Լրահոս
Օրվա լրահոսը

«Լոթրեք»

Մարտ 28,2000 00:00
lotreq

Լոնդոնի թատերական աշխարհում նորույթ է սպասվում: Ապրիլի 6-ին Շաֆթսբըրի թատրոնում տեղի կունենա «Լոթրեք» մյուզիքլի պրեմիերան: Ներկայացման փորձերն սկսվել են հունվարից: Այդ ժամանակ էլ մամուլում հայտնվեցին «Լոթրեքի» հայտագրերը:

Պատճառը, որ հազարավոր լոնդոնյան ներկայացումների միջից այս մեկի լուրը շուտափույթ հաղորդում ենք Հայաստան, այն է, որ «Լոթրեք» մյուզիքլի հեղինակը Շառլ Ազնավուրն է, իսկ գլխավոր դերակատարը՝ հայազգի երիտասարդ դերասան Սեւան Ստեփանը: Ներկայացումը 19-րդ դարի վերջի հայտնի ֆրանսիացի նկարիչ Անրի Թուլուզ Լոթրեքի (1864-1901) մասին է:

Լոթրեքը՝ Թուլուզի կոմսերի ընտանիքից էր, ուր անընդմեջ տեղի ունեցող իրարամերժ ամուսնությունները հանգեցրին տկար, գաճաճ եւ տգեղ մանկիկի աշխարհ գալուն: Ծագումով Թուլուզ Լոթրեքն ազնվական էր, բայց գերադասում էր հեռու մնալ կոմսի տիտղոսից, իր ընտանիքին հարազատ շրջապատից: Լոթրեքը նախընտրում էր ժամանակի մեծ մասն անցկացնել հասարակաց տներում, կրկեսում, թատրոններում եւ սրճարաններում:

Նկարիչ Թուլուզ Լոթրեքի կերպարվեստի աշխարհն անչափ ինքնատիպ է, հետաքրքիր: Նրա վրձնած կերպարները հասարակ փարիզցիներ են՝ դերասանուհիներ, կրկեսի ակրոբատներ, հասարակաց տան աղջիկներ: 1893-ին էր, երբ Լոթրեքի ստեղծագործություններն ուշադիր դիտելուց հետո Դեգան բացականչեց. «Դե ինչ, Լոթրեք, դու էլ դարձար մեզնից մեկը»: Սրանով Դեգան Թուլուզ Լոթրեքին արժանացրեց պրոֆեսիոնալ գեղանկարչի եւ պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցչի «տիտղոսին»:

Ինչպես վերը նշեցի, «Լոթրեք» մյուզիքլի գլխավոր դերակատարը Սեւան Ստեփանն է՝ քսանինը տարեկան, կարճահասակ, դարչնագույն աչքերով, բարի եւ ժպտերես մի երիտասարդ: Մի զրույցի ժամանակ Սեւանն ինձ պատմեց, թե ինչպես սկսվեց «Լոթրեքի» պատմությունը, որն էլ փոխանցում եմ ձեզ: «Մամուլում Լոթրեքի դերի համար տրված հայտարարությունը կարդալուց հետո որոշեցի բախտս փորձել: Հինգ փուլ ունեցող դժվար մրցույթ էր: Բազմաթիվ դերասաններ էին մասնակցում: Մրցույթին միշտ ներկա էր Շառլ Ազնավուրը: Դա ինձ ուժ եւ համարձակություն էր տալիս»:

Սեւանը կրթությամբ ֆիզիկոս է: Բրիսթոլի համալսարանի ֆիզիկայի բաժինն ավարտելուց հետո, ընդունվել է Բրիսթոլի Օլդ Ուիք թատերական դպրոցը: Այն ավարտելուց հետո աշխատել է տարբեր թատերական ընկերություններում: Լոնդոնի թատերասերներն անհամբերությամբ են սպասում ապրիլի 6-ին, Ազնավուրի «Լոթրեքին», եւ դրանց արձագանքներին Եվրոպական մամուլում:

Բարի երթ «Լոթրեքին»:

ՆՈՒՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

Արվեստաբան, Լոնդոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031