Խստիվ դատապարտում ենք ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ մահափորձի կազմակերպիչներին եւ կատարողներին: Նման եղանակներով քաղաքական հարցեր լուծելը լիովին համարում ենք անթույլատրելի:
Հույս ենք հայտնում, որ իրավապահ մարմինները կգտնվեն իրենց վայել բարձրության վրա եւ օբյեկտիվորեն կվարեն նախաքննությունը, նաեւ համոզված ենք, որ կբացահայտվեն ու կպատժվեն իրական հանցագործները: Ղարաբաղյան պատերազմի վետերանների «Երկրապահ» միության անունից կոչ ենք անում ազատ արձակել Ազգային հերոս, հաղթող բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանին: Եվ հայ ժողովրդի բոլոր առողջ ուժերին խնդրում ենք անտարբերություն կամ չեզոքություն չդրսեւորել, քանի որ պահն օրհասական է: Այն ազգը, որը չի հարգում իր հերոսին, չի կարող հարգվել ուրիշների կողմից:
Մենք՝ երկրապահներս, վստահ ենք, որ մեր հրամանատարը ի վիճակի չէ այդպիսի տմարդության, նրան անձնապես ճանաչողները կարող են հաստատել այդ: Սա մենք ընդունում ենք որպես հարված Արցախի ոգուն ու մարտունակությանը, որը նպատակ ունի թուլացնելու եւ ջլատելու մեր պաշտպանունակությունը: Ուստիեւ, խնդրում ու պահանջում ենք անհապաղ ազատ արձակել մեր հերոս հրամանատարին:
Ղարաբաղյան պատերազմի վետերանների «Երկրապահ» միության խորհուրդ
Կարդացեք նաև
Խստորեն դատապարտում ենք ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանի դեմ կատարված մահափորձը։ Ավելի շատ հակված ենք այն որակելու որպես քաղաքական հեռահար նպատակներ հետապնդող գործողություն, որը Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 27-ի ոճրագործության օրգանական շարունակությունն է՝ ուղղված պետական կառույցների ու անվտանգության խարխլմանը, քաղաքական գործիչների չեզոքացմանը եւ ներքաղաքական անկայունության ստեղծմանը։ Արտաքին ուժերը եւ քաղաքական որոշ շահագրգիռ ուժեր Ղարաբաղյան հարցի կարգավորման նախաշեմին օգտվելով Հայաստանում եւ Արցախում տիրող ներքաղաքական հակամարտություններից եւ սոցիալ-տնտեսական ծանր վիճակից, աշխատում են քաղաքական դաշտը մաքրել ռազմական ազդեցիկ գործիչներից եւ քաղաքական գործիչներից, հակադրել քաղաքական ուժերին եւ անհատներին՝ ստեղծելով անկայուն քաղաքական մթնոլորտ՝ Ղարաբաղյան հիմնահարցը ցանկալի հունով տանելու համար։ Հայաստանի եւ Արցախի քաղաքական գործիչներից ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանը եզակիներից է, հայտնի Արցախի հիմնահարցի լուծման իր կայուն դիրքորոշմամբ, որը բանակցային գործընթացներում անցանկալի հանգամանք է։ ԼՂՀ նախագահի հանդեպ կատարված ահաբեկչական գործողությունով փորձ է արվում միանգամից լուծել մի քանի խնդիրներ, քաղաքական դաշտից դուրս մղել ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանին եւ պաշտպանության նախկին նախարար Ս. Բաբայանին՝ Արցախում ստեղծելով անկառավարելի իրավիճակ։
Ստեղծված իրավիճակում կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին, քաղաքական ուժերին եւ իշխանություններին. այս վճռորոշ ժամանակահատվածում ցուցաբերել քաղաքացիական պատասխանատվություն եւ զգոնություն, փոխհանդուրժողականություն, զսպվածություն քաղաքական գնահատականներում՝ մինչեւ դատական մարմինների կողմից ազգադավ ոճրագործների բացահայտումը։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
ՆԵՐՍԵՍ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
ԼՂՀ ԱԺ պատգամավորներ