Սա է մեր օրը
Ռեմարկը Ղարաբաղում եւ Հայաստանում չէր եղել։ Նա պարզապես հրաշալի գիտեր այն, ինչ գիտեր ու երբ ասում էր, որ «պատերազմի հերոսները պետք է զոհվեն պատերազմի դաշտում, հակառակ դեպքում նրանք անտանելի են դառնում», ցավալիորեն իրատես էր, թեկուզ՝ դաժան։ Այսօր ունենք նույն ստվերի ու լույսի իրավիճակը, երբ կան բազմաթիվ պատասխաններ, իսկ հարցերը կրկնվում են։
ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձից հետո բազմաթիվ կալանվածներ կան, որոնց ճակատագիրը, ըստ օրենքի, պետք է որոշակի դառնար ձերբակալվելուց 72 ժամ անց։ Այդ ժամանակը լրացավ մարտի 25-ի առավոտյան։ Մեղադրանքներ ներկայացվեցին հինգ հոգու միայն, մինչդեռ, ըստ ոչ պաշտոնական տվյալների, ձերբակալվածների թիվը հասնում է 70-ի եւ սպասվում են (կամ արդեն կատարվել են) մի քանի նոր ձերբակալություններ եւս։
Օրենքի ընձեռած հնարավորությունները խնդրեցինք ներկայացնել իրավագետ Վլադիմիր Նազարյանին։ Վերջինս հիշեցրեց, որ «իրարից պետք է հստակ տարբերել ձերբակալությունը եւ նախնական կալանքը։ Ձերբակալությունը կարող է կիրառվել կասկածյալի նկատմամբ։ Եթե մեկը կասկածյալ է, նրան ձերբակալում են, դա չի կարող տեւել ավելի, քան 72 ժամ։ 72 ժամից հետո այդ մարդու կարգավիճակը պետք է փոխվի. կամ պարզ է, որ նա կասկածյալ չի, կամ էլ՝ մեղադրյալ է դառնում եւ նրան մեղադրանք է ներկայացվում քրեական օրենսգրքի որոշակի հոդվածով։ Դրանից հետո արդեն կնշանակվի խափանման միջոց։ Խափանման միջոցը կարող է տարբեր լինել՝ ստորագրություն չբացակայելու մասին, երաշխավորություն կամ էլ նախնական կալանք։ Ըստ ՀՀ Սահմանադրության՝ նախնական կալանքը՝ որպես խափանման միջոց, կարող է ընտրել միայն դատարանը։
Կարդացեք նաև
ԼՂՀ-ում այսպիսի գործող նորմ չկա, այնտեղ դատախազը կարող է նախնական կալանքի հարց լուծել»։ Հայաստանից ԼՂՀ մեկնած պատգամավորական առաքելությունը (Արտաշես Գեղամյան, Համլետ Հարությունյան, Աղասի Արշակյան) հանդիպել է ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանին եւ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանին՝ խնդրելով Սամվել Բաբայանի կալանքի ձեւը փոխել տնային կալանքի։ Հասկանալի է, խնդրանքին ընթացք չի տրվել եւ դատախազությունում նրանց չեն ընդունել։
Ըստ ԼՂՀ աղբյուրների, գլխավոր կասկածն ընկնում է կամ անձամբ Ս. Բաբայանի, կամ նրա մերձավոր շրջապատի վրա, հիշենք թե ո՞ւմ է մեղադրանքներ ներկայացված։ Նրանք բոլորն էլ կամ Ս. Բաբայանի թիկնապահներն են, պահպանության պետը, կամ էլ աներորդին։ Այնուամենայնիվ, քննչական խմբի ասելով, ինքն «առաջնորդվում է ոչ թե հասարակական պատվերով, այլ հանցագործության հետ ուղղակի, եւ անուղղակի կապ ունեցող մանրամասների ուսումնասիրություն է կատարվում»։ Այդուհանդերձ, նախաքննության որեւէ մանրամասն չի հրապարակվում եւ ենթադրելի է, որ նախաքննությունը կարող է երկար տեւել։
Այս ենթադրության համար հիմք կարող է ծառայել, ի թիվս այլոց, նաեւ այն հաղորդագրությունը, որ երեկ տարածեց ԼՂՀ դատախազությունը։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ կատարված մահափորձի փաստի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ բացահայտվել ու ձերբակալվել են հանցագործության անմիջական կատարողները։ Վերջիններս խոստովանել են իրենց մեղքը եւ մանրամասն ցուցմունքներ տվել հանցագործության կատարման ընթացքում իրենց ունեցած դերի ու մասնակցության աստիճանի մասին։ Բացի խոստովանական ցուցմունքներից, գործով ձեռք են բերվել մի շարք այլ փաստեր, որոնք անառարկելիորեն ապացուցում են նրանց կողմից տվյալ հանցագործության կատարումը»։
Մ. ԵՍԱՅԱՆ