Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԻՐԻՆ ՄԵՋ

Մարտ 24,2000 00:00

Երեկ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում արծարծված թեմաներից առանձնացնենք մի քանի հիմնականները։

Ահաբեկչություն ԼՂՀ-ում

Բնականաբար, բոլորը տարբեր որակումներով խստորեն դատապարտում էին կատարվածը։ Բոլորն արձանագրում էին, թե մեր երկրում ահաբեկչությունները դարձել են սովորական երեւույթ։ Իրադարձությանը պատշաճող կաղապարային ձեւակերպումներից դուրս էր միայն «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ներկայացուցիչների խոսքը, ուստի նրանց կմեջբերենք առավել հանգամանալից։ Հրանտ Խաչատրյանի գնահատականն էր, թե Հայաստանի իշխանավորների աններդաշնակ գործողությունների ու վերնախավային խարդավանքների արդյունքում առաջացած լարումից այս էլ որերորդ անգամ օգտվում է երրորդ կողմը։ Լրագրողները փորձեցին հստակեցնել, թե ում նկատի ունի՝ էլի՞ նախկին իշխանություններին։ Բայց ի տարբերություն Արտաշես Գեղամյանի, որը նախապես «Ազատություն» ռ/կ-ով հայտարարել էր, թե ապակայունացումը ձեռնտու է «հավանաբար այն տարրերին, որոնք լուրջ խնդիրներ ունեն քրեական, քաղաքացիական օրենսգրքերի հետ», Հրանտ Խաչատրյանը հայացքը դարձյալ չնետեց «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի գործիչների սիրած կողմը։ Եվ հարցին ի պատասխան նշեց, թե նկատի ունի մեր Հայրենիքի եւ ժողովրդի թշնամիներին։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Լոքյանն էլ էր հակված կարծել, որ կատարվածն արտաքին ուժերի ծրագրավորած ներգործության արդյունք է, որի նպատակը՝ «Հայաստանի Հանրապետությունն ու Արցախն ապակայունացնելն է»։ Սակայն տեղին չհամարեց շահագրգիռ պետությունների անուններ տալը։

«Առավոտի» հարցին պատասխանելով «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի գործիչները նաեւ իրենց տեսակետը հայտնեցին, թե արդյոք Բաբայանները կարող էին առնչություն ունենալ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձին։ Մեջբերենք Համլետ Հարությունյանի գնահատականները, որը չթաքցրեց, թե տեւական ժամանակ բավական մտերիմ է եղել ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատարի հետ. «Չեմ հավատում, որ Սամվել Բաբայանը կարող է, լինելով Ղարաբաղի ազգային հերոս, լինելով մի մարդ, որի հրամանատարությամբ մեր բանակը հաղթանակ է տարել թշնամու դեմ՝ կատարի կամ մտքով անցկացնի այսպիսի քայլ»։ Համլետ Հարությունյանը ազատագրական պայքարից Սամվել Բաբայանին դուրս մղելու գործընթացի շրջանակներում դիտեց նրա անունը որպես ահաբեկչության կազմակերպիչ շրջանառելը։ «Սամվել Բաբայանը բազմաթիվ հնարավորություններ ուներ Ղարաբաղը թողնելու, բավական հրապուրիչ առաջարկություններ են եղել։ Բայց նա այնտեղից ոչ մի տեղ չի մեկնելու, քննությունից երբեք չի թաքնվելու»,- ասաց պրն Հարությունյանը։

Դավիթ Լոքյանն էլ կարծիք հայտնեց, թե ահաբեկչությունը կազմակերպելը Սամվել Բաբայանին վերագրելու վարկածն իրական չէ։

Եվ միակը «Կայունություն» խմբի քարտուղար Կարեն Կարապետյանն էր, որ չբացառեց այս վարկածը։ Ինչպես նաեւ չբացառեց, որ սա կարող է Սամվել Բաբայանի նկատմամբ սադրանք լինել։ Եվ ընդհանրապես, որեւէ ներքին կամ արտաքին ուժի առնչվող վարկած չբացառեց։

Հայկոմկուսի խմբակցության ղեկավար Հրանտ Ոսկանյանի եզրահանգումն էր այս ամենից, թե եւս մեկ անգամ ապացուցվեց, որ անվտանգության մեր համակարգում լուրջ թերություններ կան։

Էներգետիկ խնդիրներ

Թվում էր, թե նախորդ օրվա բուռն քննարկումներից հետո պատգամավորներն այս առումով հավելելու որեւէ բան չպիտի ունենային։ Սակայն ճեպազրույցներում ծավալուն անդրադարձի տեղիք տվեց մասնավորապես էներգետիկ հանձնաժողովի միջանկյալ հաղորդումը։ Արշակ Սադոյանը վստահ էր, թե դատախազությունը հրապարակված փաստերի առնչությամբ պիտի քայլեր ձեռնարկի՝ «եթե չի ցանկանում դիտորդի կարգավիճակում լինել»։

«Առավոտին» հետաքրքրում էր, թե ինչպես են արձագանքել այն գործիչները, որոնց անունները յուրացումների կամ չարաշահումների առնչությամբ տվել էր Դավիթ Լոքյանը։ Վերջինիս պատասխանից ակնհայտ դարձավ, թե նրանց համար սա չպիտի անակնկալ լիներ. «Բացառությամբ 1-2-ի, որոնք հանրապետությունում չեն կամ չենք կարողացել նրանց հետ հանդիպել, մնացածների հետ հանձնաժողովը մշտապես հանդիպում էր, եւ այն հարցերի շրջանակը, որի մասին խոսվել է, ինչ-որ չափով նրանք ընդունել են, որ այդպիսի բաներ տեղի ունեցել են համակարգում»։

Ծխախոտի հարկադրույքներ

Այն խմբակցությունները, որոնց քվեարկության արդյունքում այս եռօրյայում տապալվեց «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» օրինագիծը, իրենց դիրքորոշումը պատճառաբանող փաստարկներ էին մեջբերում։ Արթուր Բաղդասարյանը մասնավորապես վրդովված էր, թե ինչու կառավարությունը միայն մարտի 22-ին բերեց այս օրինագիծը, եթե մտահոգ էին, որ ապրիլի 1-ին ծխախոտի գները կթանկանան. «Պետք էր ժամանակին մտածել, ժամանակին ներկայացնել» (Համլետ Հարությունյանը սա անվանեց օրենքի ձեւով ներկայացված պետական շանտաժ)։ Կառավարության փաստաբանը չենք բնավ, բայց այս օրենսդրական նախաձեռնությունը տապալվել էր դեռ մարտի 6-ի նիստում՝ այն ժամանակ էլ քվորումի բացակայության պատճառով։

Փաստարկների հաջորդ խումբը վերաբերում էր նրան, թե այս օրենքը չի համապատասխանում տեղական արտադրողի (եզակին շեշտում էր Հրանտ Խաչատրյանը) շահերին։ Սակայն նաեւ չքմեղանում էին, թե օրենքը չընդունվեց ո՛չ նույն տեղական արտադրողի լոբբինգի շնորհիվ։ Չնայած ակնհայտ է, որ այս դեպքում գործ ունենք անգամ երկկողմանի՝ ե՛ւ արտադրողի, ե՛ւ ներմուծողի լոբբինգի հետ։ «Մի որոշումով մեկին լավություն են անում, մյուսը վատ վիճակի մեջ է ընկնում։ Այնպես պետք է լինի, որ բոլորի շահերը պաշտպանվեն տվյալ որոշումով»,- «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի ներկայացուցիչ Ալեքսան Կարապետյանի այս պնդման առնչությամբ նկատենք, թե դժվար լինի մի օրինագիծ, որը հավասարապես կբավարարի ե՛ւ ներմուծողներին, ե՛ւ արտադրողներին։ Թերեւս տվյալ դեպքում պիտի կողմնորոշիչ լինի, թե տվյալ օրինագիծը որքանով է շահեկան սպառողների համար։

«Միասնություն» դաշինքի ներկայացուցիչ Գագիկ Մինասյանը վստահ էր, թե այս նախագիծը տնտեսական հիմնավորումների առումով անխոցելի է եւ հակափաստարկները կարող են միայն քաղաքական լինել։ Այնուամենայնիվ, անգամ օրենքը տապալած պատգամավորներն էին պնդում, թե որեւէ մեկը կողմնակից չէ, որ ծխախոտի գները բարձրանան։ Շատերը պատրաստակամություն էին հայտնում «կողմ» քվեարկել այսօր, երբ արտահերթ նիստում նորից կքննարկվի այս հարցը։ Սա էլ փոքր-ինչ վերագրենք լրատվամիջոցների լոբբինգի ներգործությանը։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031