Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՒՅՆԻՍԿ ՍՆԿԵՐՆ ԱՎԵԼԻ ԴԱՆԴԱՂ ԵՆ ԱՃՈՒՄ

Մարտ 25,2000 00:00
avetiq ishxanyan

Էբերտի հիմնադրամը հերթական սեմինարն անցկացրեց։ Այս անգամ թեման հասարակական կազմակերպություններն էին։ Ներկա էին մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Զեկուցողը Ավետիք Իշխանյանն էր, որ հնարավորինս մանրամասնեց հասարակական կազմակերպությունների տեղն ու դերը մեր հասարակության կյանքում։

Հասկանալի է, որ այդ կազմակերպությունները բոլորովին էլ մեր հասարակության «պատիվն ու խիղճը» չեն, դրանք պարզապես ստեղծվել են որպես քաղաքական եւ հասարակական զարգացումների արդյունք ու որպես այդպիսին էլ շարունակում են իրենց ընթացքը։ Ակնհայտ է, որ հասարակական կազմակերպություն ասվածը դատարկ հնչյուն չէ։ Եթե այդպես լիներ, քնից արթնացողը կազմակերպություն չէր ստեղծի եւ անունն էլ չէր դնի հասարակական։ 2000 թվականի այս պահի դրությամբ արդարադատության նախարարությունում գրանցված է 2108 հասարակական կազմակերպություն։ Հաշվում եք, հաշվում, հաշվեցեք հապա, թե որքան մարդ կարող էր ընդգրկված լինել այդ կազմակերպությունից յուրաքանչյուրում առանձին-առանձին եւ բոլորի մեջ՝ միասին։ Դժվար թե Հայաստանում այդքան մարդկային ռեսուրսներ լինեն։ Նույնիսկ եթե կան էլ, ապա մեզնից յուրաքանչյուրը պարտադիր որեւէ հասարակական կազմակերպության անդամ պետք է լիներ։

Օստապ Բենդերի «Սմբակ եւ եղջյուր» կազմակերպության ստեղծման պատճառը ո՞րն էր՝ հայտնաբերել որեւէ ընդհատակյա միլիոնատիրոջ։ Եթե առիթ ունեցել եք ծանոթանալ պատգամավորության կամ որեւէ այլ բանի թեկնածուի կենսագրականին, ապա անշուշտ նկատել եք, որ բոլորն անխտիր ինչ-որ «սուպեր» հասարակական կազմակերպություն ունեն եւ բոլորն էլ հիմնականում զբաղվում են «բարեգործությամբ»։

Քիչ չեն այնպիսիք, որոնք միաժամանակ «բարեգործական, մշակութային, երիտասարդական եւ բազմազավակ մայրերի» հասարակական կազմակերպություններ են։ Ավետիք Իշխանյանի կարծիքով միայն էնտուզիազմի վրա ստեղծված կազմակերպությունն ի վերջո իրեն սպառում է։ Հարկավոր է ավելի կարեւոր եւ հիմնարար բանի վրա (կամ՝ շուրջ) համախմբվել։ Պրն Իշխանյանի կարծիքով՝ «այսօր նույնպես կարիք կա հասարակական շարժման, որը կնպաստի քաղաքական կյանքի աշխուժացմանը»։ Պատասխանելով ներկաներից մեկի հարցին, թե կա՞ն օրինակներ, երբ քաղաքական կազմակերպությունը վերածվում է հասարակականի եւ հակառակը, Ավետիք Իշխանյանը պատասխանեց. «Դե յուրե՝ չկա, դե ֆակտո՝ կա, օրինակ, Ռամկավար կուսակցությունը հասարակական կազմակերպություն է»։

Իհարկե, սեմինարի ընթացքում թեթեւակի շոշափվեցին նաեւ «դրսից ներդրում բերող կազմակերպությունները», ինչպես նաեւ քաղաքականության մեջ լուրջ ազդեցություն ունեցող հասարակական հայտնի կազմակերպությունը։ Դավիթ Շահնազարյանի կարծիքով նախքան հասարակական կազմակերպությունների տեղի եւ դերի մասին խոսելը հարկ է հստակեցնել՝ ի՞նչ տիպի պետության մեջ են դրանք գործում։ Պրն Շահնազարյանի «խորին համոզմամբ բոլոր հասարակական կազմակերպությունները զբաղվում են քաղաքականությամբ, եւ դա այդպես էլ պետք է լինի, ուրիշ բան, որ զբաղվում են, բայց նպատակ չունեն իշխանության հասնել»։ Վիգեն Խաչատրյանի ասելով, «եթե դրական տեղաշարժ ունենք, ապա առաջնայինը հասարակական կազմակերպություններն են, մենք դեռ չենք հասել նրան, որ քաղաքական իշխանություն կրողները հասկանան, որ իրենք են կախված հասարակությունից եւ ոչ թե հասարակությունը իրենցից»։ Իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների մասին խոսելիս, հասկանալի է, որ չշրջանցվեցին «որոշ իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք քաղաքական պատվեր են կատարում»։

Վերջում տեղափոխվենք թվերի աշխարհ։ 2108 հասարակական կազմակերպություններից 528-ը բարեգործական են, 113-ը՝ մշակութային, 146-ը՝ երիտասարդական, 46-ը՝ իրավապաշտպան, 57-ը՝ կանանց, 52-ը՝ բնապահպանական, 18-ը՝ արհմիութենական, 22-ը՝ վետերանների, 38-ը՝ ազգային փոքրամասնությունների։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031