Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության մամուլի ծառայությունն անցած շաբաթավերջին հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես զարմանք էր արտահայտված «Միասնություն» դաշինքի առաջնորդի հայտարարությունների առնչությամբ. «Դրսեւորելով զարմանալի շտապողականություն՝ կատարվածը միանշանակ որակել է որպես կոնկրետ ուժերի կողմից քաղաքական դիտավորություններ հետապնդող գործողություն (…) չսպասելով Ստեփանակերտում նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ ուղղված ահաբեկչության վերաբերյալ տարվող հետաքննության նույնիսկ նախնական արդյունքներին, բացահայտ պաշտպան է կանգնում այնպիսի անձնավորությունների, որոնց անուններն իրավապահ մարմինները նույնիսկ չեն նշել (…)։ Գնահատականներ տալու հարցում «Միասնության» առաջնորդին առավել կվայելեր զսպվածությունն ու հավասարակշռությունը»։
Այս ամենը մեկնաբանելու մեր խնդրանքին ի պատասխան, «Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանն ասաց. «Այս հայտարարության պատճառն այս է՝ նրանք կուզենային, որ ես միանգամից տայի Սամվել Բաբայանի անունը։ Եթե ասեի, որ նա մեղավոր է՝ իրենք երեւի համաձայն լինեին։ Բայց նախ եթե նախաքննությունը նոր է սկսվել, ինչպե՞ս կարելի է որեւէ ձերբակալվածի մասին ասել, թե նա մեղավոր է։ Եվ երկրորդը, քանի որ ոչ մի տվյալ չկար, բնակա՞ն չէ, որ քաղաքական ուժերը պետք է կատարվածը դիտարկեին քաղաքական, այլ ոչ անձնական կամ տնտեսական շահերի տեսանկյունից։ Եվ անկախ նրանից, թե ինչ-որ ուժեր են սա արել կամ ոչ՝ բնակա՞ն չէ, որ հանրապետության նախագահի դեմ կատարված մահափորձը որոշակի քաղաքական ազդեցություն է թողնելու բանակցային գործընթացի վրա»։ Այսուհանդերձ, պրն Մարգարյանը նշեց, թե նեղացած չէ ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից։ Վերջինիս նույն հայտարարության մեջ ավելի կոպիտ բնորոշումներով անդրադարձել էին նաեւ «Իրավունք եւ միաբանություն» դաշինքին. «Մեկ անգամ եւս հաստատեցին այն ճշմարտությունը, որ «ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը»։
Եվ հենց այս առումով է, որ Արցախի հասարակության երեւելի ներկայացուցիչներն իրենց խոր զայրույթն էին հայտնել «Իրավունք եւ միաբանության» անխոհեմ պահվածքի վերաբերյալ։ Չնայած ծագումով արցախցի հազարավոր ընտրողներ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկել էին դաշինքի օգտին, սակայն շուտով լիովին հուսախաբ եղան՝ հասկանալով, որ այն ոչ թե Արցախի շահերն է պաշտպանում, այլ Արցախում ապրող առանձին անձանց, այսպես կոչված, երաժշտությունը պատվիրողների»։
Չնայած մի առիթով ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանը կեսկատակ նշել էր, թե ինքն այլեւս ոչնչից չի զարմանում (քանի որ «Իրավունքում» հաստիքով զարմացող ունեն), այս անգամ առանց ձայնում կատակի նշույլի իսկ ասաց, թե խիստ զարմացած են այս հայտարարությունից։ Այն անվանեց «շատ անխոհեմ» արարք եւ խոստացավ պարզել, թե արդյոք ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը կիսո՞ւմ է իր մամուլի ծառայության հայտարարության մեջ պարունակվող այս տեսակետները։ Եվ եթե այո՝ պատասխան ու բացատրություններ կպահանջեն, թե որոշակիորեն ինչի՞ն է վերաբերում խոսքը, արդյոք իր տասներկու տարվա գործունեությամբ ՍԻՄ-ը չի՞ ապացուցել, որ առաջին հերթին Արցախի շահերն է պաշտպանում։ Համահունչ մի հայտարարություն էլ ԼՂՀ հասարակական եւ հասարակական-քաղաքական կազմակերպություններն էին ընդունել միանգամայն անընդունելի որակելով Հայաստանի քաղաքական ուժերի այս կեցվածքը. «Մենք այն գնահատում ենք որպես հետաքննության վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»։
Կարդացեք նաև
Ավելի հետաքրքիր է եւ հիշեցնում է «ձեր հիվանդ գլխից առողջի վրա մի՛ փոխանցեք» ասույթը. հայտարարության այս պնդումը, որ եթե հոկտեմբերի 27-ի գործի հետաքննությունը Հայաստանում վերածվել է «քաղաքական հետաքննության», ապա «մենք միանշանակ մերժում ենք այդ օրինակն Արցախում տարածելու միտումները»։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ