Լրահոս
Օրվա լրահոսը

ԺՈՒՉՈԿՆ ԱՌԻԹ ԷՐ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՀԱՆԵԼՈՒ, ՍԱ ԷԼ ԱՌԻԹ Է ՍԱՄՎԵԼԻՆ ԲՌՆԵԼՈՒ

Մարտ 29,2000 00:00
Murad petrosyan

Հարցազրույց ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ՀԱԺԿ նախագահ Մուրադ Պետրոսյանի հետ

– ԼՂՀ նախագահն ասաց, թե Ղարաբաղում ընդդիմություն չկա, կուսակցությունները ձեւական բնույթ են կրում։ Ղարաբաղի ԱԺ-ն 33 պատգամավոր ունի, որից 10-ից ավելին իշխանություններից տարբեր կարծիքներ են հայտնում։ Որքանո՞վ է հաշվի առնվում վերջիններիս խոսքը, որոնք 33-ի մեջ քիչ թիվ չեն կազմում։

– Այո, 1/3-ը կարեւոր ռազմավարական հարցերում տարբեր տեսակետներ ունի, քան օֆիցիալ իշխանությունը։ Այդպես էլ եղել է դեռ 91-92 թվերից, բայց Ղարաբաղի իշխանությունները Հայաստանի իշխանությունների հետ մի համակարգ են եղել, մի դիրքի վրա են եղել, դրա համար էլ այդ 10-11 պատգամավորներն էլ ոչ մի ժամանակ համախմբված չեն եղել։ Օրինակ, ես թեկուզ Սամվել Բաբայանի հետ մոտիկ եմ, բայց ես անցյալ տարվա բյուջեին դեմ եմ քվեարկել։ Բայց Սամվել Բաբայանն է եղել այդ բյուջեի հեղինակներից մեկը։ Ու չէին ասում ինձ ընդդիմություն։

Բայց հիմա, որ առճակատում է սկսվել՝ կամանդույուշչի եւ պրեզիդենտ, դրա համար էլ ով որ պրեզիդենտի դեմ է, միանգամից ասում են՝ սա կամանդույուշչիի մարդն ա։ Բայց օպոզիցիա միշտ էլ եղել ա։ Մեկը հենց ես, Քոչարյան Ռոբերտի դեմ 94 թվին ասել եմ, որ Ղարաբաղում չպիտի լինի էդ ձեւի արտոնություններով պրեզիդենտ։ Ավելի շուտ՝ սկի պրեզիդենտ չպիտի լինի։ Ասում էի, որպեսզի Գերագույն խորհուրդը ջեբի խաղալիք չդառնա պրեզիդենտի ձեռքին, ավելի լավ է Քոչարյանը գար խորհրդարանի նախագահ. համ խորհրդարանի հեղինակությունը կբարձրանար, համ էլ Ղարաբաղը պոտենցիալ կադրեր չունի, որ կարող է միջազգային մի սեղանի շուրջ մասնակցի, սխալներ քիչ անի։ Դրա համար կոլեգիալ ղեկավարությունն է ճիշտ, թող լինի լիմիտիրովաննի նախագահ, չափավորված արտոնություններով նախագահ, բայց կարեւոր որոշումներն ընդունի նախագահությունը։ Այդ 10-ից ավելի պատգամավորները ինքնուրույն ընդդիմադիրներ են։ Այսպիսի դեպքերում, երբ իշխանությունը ուժեղանում է, կշեռքի մի կողմը ծանրանում է, էն մեջքից թույլ, անողնաշար պատգամավորներն անցնում են իշխանության կողմը, որպեսզի պաշտոնից չզրկվեն, ընդհակառակը՝ առաջ գնան։

– Ա. Ղուկասյանի վրա մահափորձին հետեւեցին ձերբակալություններ, կալանք։ Ընդ որում, ձերբակալվեցին Սամվել Բաբայանը եւ նրա մերձավորները, շրջապատը, նրա հետ անգամ չնչին շփում ունեցողները։ Ինչպե՞ս եք սրան վերաբերվում։

– Սամվել Բաբայանը եղել է Արցախյան պատերազմի ղեկավարը։ Նա խոշոր դեմք է, դրան գումարած նաեւ իր խելքը։ Պատերազմում շատ բան միշտ կախված է ղեկավարից, հաղթանակը կախված է այդ ղեկավարից։ Այդ հաղթանակը հենց ընենց կռվի հաղթանակ չի եղել, հայությունը ոգեւորվել է դրանով։ Այսպիսի մարդուն, որ հանում ես, ոնց որ արջին վիրավորես։ Դու դրան պիտի արմատներով քաշես-հանես դուրս։ Այդ ձերբակալությունները ես այսպես եմ գնահատում. Բաբայանի ազդեցությունը իր հետ միասին արմատապես քաշել են ուզում, որ Բաբայանը չկարողանա վերականգնվել։ Ոնց որ ժուչոկի պատմությունը առիթ էր վարչապետ փոխելու համար, էս դեպքն էլ մի առիթ է, որը գոնե գրագետ էլ չեն օգտագործում, օգտագործում են 37 թվերից մնացած ամբողջ զինանոցը։ Ամեն քայլի դիմում են։

Մենք մեր կուսակցության հայտարարության մեջ էլ գրել ենք, որ մասսայական (մոտ 50-ի է հասել այդ ձերբակալվածների թիվը- Մ. Պ.) ձերբակալություններ են, որոնց միակ մոտիվն այն է, որ այդ մարդիկ Սամվել Բաբայանի մոտ կանգնած անձինք են։ Դա ամենահեշտ ձեւն է, հեշտ ձեւին միշտ գնում է թույլը, ուղեղից ու ճշմարտությունից էլ թույլ մարդը։ Ժուչոկի պատմությունից հետո, առաջինը ես եմ եղել, որ իրենց ցուցակի մեջ եմ մտել։ Հին գործերը քանդել են-բերել, թե խի՞ չես գնում պրեզիդենտի մոտ։ Որ գնայի, պրեզիդենտը պիտի ասեր՝ քննադատությունդ թող, որովհետեւ ես գիտեմ, իր շուրջ ով որ կա՝ գիտեն, ես արմատային թշնամի չունեմ ու առանց ամբիցիայի եմ քննադատում։ Մարդ կա՝ քննադատում ա, որ էն մյուսի տեղը նստի, առաջ գնա, կամ էս մի կուսակցությանը տապալի։

Պառլամենտում էլ թեկուզ շատերն ինձ չեն ընդունում, բայց Օլեգ Եսայանն էլ ասաց՝ ես ո՞նց կարող եմ Պետրոսյան Մուրադի նման մարդու դեմ ձեռք բարձրացնեմ։ Ես առաջինն եմ եղել, հետո հերթը հասել ա Բալայան Վալերային, մնացածին։ Իմ լսելով, պրեզիդենտի կողմի մի մարդ, դաժե Սեյրան Օհանյանը ասել է, որ պրեզիդենտն ասել ա՝ սաղին բռնելու եմ՝ ով շուրջը կա, թողելու եմ երկու Բաբայաններին։ Իրենք էլ վինուժդյոննի թողեն-լքեն Ղարաբաղը։

Սամվել Բաբայանի նախկին սխալները եթե չլինեն, նրան ոչ մեկն էլ չի կարող հաղթի։ Սամվել Բաբայանը ամենամեծ գործերն անողն է։ Բաբայանի հետ կարելի է համեմատել Վազգեն Սարգսյանին։ Վազգեն Սարգսյանը կազմակերպել է Հայաստանում, բայց Ղարաբաղում ռեալ ֆրոնտը ղեկավարել ա Սամվել Բաբայանը։ Սամվել Բաբայանի թույլ տված սխալներն են հիմա իր դեմ գալիս։ Ասել եմ ու մի անգամ էլ կարող եմ կրկնել. ինքը ժողովրդին օգնություն-լավություն, ճիշտ է, շատ ա արել, բայց մեկ ա, սոված ժողովրդի մեջ եթե բարձր տուն ես սարքում, «Մերսեդես» ես քշում, էդ ժողովրդին քեզ թշնամի ես սարքում։ Քիթը կոխեց Հայաստան խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որ Վազգեն Սարգսյանի դեմ առճակատման դուրս եկավ, զգացել են, որ ժողովուրդն էլ այստեղ էս վիճակում է, ու Ղուկասյանն էլ պրեդել չունի։

Ես Ղուկասյանից խի՞ եմ սենց վառված. հասկացրե՞լ ես, որ Սամվել Բաբայա՛ն, քոնը բանակն է, ղեկավարի։ Բոլորն էլ էս դեպքում իրեն պադդերժկա էին անում՝ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, էս ժողովուրդը։ Ինքը կարող էր Սամվելին էդ դիրքում թողեր։ Բայց ինքը ուզում ա մինչեւ վերջ էդ մարդուն դականատ (доконать) անի, մինչեւ վերջ։

– Սա մեզ համար չափազանց վտանգավոր իրավիճակ է։ Մանավանդ, որ հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո հայտնի են ադրբեջանական կողմի բուռն արձագանքները։ Վազգեն Սարգսյանը չկա, Սամվել Բաբայանին հեռացրին…

– Էդ իրանց չի հետաքրքրում, թեկուզ Քոչարյանին։ Եթե իրենց հետաքրքրի դա. հենց լիչնի Քոչարյանին, Քոչարյանը իր թեկնածությունը չի դնի։ Եթե մեզ ղեկավար ա հարկավոր, ուրեմն ղեկավարը ամենախելոքը, ամենաշնորհքովը, ամենաարդարը պիտի լինի։ Դու քո մեջ քցում ես-բռնում. որ իրենց ընդհանուր գործը հետաքրքրեր՝ չէի՛ն գնա։ Կամ Սերժին… վա՞տ ժամանակ ա եղել, ի՞նչ ես գնացել համ ԿԳԲ-ն վերցրել, համ МВД -ն… Ոչ մեկն էլ ազատ չի ընտրվել։ Հիմա սրանք, ուշքն ու խելքն էն ա եղել, որ ոտը ոնց ամրացնեն, բայց չեն մտածում մի բան կազմակերպեն կամ մի բան անեն։ Դաժե մարդ ա գալիս Չարեքթարից, 10 երեխա ունեն, ասում են՝ լսել են, որ նոր վարչապետ ա եկել, կօգնի։ Սպասում են, վարչապետը արտասահմանից գալիս ա, ու՝ ոչ մի օգնություն։ Էդ մարդիկ դատարկ գնում են։ Էս ա վիճակը։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Ստեփանակերտ-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031