Փաստաբան Ռուբեն Բալաբանյանը, որ պաշտպանում է ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանի շահերը, ժամանակին եղել է դարպասապահ։ 60-ականների սկզբին նա նույնիսկ խաղացել է Երեւանի «Սպարտակ» թիմի փոխարինող կազմում, մասնակցել է 6 խաղի։ Այս տեղեկությունները հայտնած ֆուտբոլասերը, ցավոք, չկարողացավ հիշել, թե Ռուբեն Բալաբանյանը քանի գնդակ է բաց թողել սեփական դարպասը։
Ո՞ՒՄ ԱՉՔԻՆ ԵՆՔ ԹՈԶ ՓՉՈՒՄ
Իրավապաշտպան մի քանի կազմակերպություններից երեկ փորձեցինք գնահատական «կորզել» «10-րդ նահանգ» թերթի լրագրող Վահրամ Աղաջանյանի ձերբակալության կապակցությամբ։ Նրանք իրենց խուսափողական պատասխանները հիմնավորեցին «այլ պետության» ներքին գործերին չխառնվելու հանգամանքով։ Հետաքրքիր է, այդ դեպքում Աղվան Հովսեփյանն ու ՀՀ-ից ԼՂՀ գնացած իրավապահների պարագայում չի՞ գործում «այլ պետության» հանգամանքը։
Կարդացեք նաև
ԾԵԾԻ ԴՐՎԱԳՈՎ
Մեզ հայտնի դարձավ, որ Երեւանի դատախազություն է կանչվել մշակույթի, սպորտի եւ երիտասարդության նախարարության վարորդը՝ Ա. Բաղդասարյանը, կապված դաշնակցական Հրաչյա Աբրահամյանի ծեծի (Նոր Նորքի թաղապետի ընտրությունների ժամանակ) պատմության դրվագով։ Նշենք, որ նախաքննությունը շարունակվում է։
ԼՈՒՐԵՐՆ ԱՆՀԻՄՆ ԵՆ
ՀԺԿ պատգամավորները հերքել են մամուլում հրապարակված այն լուրերը, թե ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանին կուսակցությունից հեռացնելու կամ այդ պաշտոնից հրաժարականի դրդելու նախաձեռնություն կա ՀԺԿ-ում։