Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մարտ 24,2000 00:00
Arkadi GHukasyan

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին տեղափոխել են Երեւան, նա բուժվում է Միքայելյանի անվան վիրաբուժական կենտրոնում։ Այս մասին «Ազատություն» ռ/կ-ը շատ մանրամասն տեղեկություն է հաղորդում։ Ստեփանակերտում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո Արկադի Ղուկասյանին եւ նրա թիկնապահ Սամվել Գաբրիելյանին մարտի 22-ի երեկոյան տեղափոխել են Երեւան։ Վիրահատությունը կատարել են գիշերը ժամը 24.00-ին։

Երեկ վիրաբուժական կենտրոնի տնօրենը եւ վիրահատությունը կատարող բժիշկները մանրամասն ինֆորմացիա են տվել հիվանդների առողջական վիճակի մասին, նույնիսկ հնարավորություն են ընձեռել դիտելու վիրահատության տեսագրությունը։ Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Անդրանիկ Քալաջյանի վկայությամբ. «Հիվանդները ծանր, բայց կայուն առողջական վիճակում են»։ Մեկ փամփուշտով վնասվել են ԼՂՀ նախագահի երկու ոտքի սրունքները, մինչեւ վիրահատելը նախագահին օգնություն է ցույց տրվել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, կատարվել է միկրոսկոպիկ վիրահատություն, վերականգնվել են փշրված ոսկորները։ Հինգժամյա փայլուն վիրահատությունից հետո հիվանդի ուժերը շատ արագ վերականգնվել են. «Հիվանդի վիճակն այժմ բավարար է» եւ այսօր, հավանաբար, նրան կտեղափոխեն հիվանդասենյակ։ Արկադի Ղուկասյանի եղբայր Արեգ Ղուկասյանը, որը Երեւանի Աղի կոմբինատի տնօրենն է, չի ցանկացել մեկնաբանել եղբոր դեմ կատարված մահափորձը. «Ես ոչ մի հարցի չեմ կարող պատասխանել»։ «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հարցին՝ նախագահը կրակողներից որեւէ մեկին նկատե՞լ է, Արեգ Ղուկասյանը պատասխանել է. «Ինքը չի նկատել, մութ է եղել»։ Դրդապատճառների մասին հարցերին կրկին ժլատ պատասխաններ են տրվել. «Չենք խոսել այդ մասին, դժվարանում եմ ասել»։

Բժիշկների հավաստմամբ, Արկադի Ղուկասյանի առողջական եւ ֆիզիկական վիճակը կվերականգնվի 2-3 ամսից, հնարավոր է եւ ավելի շուտ, «քանի որ նա ֆիզիկապես շատ ամուր է»։ ԼՂՀ նախագահի թիկնապահ Սամվել Գաբրիելյանը վիրավորվել է երեք գնդակից։ Չորսուկես ժամ տեւած վիրահատությանը մասնակցել է մասնագիտացված երեք բժշկական խումբ։ Թիկնապահի վիճակը նույնպես լավ է։ Մասնագետների հավաստմամբ վիրավորներին հաշմանդամություն չի սպառնում։ ԼՂՀ նախագահի վարորդ Սերգեյ Սարգսյանի վիճակը, բժշկի հավաստմամբ, ծանր է եւ կայուն։ Վիճակն այնքան ծանր է, որ նրան հնարավոր չէր Երեւան տեղափոխել։ Սերգեյ Սարգսյանը վիրավորվել էր կրծքավանդակից։ Հիվանդին բարձր մասնագիտական օգնություն ցույց տալու համար Երեւանից վիրաբուժական խումբ է մեկնել Ստեփանակերտ։

Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031