Ստեփանակերտում տարածված լուրերի համաձայն՝ Արցախի ԵԿՄ-ն կարող է ինքնալուծարվել։ Այս առնչությամբ «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հարցին ի պատասխան միության վարչության փոխնախագահ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Սլավիկ Առուշանյանն ասել է, թե, հավանաբար, արդարադատության պետվարչությունը մտադիր է ինչ-որ քայլեր ձեռնարկել, սակայն՝ «Եթե 3 հոգի էլ մնանք, այդ կազմակերպությունը պահելու ենք»։
ԿՈՒՌՔԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՏԱՊԱԼԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
1998-ի աշնանը Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններից առաջ, երբ Կարեն Բաբայանն ընտրվեց ձայների ջախջախիչ մեծամասնությունը ստանալով, ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանն «Առավոտին» տրված հարցազրույցում ասել էր, թե այդ ընտրություններում իր եղբոր ստացած տոկոսը պիտի ապացույց դառնա՝ «Բաբայանները Ղարաբաղում ոչ թե թալանչիներ են, այլ մարդիկ ընդունում են նրանց»։ Թերեւս ավելի իմաստուն էր ԼՂՀ ԱԺ պատգամավոր Մուրադ Պետրոսյանը, որ վերջերս ասաց. «Սոված ժողովրդի մեջ եթե բարձր տուն ես սարքում, «Մերսեդես» քշում՝ էդ ժողովրդին քեզ թշնամի ես սարքում»։
Կարդացեք նաև
Թե ինչպես են ղարաբաղցիները վերաբերվում արդեն կալանավոր Սամվել Բաբայանին՝ կարդացեք էջ 3։
ԱՌԵՎՏՈՒՐԸ՝ ԿՏՐՈՆՈՎ
Ապրիլի 1-ից մանր բիզնեսով զբաղվողները, կրպակավաճառները ստիպված կլինեն իրենց առեւտուրը կատարել դրամարկղային հաշվիչ սարքերի ներկայությամբ։ Հարկային տեսուչները անգործ չեն մնա, իսկ կրպակավաճառների ստվերային վճարումները, հավանաբար, կավելանան։
Ավելի մանրամասն՝ 2-րդ էջում։
ԻՆՉՔԱ՞Ն ԿՏԵՎԻ ԱՅՍ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ
Մարտի 29-ին ԼՂՀ ներքին գործերի նախարարի երկու տեղակալներ Ռաշիդ Պետրոսյանից եւ Ռազմիկ Պետրոսյանից «10-րդ նահանգ» շաբաթաթերթը փորձել է պարզել լրագրող Վահրամ Աղաջանյանին նախնական կալանքի տակ առնելու պատճառը, ժամանակավոր պահման մեկուսարանում նրա մնալու որոշակի ժամկետը եւ այլ մանրամասներ։ Երկու տեղակալներն էլ այս հարցերը թողել են անպատասխան՝ նշելով միայն, որ իրենք անտեղյակ են գործին, հետեւաբար, ոչ մի տեղեկատվություն չեն կարող տրամադրել։