ՀՀ պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանն «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում երեկ հայտնել է, որ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը պնդում է, թե դեռ մի քանի ամիս առաջ ինքը հավաստի տեղեկություններ է ունեցել իր դեմ կազմակերպվող մահափորձի մասին։ Թղթակցի հարցին, թե դրանք Սամվել Բաբայանի՞ն էին առնչվում, պրն Աղաբեկյանը պատասխանել է. «Այդպես էլ կա։ Իսկապես տեղեկությունները համապատասխանում են ձերբակալված անձանց ցուցակին»։ Արթուր Աղաբեկյանի համոզմամբ, մոտ օրերս բոլորը կհամոզվեն, որ մահափորձի կազմակերպիչներին ու կատարողներին միայն Սամվել Բաբայանի շրջապատում է պետք փնտրել։
ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է
Մայիսի 21-ին թափուր տեղերի համար խորհրդարանական ընտրություններին հնարավոր թեկնածուների թվում շոշափվում էր նաեւ ՀԺԿ վարչության նախագահի պաշտոնակատար Ստեփան Դեմիրճյանի անունը։ Երեկ թեկնածու առաջադրվելու վերջին օրն էր, եւ պարզ դարձավ, որ Ստեփան Դեմիրճյանը չի առաջադրվել պատգամավորության թեկնածու։ Այս մասին մեր հարցին Ստեփան Դեմիրճյանը պատասխանեց. «Ներկայումս ես նպատակահարմար եմ գտնում իմ ուժերը կենտրոնացնել ՀԺԿ-ի կառույցների ամրապնդման վրա։ ՀԺԿ-ն ներկայացված է Ազգային ժողովում, ունի պատգամավորներ, իհարկե խնդիր կա պատգամավորների աշխատանքը դարձնել ավելի արդյունավետ։ Մենք այդ հարցում կլինենք հետեւողական եւ պահանջկոտ։ Ինձ համար գերակայությունն այսօր կուսակցական աշխատանքն է»։
Կարդացեք նաև
ՄԻ ԲԼՈԿ «ՎՈԳՈՎ»
ԼՂՀ նախագահի վրա մահափորձի դեպքից մի քանի ժամ անց իրավապահ մարմինները ձերբակալել են Սամվել Բաբայանին՝ իր տանից։ Վերջինս տանից դուրս գալիս միայն մի բլոկ սիգարետ է վերցրել իր հետ ու առանց դիմադրություն ցույց տալու, շատ հանգիստ հետեւել է իրավապահներին։ Սամվել Բաբայանի բոլոր թիկնապահներին նույնպես տարել են իրենց տներից։