Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրությունը վահան չէ

Մարտ 29,2000 00:00
sahmanadrakan

Ապրիլի 2-ին Վենետիկի հանձնաժողովի օրակարգի 6-րդ կետը ՀՀ Սահմանադրության կատարելագործման հարցը կքննարկի։ Վերջին շրջանում կարծես երկրորդ պլան են մղվել Սահմանադրության որոշ կետերի հնարավոր փոփոխությունների մասին խոսքուզրույցները։ Այնքան գերհագեցած է անցնում ներքաղաքական գործընթացը, այնպիսի աղմուկով, տրաքտրաքոցով եւ իրար հաջորդող սենսացիաներով, որ երկրի գլխավոր օրենքի փոփոխությունների հնարավորությունը կարծես թե ավելի հեռացավ։ Եթե դեռ չեք մոռացել, սահմանադրական փոփոխություններով զբաղվող ՀՀ նախագահին կից հանձնաժողով է գործում, որը, շուտով երկու տարին կլրանա, օրնիբուն զբաղված է փոփոխելու համար այն, ինչի վրա հանրապետության նախագահը ձեռքը դրեց եւ երդվեց նախագահ օծվելու օրը։ Երդվեց եւ անմիջապես պահանջ զգաց փոփոխել Սահմանադրությունը։

Մինչ նախագահին կից հանձնաժողովը կաշխատեր, ԱԺ-ում նույնպես համապատասխան խումբ ստեղծվեց, որը եւս որոնողական աշխատանքներ սկսեց՝ ի՞նչը փոխենք, ինչպե՞ս փոխենք եւ ինչո՞ւ։ Սահմանադրական հնարավոր փոփոխությունների մասին մեր զրույցներից մեկում Վլադիմիր Նազարյանն ասաց, որ ինքը կողմ է ոչ թե Սահմանադրության փոփոխությանն ընդհանրապես, այլ մասնավորապես։ Հետեւյալ միտքն օգտագործվեց՝ ո՞ր ծնողը կհամաձայնի սեփական երեխային փոխել։ Հագուստը, կոշիկը, սանրվածքը՝ խնդրեմ, փոխեք, ավելի ժամանակակից եւ սիրուն դարձրեք։ Սահմանադրական փոփոխություններով զբաղվող ԱԺ իրավագետների խումբը դիմել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի խոսնակ լորդ Ռասել Ջոնսթոնին, խնդրելով խորհրդատվական օգնություն մատուցել ՀՀ Սահմանադրության կատարելագործման համար։ Լորդ Ջոնսթոնը խիստ զգացված այսպիսի մոտեցումից, պատասխան նամակը սեփական ձեռքով է գրել եւ շնորհակալություն հայտնել իրեն դիմելու համար։

Մերոնք դիմել են նաեւ Վենետիկի հանձնաժողովին, ինչպես նաեւ Բունդեստագի նախագահին եւ Ֆրանսիայի խորհրդարանին։ Նպատակը մեկն է՝ շատ խոհեմ, շատ լուրջ, շատ համակողմանի հաշվի առնենք եղած փորձը, ըստ այդմ կողմնորոշվենք, թե ինչ կարելի է փոխել, որ Սահմանադրությունը դառնա ավելի ժողովրդավարական, ավելի իրավական։ Ի վերջո, հարկավոր է Սահմանադրությունն իրոք ընկալել որպես երկրի գլխավոր օրենք եւ ոչ թե այդ օրենքի ետեւում թաքնվելով՝ խախտել նույն գլխավոր օրենքը։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031