղծ լուրեր սկսեցին տարածել, թե դեպքի առնչությամբ ձերբակալվել են թերթի խմբագիրը եւ որոշ լրագրողներ։
-Ղարաբաղում գտնվելուս այս օրերին էլ նկատեցի, թե որքան դժվար է այստեղ լինել ոչ պետական թերթի խմբագիր։ Իշխանությունները պարտադիր քարկոծում են, փնովում…
– Ճիշտն ասած, վիճակը հիմա քիչ թե շատ բարելավվել է, սակայն սկիզբը շատ վատ էր։ Շատ դժվարին ծնունդ էր թերթի ծնունդը եւ առաջին ամիսներին ուղղակի անտանելի էր, շատ դժվար էր աշխատելը։ Սա ես բացատրում եմ նրանով, որ մեր երկիրը նորանկախ է եւ մենք նոր ենք ոտք դնում ժողովրդավարության շեմին եւ կան մի շարք բարդույթներ, այդ թվում՝ հոգեբանական, որոնք խանգարում էին ոչ պաշտոնական, անկախ մամուլը բնականորեն ընդունելուն։ Շատ վատ ընդունեցին իշխանությունները։ Հենց առաջին համարներից սկսած՝ անընդհատ քարկոծում էին, անընդհատ մեղադրում։ Ընդ որում՝ ամենատարբեր, ամենակոպիտ մեղադրանքներ եւ անմիջապես 5 թե 6 քրեական գործեր հարուցվեցին կոնկրետ հրապարակումների առնչությամբ։ Այլ հարց է, որ այդ գործերի հարուցումից անցել է երեք ամիս եւ մինչ այժմ դրանք դատարան չեն հասել։ Կար բարդույթ նաեւ ժողովրդի մեջ, մտածում են՝ ինչպե՞ս կարելի է իշխանություններին քննադատել. այս երկրում այդպիսի բան չի եղել, սա առաջին դեպքն էր, առաջին թերթն էր։ Ու մարդիկ հոգեբանորեն պատրաստ չէին նման մամուլի գոյությանը։ Սակայն արդեն մեր գոյության հինգերորդ ամիսն է եւ կամաց-կամաց, աստիճանաբար փոխվում է վերաբերմունքը. իշխանությունները փոքր-ինչ ավելի հանգիստ են ընդունում մեր թերթը։ Ճիշտ է, անընդհատ հերքում են, ասում, որ մենք սուտ ենք գրում, բայց արդեն նկատում ենք, որ առաջվա այն ագրեսիվ, սարսափելի վերաբերմունքը իր տեղը զիջում է քիչ թե շատ նորմալ վերաբերմունքի։
Կարդացեք նաև
– Սպառնալիքներ եղե՞լ են։
– Անընդհատ խոսում էին, որ շուտով թերթը փակելու են։ Գլխավոր դատախազը մի քանի անգամ հեռուստատեսությամբ հանդես եկավ, անընդհատ կրկնում էր, որ քրեական գործեր են հարուցվել, կոնկրետ անուններ էր տալիս՝ իմ աշխատողների։ Սա խանգարում էր, իհարկե, մեր նորմալ աշխատելուն։ Խանգարում էր նաեւ թեկուզ թերթի բաժանորդագրության առումով. մարդ չի կարող մեկ տարով բաժանորդագրվել թերթին, երբ անընդհատ խոսում են թերթը փակելու մասին։ Ու դատախազությունը գոնե ամիսը մեկ անգամ հանդես էր գալիս, որ քրեական գործեր են հարուցվել, որ շարունակվում է հետաքննությունը, որ զրպարտում են իշխանություններին։ Չնայած որ մինչեւ դատարանի որոշումը ոչ ոք իրավունք չունի մեզ մեղադրելու։
– Որքան հայտնի է, ԼՂՀ նախագահը հայտարարել էր, թե դուք եւ ձեր թղթակիցներից մեկը գործակալներ եք։
– Չգիտեմ որքանով է լուրջ նման հայտարարությունը, բայց, համենայնդեպս, ամենայն լրջությամբ է արվել։ Փորձում էինք նրա միմիկայի մեջ գոնե ինչ-որ տարրեր գտնել, որ կարողանանք գոնե մեզ համար եզրակացնել, որ դա լուրջ հայտարարություն չէր։ Մենք Երեւանի «Արագած» ալպինիստական ակումբի նախաձեռնությամբ եւ ԱԱՆ հատուկ գնդի հրամանատարի հովանավորությամբ միասին մեկնել ենք Արեւմտյան Հայաստան։ Նպատակը մեկն էր՝ բարձրանալ Արարատ լեռան գագաթը։ Մենք երկու շաբաթ մնացինք Արեւմտյան Հայաստանում։ Պարզապես նման մեղադրանքը լուրջ չեմ ընդունում եւ մեկնաբանելը երեւի ճիշտ չէր լինի իմ կողմից։ Թեկուզ ասեմ, որ ես այն ժամանակ անմիջապես բաց նամակ գրեցի ԼՂՀ նախագահին, փորձում էի ինչ-որ բան բացատրել։ Ի դեպ, հենց քրեական գործերից մեկն էլ հարուցված է կոնկրետ այդ բաց նամակի առնչությամբ։
– Ինչի՞ց սկսվեց իշխանությունների նման վերաբերմունքը։ Սկզբում դա անձամբ ձե՞ր դեմ էր նաեւ ուղղված, քանի որ դուք ժամանակին պաշտոնաթերթի խմբագիր եք եղել։
– Ես «Ազատ Արցախ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրն էի։ Երկու տարի առաջ էլ աշխատում էի կառավարությանն առընթեր տեղեկատվության ու մամուլի վարչությունում։ Հետո լուծարվեց այդ վարչությունը։ Իմիջիայլոց, այդ վարչության ճակատին հենց դա էլ գրված էր. երրորդ անգամ են դա ստեղծում, երկու անգամ արդեն փակել են, հիմա երրորդ անգամ ստեղծեցին, նշանակեցին Ալեքսանդր Գրիգորյանին, եւ տեղյակ եք, որ երկու շաբաթ մնալուց հետո Ալեքսանդր Գրիգորյանը նորից գնաց Երեւան։
Երեւի ձեզ հայտնի է պատճառը, թե ինչու հեռացա «Ազատ Արցախի» գլխավոր խմբագրի պաշտոնից։ Վարչապետ Անուշավան Դանիելյանը նոր էր նշանակվել, եւ, բնականաբար, քանի որ նոր մարդ էր ու ժողովուրդը չէր ճանաչում նրան, մենք հոդվածներ էինք տպագրում, 99 տոկոսով իհարկե լավ հոդվածներ, որովհետեւ պաշտոնաթերթ էր, այդ հոդվածները հիմնականում ուղարկում էր կառավարությունը, արտատպում էինք տարբեր թերթերից՝ Անուշավան Դանիելյանի մասին գովասանական հոդվածներ։ Բայց մի հոդված էլ տպագրեցինք, որում բավական լուրջ կասկածներ կային, որ Ա.Դանիելյանը կապված է Ղրիմի ստվերային ուժերի հետ։ Կան բազմաթիվ հրապարակումներ՝ «Независимая газета»-ում, «Комсомольская правда»-ում, «Մարդը եւ օրենքը» հրատարակչությունը ունի ծավալուն գիրք Ղրիմի մաֆիայի մասին, որտեղ նաեւ Անուշավան Դանիելյանի անունն է մի քանի անգամ հիմնավոր տրվում։ Արտատպեցինք դա եւ հենց այդտեղից էլ սկսվեց։ Կառավարությունը որոշում ընդունեց ինձ ազատելու մասին, ԱԺ-ն հավանություն չտվեց այդ որոշմանը։ Իսկ «Ազատ Արցախ» թերթը կառավարության եւ ԱԺ-ի թերթն է։ Երկու-երեք ամիս այս քաշքշուկը շարունակվեց, եւ ի վերջո, ես իմ դիմումի համաձայն դուրս եկա։ Պարզ է, որ իմ նկատմամբ անվստահությունն այդ ժամանակներից արդեն կար։
– «10-րդ նահանգի» մասին ասվում է, թե Սամվել Բաբայանի թերթն է։
– Երբ մենք ասում ենք՝ ոչ պաշտոնական, անկախ մամուլ, մարդիկ ճիշտ չեն հասկանում այդ հանգամանքը։ Վերջերս ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը հանդես եկավ հեռուստատեսությամբ եւ ծիծաղելի միտք արտահայտեց, թե՝ ի՞նչ անկախ մամուլ, եթե ֆինանսավորում են։ Ես, որպես պատասխան, առաջարկեցի գոնե մի թերթ անվանել, որը չի ֆինանսավորվում։ Երբ ասում ենք՝ անկախ մամուլ, առաջին հերթին նկատի ունենք՝ իշխանություններից անկախ։ Պարզ է, որ մենք էլ հովանավորներ ունենք, բայց ճիշտ չէ, որ Սամվել Բաբայանն է մեր հովանավորը։ Անկեղծորեն ասեմ, առանց Սամվել Բաբայանի կողմնակի միջամտության երեւի դժվար կլիներ մեզ համար գտնել հովանավորներ։ Ս.Բաբայանի օգնությունը միայն դրանում է։ Եվ այսօր միակ ոչ պաշտոնական թերթը «10-րդ նահանգն» է։ Հիմա, երբ ասում են, որ մենք ծախվել ենք Ս.Բաբայանին, գոնե ինձ համար դա ծիծաղելի է, եւ մարդիկ պիտի հասկանան, որովհետեւ Ս.Բաբայանի օրոք շատ քիչ մարդիկ էին նրան քննադատում, եւ այդ քչերից մի քանիսն էլ մենք էինք, եւ կոնկրետ ես Ս.Բաբայանից մի քանի անգամ տուժել եմ հոդվածի համար, կալանվել եմ իր իսկ անմիջական մասնակցությամբ, երեք անգամ ինձ ուղարկել են զինվորական ծառայության, եւ դա այն դեպքում, երբ Ղարաբաղում ոչ մի լրագրող չէր ծառայում։
– Ձեր հրապարակումներին իշխանությունները պատասխանում են «Ազատ Արցախի» միջոցով։
– Մեր առաջին համարներից անմիջապես հետո իշխանությունները այդ արշավը սկսեցին թերթի դեմ։ Բնական է, այդ գործի մեջ ներգրավեցին պաշտոնական լրատվամիջոցներին, առաջին հերթին՝ «Ազատ Արցախ» պաշտոնաթերթը։ Տպագրեցին ամենակեղտոտ հոդվածներ մեր հասցեին։ Եվ ամենազավեշտականը մի հոգեկան հիվանդի հոդվածն էր, որտեղ նա ինձ համեմատում էր Նաիրի Հունանյանի հետ եւ միանշանակ պնդում, որ ես Ղարաբաղը ծախում եմ ադրբեջանցիներին։ Ես, իհարկե, ծանր տարա եւ պարզապես ուզում էի տեսնել այդ հոդվածագրին։ Այդ ընթացքում զանգեց հոդվածի հեղինակի որդին, տեղեկացրեց, որ հայրը հոգեկան հիվանդ է, երկար տարիներ բուժվում է Ղարաբաղի հոգեբուժարանում, եւ որ պարզապես սրիկա է նա, ով օգտվել է այդ մարդու հիվանդ վիճակից։ Այդ մարդու հարազատները խնդրեցին ընթերցողներին տեղյակ պահել, որ հիվանդ մարդուն դրդել կամ ստիպել են գրել։ Այդ հիվանդ մարդը հաճախակի այցելում էր մեր խորհրդարան եւ պատգամավորներին առաջարկում իրեն ուղարկել Չեչնիա, որպեսզի Ղարաբաղի իշխանությունների անունից Բասաեւի հետ բանակցություններ վարի։ Մի ուրիշ անգամ պատգամավորներին ասել է, որ իր մոտ է գտնվում Հիտլերի ամբողջ արխիվը եւ կարող է տրամադրել մեր իշխանություններին… Տպագրեցինք սա, եւ «Ազատ Արցախը» իհարկե չարձագանքեց։
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Հ.Գ. Հարցազրույցի վերջին պարբերության պատմությունից կարելի է եզրակացնել միայն, որ ԼՂՀ ԱԺ-ն իսկապես ժողովրդավարական է, որի դռները բաց են բոլորի առջեւ, ով ուզի՝ կարող է մտնել…