Ս/թ. մարտի 22-ին ժամը 00։50 րոպեին Ստեփանակերտում, նախագահական նստավայրի մոտակայքում, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի վրա կատարվել է մահափորձ, ինչի հետեւանքով նախագահը ծանր վիրավորվել է, սակայն նրա կյանքին, բժիշկների հավաստմամբ, վտանգ չի սպառնում։
Ահաբեկչական գործողության հետեւանքով ծանր վիրավորվել են նաեւ նախագահի թիկնապահներ Սերգեյ Սարգսյանը եւ Սամվել Գաբրիելյանը։ Այս առիթով ԼՂՀ ԱԺ-ն եւ կառավարությունը հանդես են եկել հայտարարությամբ, որոնցում մասնավորապես ասվում է. «Խստորեն դատապարտում ենք ահաբեկչական այս աննախադեպ գործողությունը եւ այն գնահատում որպես ԼՂՀ պետականության նկատմամբ հանցավոր ոտնձգություն։ ԼՂՀ իշխանություններն ու ժողովուրդը չեն կասկածում, որ հանրապետության նախագահի՝ քաղաքական բարեփոխումների իրականացմանը, երկրում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձեւավորմանն ուղղված նոր կուրսը հարուցել է անօրինականությունների վրա հիմնված եւ հանցագործ միջոցներով առաջնորդվող շրջանակների կատաղի հակազդեցությունը։
Մեր պետության համար այս ոչ դյուրին պահին, ԼՂՀ կառավարությունը վստահեցնում է, որ աններելի այս հանցագործության բոլոր հրահրողներն ու իրագործողները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ եւ երկիրը վերջապես կձերբազատվի ամենաթողության չարիքից։ ԼՂՀ կառավարությունը տեղեկացնում է, որ իրավիճակը հանրապետությունում լիովին վերահսկվում է, եւ իրավապահ մարմինները անում են ամեն ինչ՝ հրեշավոր հանցագործությունը բացահայտելու համար»։ Ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի լրատվության, Ստեփանակերտում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր հանդես է եկել հայտարարությամբ: Նրանում մասնավորապես ասված է. «Լիահույս եմ, որ ահաբեկչության համար պատասխանատուները կբացահայտվեն հնարավորինս արագ եւ դատարանի առջեւ կանգնելով պատասխան կտան օրենքի ամենայն խստությամբ: Դրանում Հայաստանի Հանրապետությունը ԼՂՀ իշխանություններին կցուցաբերի լիակատար աջակցություն»:
Դեպքից անմիջապես հետո փակվել են ԼՂՀ-ից դուրս եկող բոլոր ճանապարհները։ Մինչեւ օրվա առաջին կեսը Արցախում ձերբակալվել է 16 մարդ։ Ձերբակալվածների մեջ առաջինը հիշատակվում էր Սամվել Բաբայանի անունը, սակայն Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում Սամվել Բաբայանի ձերբակալման մասին մեր հարցին պատասխանեցին. «Մենք դա ոչ ժխտում ենք, ոչ հաստատում»։ Հետո լուր տարածվեց, որ ձերբակալվածների թիվը հասել է 40-ի։ Ավելի ուշ «Ազատություն» ռ/կ-ը հաստատեց, որ ձերբակալվածների թվում են Բաբայան եղբայրները։ Երեկվա օրն անձրեւոտ էր, եթե հիշում եք, եւ հարմար եղանակ չէր թռիչքի համար։
Կարդացեք նաև
ԼՂՀ ներկայացուցչությունում մեզ հայտնեցին, որ հարմար եղանակի են սպասում, որպեսզի ուղղաթիռով Երեւան տեղափոխեն առավել ծանր վիրավորված թիկնապահ-վարորդ Սերգեյ Սարգսյանին։ Օրվա մինչեւ առաջին կեսը ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին Երեւան տեղափոխելու մասին ոչ ոք չէր խոսում։ Ասվում էր՝ ոտքերի վիրահատությունը հաջող է անցել (վնասվել էին ոտքերը՝ ծնկից ներքեւ), եւ կյանքին վտանգ չի սպառնում։ Երեկոյան արդեն հաստատվեց, որ ԼՂՀ նախագահը եւս Երեւան է տեղափոխվել։ ՀՀ երկրապահամերձ շրջաններից այս տեղափոխությունը բացատրեցին նրանով, որ Արկադի Ղուկասյանին, հնարավոր է, դեռ վտանգ է սպառնում։ Հարեւան ադրբեջանցիներից մեկի ասելով՝ ահաբեկչությունը հայերի համար քաղաքական հարցեր լուծելու «խայսաթ» է դարձել։ Առայժմ ճիշտ չէ ենթադրություններ անել, բայց կարծես թե հոկտեմբերի 27-ի սցենարը ամբողջական չէր։ Երեկվա եւ մինչեւ այժմ եղած կրակոցների մեջ մեկ ընդհանուր գիծ է ուրվագծվում, որում եւս հեռուն գնալու միտում է զգացվում։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ