Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարման մեխանիկա

Մարտ 24,2000 00:00
karavarutyun

Կառավարության նիստերը լուսաբանելու համար չեն։ Դրանց լրատվամիջոցները երբեւէ չեն մասնակցել, եթե չհաշվենք պետական լրատվամիջոցները, այն էլ հաճախ միայն օպերատորի մակարդակով։ Այսինքն, վերջինս պարզապես իրավունք է ստանում մտնել, մի րոպե նկարել ու դուրս գալ։ Բան չունենք ասելու, երեւի վերեւում նստածներին ավելի տեսանելի է այն, ինչ չեն ուզում՝ լրագրողները տեսնեն։ Մենք էլ ստիպված ենք մի քիչ թափառել կառավարության միջանցքներում, մի երկու նախարարի մի երկու հարց տալ ու «իմիտացիա» անել, թե կառավարության նիստ ենք լուսաբանում։ Երբեմն էլ փորձում ենք տպավորություններ հարցնել նիստի ընթացքից, վարչապետի պահվածքից ու ենթադրություններ անել։ Այսպիսի անանուն մի տպավորություն ուզում ենք հաղորդել։

Նիստին ներկաներից մեկի կարծիքով սար ու ձորի տարբերություն կա վարչապետ Վազգեն Սարգսյանի եւ վարչապետ Արամ Սարգսյանի վարած նիստերի միջեւ։ Եթե առաջինի ժամանակ ոչ մեկը չէր համարձակվում «թպրտալ» (կամ մի քիչ վախենում էին, կամ էլ՝ բոլոր հարցերի պատասխանները վարչապետը գիտեր եւ չէր թողնում իրեն «խաբեն»), ապա Արամ Սարգսյանը ավելի լիբերալ է, եւ նիստին մասնակից նախարարները համարձակվում են ոչ միայն կարծիք ունենալ, այլեւ արտահայտել այդ կարծիքը։ Կրկին հետեւությունը մեկը չի. կամ Արամ Սարգսյանից չեն վախենում, կամ էլ վերջինս թույլ է տալիս, որ իրեն «խաբեն»։ Սրանք իհարկե ինչ-որ չափով սուբյեկտիվ դիտարկումներ են։

Իսկ կառավարության երեկվա նիստը սովորականից երկար տեւեց։ Կառավարությունը որոշում ընդունեց ՀՀ ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին։ ԱԺ նախագահին առաջարկվեց սահմանված կարգով 2000 թ. մարտի 24-ին, ժամը 14-ին հրավիրել ԱԺ արտահերթ նիստ «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման առիթով։ Կառավարության նիստի հաջորդ հարցերը հետեւյալն էին։ Կառավարությունն ընդունեց որոշում «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թթ. ծրագրում ընդգրկված պետական բաժնեմասով ընկերությունների վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ հայցերից հրաժարվելու, կատարողական վարույթները կարճելու եւ դրանց մասնավորեցման կամ լուծարման գործընթացը կանոնակարգելու մասին»։ Ընդունվեց որոշում ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման վարչությանը՝ ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման, համապատասխանության հավաստման բնագավառներում պետական կառավարում իրականացնող լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին։

Կառավարության հավանությանն արժանացավ «1999 թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքում տեղի ունեցած ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող եւ նրանց ընտանիքների օժանդակության միջոցառումների մասին» նախագահի հրամանագրի համաձայն՝ զոհվածների այրիների եւ անչափահաս երեխաների, ինչպես նաեւ նրանց խնամքի տակ գտնված ընտանիքի մյուս անդամների համար ամենամսյա լրացուցիչ դրամական օժանդակության տրամադրման կարգը։

Կառավարությունն ընդունեց որոշում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամների ընտրությունների անցկացման մասին։ Հանրապետության սոցիալական ոլորտի հետագա բարելավման, ինչպես նաեւ «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ» երկրորդ վարկային ծրագիրն իրականացնելու նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվեց Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ, հաստատվեց նրա կանոնադրությունը եւ հոգաբարձուների խորհրդի կազմը։

Փոփոխություն կատարելով «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող եւ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» որոշման մեջ՝ հին դրոշմանիշերի օգտագործման ժամկետը տեղական արտադրության ապրանքների իրացման համար ապրիլի 1-ից հետաձգվեց մինչեւ մայիսի 1-ը, իսկ ներմուծվող ապրանքների իրացման համար՝ հուլիսի 1-ից մինչեւ օգոստոսի 1-ը։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031