Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԵԹԵ ԴԱՆԻՈ ԹԱԳՈՒՀԻ

Մարտ 24,2000 00:00
tagavor

Կամաց-կամաց լարված իրավիճակի իմունիտետ ենք ձեռք բերում եւ չենք զարմանում։ Կյանքը սովորական մարդավայել հունից դուրս է եկել ու, եթե մի օր փողոցով քայլելիս գետինը բացվի ու գետնի տակն անցնենք, դարձյալ չենք զարմանա։ Էքստրեմիստ ազգ ենք, ամեն ինչի մեջ ծայրահեղության ենք ձգտում, նույնիսկ անտարբերության մեջ փորձում ենք ոչ թե սովորական անտարբեր լինել, այլ՝ գերանտարբեր։

Հոկտեմբերի 27-ից դեռ մի քանի ամիս է անցել ու դեռ չի հասցրել նոր խոտ աճել զոհերի շիրիմներին, իսկ մենք մեզ Դանիո թագուհու պես ենք պահում։ Մինչդեռ կրակոցները դեռ չեն լռել եւ կրկին լսվում են Արցախում։ Դեռեւս այս տարվա հունվարին Վազգեն Մանուկյանը հետաքրքիր զուգահեռ էր անցկացրել, որին, թերեւս, ժամանակին ուշադրություն չէինք դարձրել. «Այն, ինչ կատարվում է Ղարաբաղում, շատ վատ է։ Առանց այդ էլ Հայաստանը ծանր վիճակում է, դրան զուգահեռ՝ այն պրոցեսները, որ կատարվում են Ղարաբաղում, էապես վնասում են մեր պետությանը։ Չեմ ուզում մեկնաբանել՝ ով է ճիշտ, ով է սխալ, միայն մի բան կարող եմ ասել՝ ժամանակը չէր։ Եվ այն հիվանդությունները, որոնք կան Ղարաբաղում, դրանց արմատը Հայաստանն է։ Մինչեւ Հայաստանում հիվանդությունը չբուժվի, ցանկացած փորձ՝ այն Ղարաբաղում բուժելու, ոչ մի բանի չի բերելու»։

Այդպես էլ եղավ, ու բոլոր նորմալ մարդկանց մեջ այս կրակոցներն առաջին հերթին ամոթի զգացում են ծնում։ Ինչո՞վ են հիշելու Հայաստանը եւ հայերին։ Երեւի որեւէ աբորիգեն իր որդու հարցին, թե ո՞վ է հայը, կասի՝ «Հայը նա է, ով կրակում է ինքն իր վրա»։

Երեկ չդարձանք այսպիսին, որքան մեզ հիշում ենք, սա ենք եղել՝ Սամվելի կերպարը՝ որպես խարան։ Հայ ժողովրդի պատմության դասագրքերը որքան էլ սրբագրենք, անօգուտ է՝ ունենք այն, ինչ ունենք։ Պատերազմը մեր դրսի թշնամու հետ կարծես թե ավարտվել է, բայց մեր ներսի թշնամու հետ կռիվը կարծես հավերժական է դարձել։ Մեզ ո՞նց էին դաստիարակում՝ քարի մեջ արյուն կա, ասում էին, որ մենք իրար քարով չխփենք։ Բայց մենք խփում էինք։ Խփում էինք ու, երբ արյուն էինք տեսնում, չէինք էլ կասկածում, որ արյունը ոչ թե քարի, այլ՝ մեր մեջ է։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031