Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՖԻԼԻՊ-ՄՈՐԻՍԸ» ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՏԱՊԱԼԵ՞Լ «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈՆ»

Մարտ 29,2000 00:00
Ruben hayrapetyan

Այս տպավորությունն առաջացավ «Հայծխախոտի» եւ «Գրանդ Տոբակոյի» խոշոր բաժնետեր Ռուբեն Հայրապետյանի հետ զրույցից։

-Արդյոք «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» օրենքը, որ մարտի 24-ին ընդունեց ԱԺ-ն, համապատասխանո՞ւմ է տեղական արտադրողի շահերին։

– Ո՛չ, չի համապատասխանում։ Մենք դիմել էինք վարչապետին, որ սահմանվի 90 եւ ներմուծողի համար 130 դրույքաչափ։ Սա օգտակար կլիներ ե՛ւ տեղական արտադրողի, ե՛ւ գյուղատնտեսության զարգացման համար, ե՛ւ կապահովվեին բյուջեի մուտքերը։

– Սակայն ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Գագիկ Արզումանյանն ԱԺ-ում հայտարարեց, որ «Գրանդ Տոբակոն» համաձայնել է այս օրինագծին։

– «Գրանդ Տոբակոն» համաձայնություն տվել եւ խնդրել է, որ անպայման հաստատագրված վճարներ սահմանվեն, բայց ոչ այս՝ 80 եւ 100 դրույքաչափերով։ Այստեղ հաշվի են առնվել որոշ մարդկանց շահերը, որոնք շահագրգռված են ծխախոտ արտադրող մեծ ֆիրմաների կողմից եւ ցանկանում են տապալել ծխախոտի տեղական արտադրությունը։

– Որոշակիացրեք, թե խոսքն ո՞ւմ մասին է։

– Նկատի ունեմ բոլոր արտասահմանյան սիգարետ ներմուծողներին եւ հատկապես խոշոր ֆիրմաներին՝ ի դեմս «Ֆիլիպ-Մորիսի»։ Նրանց է, իհարկե, ձեռնտու, որ տեղական արտադրողին շուկայից դուրս մղեն։

– Խորհրդարանում նման տեսակետներ հնչեցին, թե անցած տարվա օգոստոսին ներմուծողի նկատմամբ տեղական արտադրողին 50 դոլարի առավելություն տալը որոշակիորեն անդրադարձավ հայկական ծխախոտի որակի վրա։ Իսկ Գագիկ Արզումանյանն էլ ասաց, որ նաեւ ծխախոտի արտադրության ծավալները գրեթե կրկնակի կրճատվեցին։ Այսինքն, արտոնություն տալը բացասաբա՞ր է անդրադառնում տեղական արտադրողների վրա։

– Ոչ թե արտոնություն տալը, այլ սահմանված դրույքաչափերը բացասաբար անդրադարձան։ Եվ մինչեւ օգոստոսի 1-ն էինք մենք հայտարարում, որ կրճատվելու են ե՛ւ ծավալները, ե՛ւ աշխատատեղերը, իսկ ծխախոտի մաքսանենգությունն ավելանալու է։ Եվ հիմա էլ 50 %-ով պակասելու են մեր ծավալները։ Իսկ մեր արտադրանքի որակի անկում չի եղել։ Թող որեւէ մեկը որոշակի նշի, թե ո՞ր ծխախոտի որակն է վատացել եւ լաբորատորիայում կստուգենք ու նրան հակառակը կապացուցենք։ Որոշ պատգամավորների ուղղակի ձեռնտու է եղել այդ պահին այդպես ասել։

– Իրականությանը համապատասխանո՞ւմ է հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանի այն պնդումը, թե օգոստոսին պիտի արտադրողի եւ ներմուծողի միջեւ հարաբերակցությունը 120/150 լիներ, սակայն 100/150-ի փոխվեց նախագահի միջամտությամբ։

– Ես ու Հրանտ Վարդանյանն այդ ժամանակ հանդիպել էինք Վազգեն Սարգսյանին, այն ժամանակ էլ էինք պնդում արտադրողին 90-ի եւ ներմուծողին 130-140 դրույքաչափը։ Վարչապետը գրեթե վերջին օրը 20 դոլարով իջեցրեց։ Նախագահն էլ էր դա ճիշտ համարում, որ տեղական արտադրողին առավելություն տրվի, քանի որ մենք ենք այսօր աշխատատեղեր ապահովում։ Ասենք, «Գրանդ Տոբակոն» այսօր 1100 աշխատող ունի։ Հիմա եթե ստիպված լինենք նրանց կրճատել, թողնել 600- 700-ին՝ ո՞վ է պատասխան տալու։ Իսկ ներմուծողը նույն քանակի ծխախոտ է բերելու եւ ստանալու նույն գումարները իր ապահոված մի 10-25 աշխատատեղով։

– «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ներկայացուցչի փաստարկն էր, թե տեղական արտադրողին արտոնություն տալով՝ նախագահը պիտի հետեւեր, որ դրա շնորհիվ շահած գումարները Հայաստանի տնտեսության մեջ ներդրվեին եւ ոչ թե «Գրանդ Տոբակոն» արտադրություն կազմակերպեր Սոչիում։

– Սա անհեթեթություն է, բացարձակ անլուրջ հայտարարություն։ Սոչիում արտադրություն չունենք։ Բայց, այո՛, եթե պետք լինի՝ Ռուսաստան կտեղափոխենք մեր արտադրությունը։ Եվ ի՞նչ վատ է, եթե Սոչիում ենք վաճառելու հայկական ծխախոտը կամ էլ, եթե հայ գյուղացուց հումք գնենք եւ արտադրություն կազմակերպենք Սոչիում։ Իսկ մենք ներդրումներ այս 3 տարվա ընթացքում անընդհատ ենք արել. 7 մլն դոլար՝ միայն գյուղատնտեսության մեջ, նոր արտադրություններ ենք ստեղծել, ավելացրել աշխատատեղերը։ Ամբիոնից բարձրաձայն գոչողներից մեկը թող ասի, թե այս տարիների ընթացքում բյուջեի մուտքերն իրե՛նք ինչքան են ավելացրել եւ քանի աշխատատեղ ստեղծել։ Թող որեւէ հիմնավոր փաստ նշեն, որ մենք Հայաստանից գումար ենք հանել։ Ավելին ասեմ, «Գրանդ Տոբակոյի» նախագահ Հրանտ Վարդանյանը գնել է հրուշակեղենի գործարանը, շինարարական հսկայական աշխատանքներ կատարել։ Մեկ ամսից արդեն «Գրանդ քենդին» սկսելու է արտադրանք տալ։ Այս գումարները չե՞ն ներդրվել Հայաստանում։ Հետո, մենք միասին «Մասիս» կոշիկի ֆաբրիկան ենք գնել, վերականգնելու ենք կոշիկի հայկական արտադրությունը։ Սա գումարները երկրից դուրս հանե՞լ է նշանակում։

– Սկզբում միջանցքային զրույցների ընթացքում, հետո արդեն հրապարակավ՝ որոշ պատգամավորներ վկայեցին, թե այս օրինագծի առումով լոբբինգի էին դիմել ե՛ւ ներմուծողները, ե՛ւ արտադրողները, ե՛ւ կառավարությունը։ Ինչպե՞ս է արտահայտվել «Գրանդ Տոբակոյի» լոբբինգը։

– Ես ընդամենը մի երկու պատգամավորի եմ հանդիպել եւ բացատրել, որ այս օրինագիծն ընդունելը սխալ է եւ վնասակար տեղական արտադրողի համար։

– Կառավարությունը եւ այս օրինագծի կողմնակիցները պնդում էին, թե այն չընդունելու դեպքում ծխախոտի գինը ապրիլի 1-ից կրկնակի կթանկանա, իսկ այժմ, հակառակը, հնարավոր է, թե գները որոշ չափով իջնեն։ «Հայծխախոտը» եւ «Գրանդ Տոբակոն» պատրաստվո՞ւմ են էժանացնել իրենց արտադրանքը։

– Այո, «Գրանդ Տոբակոն» պատրաստվում է իջեցնել գները, քանի որ շատ բարդ վիճակի մեջ ենք, պիտի նորից պայքարենք ներմուծողի հետ։

– Օրինագծի կողմնակիցները վստահեցնում էին, թե մաքսանենգությունը զգալիորեն կպակասի ու նաեւ՝ ծխախոտի ստվերային շրջանառությունը, ու դրանց հաշվին բյուջեի մուտքերն անգամ կավելանան։ Այս ամենն իրակա՞ն եք համարում։

– Իհարկե ո՛չ։ Տնտեսական բարեփոխումներով ցանկանում են մաքսանենգությո՞ւն կրճատել։ Իսկ մաքսային ծառայությունն ու վարչարարությունն ինչի՞ համար են։

– Ի դեպ, Հայկ Բաբուխանյանը հայտարարեց, որ ծխախոտի շրջանառության 60 %-ը ստվերային է։ Ձեր կարծիքով, այս թիվը համապատասխանո՞ւմ է իրականությանը։

– Նման թիվ չկա, սա անտեղյակություն է։ Այո, 1 մլրդ հատիկ ծխախոտ կորել է անցած տարի եւ դա հարկերով երեւում է, բայց դա ընդամենը 15% է կազմում։ Հիմա ավելի է ավելանալու այդ 1 մլրդը։ Հայաստանի շուկայում ամիսն ընդամենը 45-50 հազար արկղ ծխախոտ է վաճառվում։ Մենք արտադրում ենք 25-30 հազար արկղ, մնացածը ներմուծվում է։ Իսկ երբ Սուքիասյան Խաչիկը հայտարարում է, թե մեր «լեվի» արկղերի քանակն է ցանկանում իմանալ՝ դրա համար մեծ ջանքեր պետք չեն, ուղղակի պետք է գնալ հարկային մարմիններում կամ ստուգող կազմակերպություններում աշխատել։ Թող նաեւ համեմատեն, թե «Սիլ» կոնցեռնն իր ամբողջ գործունեության ընթացքում այդքան հարկ մուծե՞լ է, ինչքան «Գրանդ Տոբակոն» 1 տարում, «Սիլ» կոնցեռնն անգամ 50 լավագույն հարկատուների մեջ էլ չէ։

– Մի՞թե շուկայական տնտեսության պայմաններում վատ է, որ այժմ պիտի արտադրողները ներմուծողների հետ կոշտ մրցակցության մեջ լինեն։ Գուցե թե ձեզ համար դժվար է, բայց կօգտվեն սպառողները, որ ապրիլի 1-ից ծխախոտի գները կիջնեն։

– Սպառողների համար գուցե որոշ ժամանակ լավ լինի, քանի դեռ շուկան գրավելու պայքար կընթանա։ Բայց մի 3-4 ամիս հետո գները դարձյալ կբարձրանան, երբ այդ պայքարն ավարտվի։ Եթե այսօր ծխախոտի մեջ 4 դոլար արժողությամբ թութուն ենք դնում, ներմուծողը 2,50-3 դոլարանոցն է դնելու ու բերելու են՝ վրան գրված «Մարլբորո», «Փալ-Մալ», չգիտեմ ինչ՝ ծխողներին խաբեն։ Լրիվ թույն ու խոտ են լցնելու, բայց գներն իջեցնելու են։ Տեղական արտադրանքն անընդհատ կարելի է ստուգել, բայց «Ֆիլիպ-Մորիսի» արտադրությունները հաստատ չեն կարող ստուգել։ Այսօր Հայաստանում միայն մեր լաբորատորիան է կարող դրա բաղադրությունը ստուգել, բայց որեւէ մեկը մեզ չի դիմել ծխախոտի որակը ստուգելու խնդրանքով։ Ներմուծողներն արդեն իսկ 30-90 դրամով իջեցրել են գները՝ չսպասելով ապրիլի 1-ին։ Դեռ էժան հարկաչափով ծխախոտ չեն բերել։ Ուրեմն սա նախօրոք մաքսանենգ ծխախոտով նախապատրաստված է։

– Այնուամենայնիվ, առեւտրի համաշխարհային կազմակերպությունը պայման է սահմանել, որ ներմուծողներն ու արտադրողները հավասար դաշտում լինեն։ ԱԺ-ի քննարկումների ընթացքում Վարդան Խաչատրյանը նաեւ ասաց, թե ՄԱՀ-ն էլ է պահանջում, որ տարբերությունները մեծ չլինեն եւ հարկերը լինեն հավասարակշռված։

– Ես պարզել եմ, որ նման բաներ գոյություն չունեն եւ սա հորինել են մերոնք։ Հայաստանում արտադրվող բոլոր ապրանքներին է պետք անպայման առավելություն տալ ներմուծողների նկատմամբ, որ կարողանան շունչ քաշել, աշխատատեղերն ավելացնել։ Մակարոնն ու վերմիշելն էլ է դրսից ներմուծվում, բայց մի՞թե մերը վատն է։ Խնդիրը «Գրանդ Տոբակոն» չէ, այլ ամբողջ երկրի տնտեսությունը։

Հարցազրույցը վարեց

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031